ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.07.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Քաղաքական կյանքը մեր երկրում ձանձրալի կլիներ, եթե չունենայինք այնպիսի զարմանահրաշ գործիչ, ինչպիսին է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Ահա նրա նախաձեռնությամբ հայտարարություն է տարածվում: Այդ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ` Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ»: Իսկ այնուհետ «ժառանգականները» գալիս են զարմանալի եզրակացության. «Հայաստանի Հանրապետությունը պետք է չեղյալ հայտարարի 2013 թվականին կնքած հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը: Իրավական եւ գործնական բոլոր քայլերն իրականացնի էներգետիկայի եւ մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու ու պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար»: Դա այն դեպքն է, երբ ժողովրդի խոսքով ասած, «նաղդը թողած, նիսյայի հետեւից են ընկած»: Ախր, բազմամիլիարդանոց ներդրումների մասին ընդամենը մի մարդ է կեսբերան արտահայտվել` ԱՄՆ դեսպանը, իսկ րաֆֆիենք առաջարկում ենք եղած էներգետիկ պայմանանգրերը խզել, եւ ամբողջ հույսը կապել դեռ նույնիսկ ռեալ չխոստացված միլիարդների հետ:
Մի զարմանալի քրեական գործ է քննում ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը, որը վերաբերում է թշնամու կողմից ՉԻՆԱՐԻ գյուղի գնդակոծմանը. «2017թ. հուլիսի 20-ին` ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ` թիրախավորելով  խաղաղ բնակիչներին: Մասնավորապես` կրակոցներ են արձակվել Չինարի գյուղի գերեզմանատանը գտնվող անչափահասի` 2000թ. ծնված  բնակչի ուղղությամբ, ով հակառակորդի գնդակներից պաշտպանվելու համար  թաքնվել է քարի հետեւում եւ  շուրջ 2 ժամ մնացել այնտեղ: Տեւական ժամանակ գնդակոծության է ենթարկվել գյուղը, որի հետեւանքով  ոչնչացվել եւ վնասվել են գյուղի մանկապարտեզը, գյուղացիների տները, գույքը, խոտի հակերը: Նախնական տվյալներով`  պատճառված վնասը կազմում է ավելի քան 12 մլն դրամ»: Այստեղ, անշուշտ, դրվատելի է, որ գյուղի բնակիչ պատանին շատ լավ իմացել է, թե ինչպես փրկվի թշնամու դիպուկահարից, բայց, անշուշտ, հռետորական հարց է առաջանում` ե՞րբ վերջապես թշնամուն այնպիսի ջարդ կտրվի, որ «հիշի հոր հարսանիք»:
Իհարկե, մեր ընթերցողներից յուրաքանչյուրը հիշում է անեկդոտներ ԹՈՒԹԱԿԻ մասին: Սակայն, զարմանալիորեն ԱՄՆ-ում դեպք է եղել, որ շատ է նմանվում  անեկդոտի սյուժեի` թութակի շնորհիվ սպանություն է բացահայտվել: ԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհի Գլենա Դարեմը մեղավոր է ճանաչվել ամուսնու` Մարտինի սպանության գործով: Ինչպես հայտնում է BBC-ն, սպանությունը բացահայտել օգնել է ամուսնական զույգի մոտ ապրող ժակո թութակը, որը հիշել եւ կրկնել է զոհի վերջին խոսքերը: Ինչպես բացահայտել է հետաքննությունը, 2015 թվականի մայիսին 47-ամյա Գլենան ամուսնու ուղղությամբ 5 փամփուշտ է արձակել, որից հետո փորձել է ինքնասպան լինել: Ինչպես բացահայտել է հետաքննությունը, 2015 թվականի մայիսին 47-ամյա Գլենան ամուսնու ուղղությամբ 5 փամփուշտ է արձակել, որից հետո փորձել է ինքնասպան լինել: Եվ պարզվում է, որ հանցագործությունը բացահայտվել է այն պատճառով, քանի որ թութակը մահացածի ձայնով բազմիցս կրկնել է նրա խոսքը` «Մի՛ կրակիր»:
Ժողովրդական խոսք կա` «գինին շառ ա», բայց զարմանալիորեն պարզվում է, ոմանց համար իրական շառ է ՀԱՄԱՑԱՆՑԸ, քանզի մոռանում են անվտանգության տարրական կանոնները եւ սովորական ողջամտությունը: Այսպես, ըստ դատարան ուղարկած քր. գործի. «Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի կոչումով շարքային պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Օդնոկլասսնիկի» էլեկտրոնային կայքէջի միջոցով ծանոթանալով կնոջ հետ եւ խարդախությամբ նրանից խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վերջինիս վստահությունը չարաշահելու նպատակով, շփման ընթացքում ունեցել է պարբերական հեռախոսազրույցներ, որոնց ժամանակ ամուսնանալու սուտ խոստումներ է տվել եւ ստեղծել մտերմիկ հարաբերություններ, ապա հանդիպել է կնոջը եւ բնակարան գնելու ու այն վերջինիս անունով ձեւակերպելու պատրվակով` խաբեությամբ եւ ձեռք բերված վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է 60.000 դրամ եւ ընդհանուր 555.000 դրամ արժողության, 42.33 գրամ քաշով 6 կտոր ոսկյա զարդեր` պատճառելով խոշոր չափերով նյութական վնաս»: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА