ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

+103º ԸՍՏ ՖԱՐԵՆՀԱՅԹԻ, ԿԱՄ ԵՐԲ ՀԱԼՎՈՒՄ ԵՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ

26.07.2017 21:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
+103º ԸՍՏ ՖԱՐԵՆՀԱՅԹԻ, ԿԱՄ ԵՐԲ ՀԱԼՎՈՒՄ ԵՆ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ

 Մեծն ֆանտաստ Ռեյ Բրեդμերին, երբ իր հռչակավոր վեպը կոչում էր «+451º ըստ Ֆարենհայթի», նկատի ուներ գրքերի թղթի բոցավառման ջերմաստիճանը: Այժմ օդի ջերմաստիճանը Երեւանում +103º ըստ Ֆարենհայթի է, ինչը կոչում ենք անտանելի շոգ: Բայց երբ մարդու մարմնի ջերմաստիճանը հասնում է այդ ցուցանիշին` մարդը սկսում է զառանցել: Իսկ հիմա լրատվական դաշտում ինչն է շատ` դա զառանցանքն է:

ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ ԳՐՈՒՄ ԵՆ «ԽԶՄԱԼԵՐԵՆ»

Տխրահռչակ Տիգրան Խզմալյանը, որը հայտնի է ինչպես ադրբեջանական կայքերին կամավորագրվելով, այնպես էլ հիվանդագին ռուսատյացությամբ, վերջերս մի գլուխգործոց էր հայտնագործել: Նա գրել էր, որ եթե «Ռոսիա» բառը կարդանք թարս, ապա կստացվի «այսոր», այսինքն` ասորի, հետեւաբար` ի դեմս Ռուսաստանի, գործ ունենք մեր վաղեմի ախոյան Ասորիքի հետ, որը վերամարմնավորվել է որպես Ռուսաստան: Ֆեյսբուք սոցիալական ցանցում այդ ցնդաբանությունը դարձավ զվարճանքի առարկա, մարդիկ սկսեցին իրար գրել բառերը շրջելով, դա կոչելով խզմալերեն լեզու:

Բայց կատակը կատակ, քիչ չեն այն քարոզիչներն ու քարոզչամիջոցները, որոնց արտադրանքը, բառիս բուն իմաստով, խզմալերեն է: Այսպես, այդ հիվանդությամբ տառապում է Lragir.am կայքը, որի գլխավոր խմբագիրը ստացել է «Հայկազ, բեզ ատկազ» մականունը, քանզի պատրաստ է տպել ցանկացած բան, միայն թե մեջը «քյար» լինի: Կուզեն ռուսներին սարքել հրեշ` միշտ պատրաստ, եթե հանկարծ Մոսկվայից բարի աչքով նայել կայքին` կարելի է ամերիկացիներին սարքել մարդկության թշնամի եւ «մեծ սատանա»: Բայց առայժմ այդտեղ բավականին շատ է խզմալերենը` թունդ հակառուսական ոճը, որի ռահվիրաներից մեկը` Իգոր Մուրադյանը, արդեն խզմալերեն էր խոսում նույնիսկ մինչեւ Խզմալյանի խզմալվելը: Դե, կներեք արտահայտության համար, սույն կայքային տարածքում Սաքունց էլ կա, ու այլ նման կերպարանքներ:

Հիմա էլ հարձակվել են ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի վրա, այն բանի համար, որ ասել է հետեւյալը. «Թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն չունեն այլընտրանք: Ես մեկ անգամ ուզում եմ կրկնել` մենք ՀԱՊԿ-ի էլ, ԵԱՏՄ-ի էլ, Ռուսաստանի հետ էլ դաշնակցային հարաբերություններն էլ իրականացնում ենք ոչ թե ռուսին, բելառուսին, ղազախին կամ ղրղզին դուր գալու համար, այլ սպասարկելով մեր պետական շահը: Առանց պաթոսի եւ ավելորդ զգացմունքների, թող չոր հաշվարկներ դնեն: Եթե մենք նեղացանք, ասացինք` դե որ դուք Ադրբեջանին զենք եք վաճառում, դուռը շրխկացնում ենք եւ մենք ձեզ հետ հարաբերությունները խզում ենք, բա հետո՞, բա այդ վակուումը ով է լցնելու, մեզ զենք տալու: Չկան այսօր իդեալական միություններ եւ իդեալական դաշնակցային հարաբերություններ էլ չկան»: Քիչ է մնում մարդուն հանցագործ հանեն, մինչդեռ նա ներկայացրել է այն, ինչ հնչել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հարցազրույցում: «Հայկազ բեզ ատկազի» համարձակությունը, երեւի թե, հիմնականում պատեց ՀՀԿ մամլո խոսնակի վրա, հեռուն գնացող եզրակացություններով, իբր ՀՀԿ-ն այնքան իշխանատենչ է, որ... Դե, մարդիկ սովոր են այլոց չափել սեփական արշինով:

Այդ կայքը բերեցինք սոսկ որպես օրինակ, մինչդեռ այդպիսիք բազմաթիվ են: Աղբանոցներից պատրաստ են պեղել այնպիսի կերպարների, որոնց Կրեմլի դռնապանին իսկ չեն թողնում մոտենալ, վերջիններիս զառանցանքը ներկայացնում որպես Կրեմլի կարծիք, միայն թե հայ հանրությանը տրամադրեն ռազմավարական դաշնակցի դեմ: Կարող են նաեւ մեր հայ գործիչների հարցազրույցներին դնել բովանդակության հետ կապ չունեցող վերնագիր, միայն թե հակառուսական տպավորություն թողնի:

Կամ կատարյալ կուրիոզ` լուրջ հեռուստաընկերությունը ներկայացնող թղթակցուհին հանկարծ կատաղորեն ՀՀԿ խմբակցության պատգամավորից պոկ չի գալիս, թե ինչու է կողմնակից գոմիկների մասին ֆիլմի ցուցադրման արգելքին, չէ՞ որ դա ազատության ահավոր խախտում է: Մի ասող լինի` եթե այդքան սիրում ես ԼԳԲՏ-ներին, ով է ձեռքիցդ բռնել, որ այդ ֆիլմը գտնես եւ նայես համացանցում: Բայց չէ, սրտները մեծ էկրան է ուզում:

ԿԻՍԱԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անշուշտ, այդ խզմալերեն զառանցանքները ոչ այլ ինչ են, քան տեղեկատվական պատերազմի մի մաս: Ի՞նչ է նշանակում այս կամ այն տերության դեմ թշնամություն ներարկելը: Մեր արտաքին թշնամին ընդամենը մեկն է` թուրքը, իսկ տերությունների հետ ոչ թե «սիրում եմ-ատում եմ» մանկամիտ խաղը խաղալ, այլ` աշխատել, հարաբերություններ կառուցել: Մեկը ռազմավարական դաշնակից է, երկրորդը` պարզապես դաշնակից, երրորդը` գործընկեր... Բոլորի հետ էլ փոխշահավետ ձեւաչափեր կան: Բայց, միեւնույնն է, այդ անմտությունը (այսինքն` անմտություն է սովորական ողջամիտ մարդու տեսակետից) շարունակվում է:

ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին հերոսացնողների` աղանդավորական ֆանատիզմին հասնող մոլուցքին, հիմա էլ ավելացավ հիսթերիան, թե` եկեք խռովենք ռուսներից եւ դուռը շրխկացնելով` դուրս գանք ԵԱՏՄ-ից: Դրա առաջարկողն էլ ոչ թե խզմալախոս փողոցային ընդդիմադիրն է, այլ` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Դե, իրեն սպառած Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունն էլ առաջարկում է` քանի որ նախնական զրիցներ կան` ամերիկացիների ու եվրոպացիների հետ այլընտրանքային էներգետիկ խոշոր ներդրումների մասին, եկեք ռուսների հետ խզենք գործող գազային պայմանագիրը: Պոչից էլ, շոգից հալվող ուղեղներով մի ինչ-որ քարոզիչ հերթական գրողուցավ.am-ի էջերից արդեն բարձրաձայն երազում է, որ «Ելքն» ու Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը այդ հողի վրա միանան, պայքարեն «հյուսիսային թշնամու» դեմ:

Ի՞նչ ասես... Ոմանք տարիներով հա ճչում էին, թե Սերժ Սարգսյանը «էսօր-էգուց» մեր հողերը կհանձնի, ճչացողների մազերը ճերմակեցին, բայց հող հանձնող չեղավ, հիմա էլ նոր զառանցանքներ են մոգոնել: Առողջ դատող, պետականության շահերի դիրքերի վրա կանգնած ցանկացած քաղաքական գործչին` լինի իշխանական, թե ընդդիմադիր, անպայման մի անհեթեթ պիտակ կկպցնեն: Եթե իշխող կոալիցիայից ես, անպայման քեզ կանվանեն «պուտինյան կայսրության սայլին կցված», եթե ընդդիմադիր ես` անպայման կասեն, որ Բաղրամյան 26-ի հաճախորդ ես, եթե ոչ առաջինն ասեն, ոչ երկրորդը, ապա մուննաթ կգան` ինչու գլխարկ չես դնում...

Անշուշտ, այդ պիտակավորումները էապես բան չեն փոխում: Հանրությունը բավականին դիմացկուն է քարոզչության նկատմամբ, ապրիլյան պատերազմի օրերն էլ, բոլոր նրանց, ովքեր համակարգչով կամ հեռախոսով համացանց են մտնում, գործնական փորձ տվեց, թե ինչ է տեղեկատվական-հոգեբանական պատերազմը եւ ինչպես դրան դիմագրավել:

Իսկ հիմա էլ, երբ Սերժ Սարգսյանը մատնանշեց, որ խորհրդարանական կառավարմանն անցնելու կապակցությամբ մեր երկրում իշխանությունը կորցնում է իր անձնակենտրոն բնույթը, ե՛ւ դրսի պատվիրատուները, ե՛ւ ներսի խառնակիչները ցնցումների մեջ են ընկնում, քանզի չգիտեն, թե ինչպես ցնցեն նորացված համակարգը եւ հասնեն իրենց նպատակին, կամ հագուրդ տան սիրտն այրող եւ ուղեղը գերտաքացնող «աբիժնիկական» կրքերին:

Ինչպես կասեր չինացին` դա էլ կանցնի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА