ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱ՞Կ

25.07.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱ՞Կ

Այն, որ ինչպես ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի դատավարությունները, այնպես էլ Ժիրայր Սէֆիլյանի եւ այլոց դատերը վերածվում են շոուի, նորություն չէ: Մանավանդ, որ այդ ամենը նաեւ ուղիղ եթերով համացանցով հեռարձակվում է որոշ կայքերով: Թեեւ ռադիկալիզմը շատ ցածր վարկանիշ ունի, ինչի վկայությունն են ինչպես ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները, այնպես էլ հուլիսի 17-ի` զինյալների պաշտպանների երթի եւ զոհված ոստիկաններին հարգանքի տուրք մատուցողների զուտ քանակական համեմատությունը, այնուամենայնիվ, աննպատակ ոչինչ չի լինում: 
ԹԻՐԱԽՈՒՄ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Անշուշտ, հենց այնպես ոչ ոք ջանքեր եւ հետեւապես ֆինանսական միջոցներ չի ներդնի` լուսանցքային խմբի ծամածռությունները այդպիսի քանակով տիրաժավորելու, ինչպես նաեւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ի պաշտպանություն զինյալների, աղմկարար, թեեւ սակավամարդ ցույցեր կազմակերպելու վրա: Թեեւ հանրային կարծիքը զինված խմբին որպես հերոսներ չի ընկալում եւ մերժում է զենքի միջոցով ներքաղաքական հարցեր լուծելը, այնուամենայնիվ, հերոսացման ջանքերը չեն դադարեցվում: Ազգային ժողովում ցերեկը լապտերով գեթ մեկ պատգամավոր չի գտնվի, ով ողջունելի համարի զինված խմբի արածը, իսկ խմբի անդամներին` քաղբանտարկյալ, թեեւ ՊՊԾ գնդի բուն գրավման օրերին ներկայիս ընդդիմադիր պատգամավորներից ոմանք փորձել են խաղալ «ե՛ւ մերոնց, ե՛ւ ձերոնց» հայտնի ճարպկախաղը: 
Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ շրջանակների դա պետք է: Լինեն դրանք դրսի աշխարհաքաղաքական խաղացողներ, թե ներսի օլիգարխիկ խմբեր: Ճիշտ է, ներսինների պարագայում դա կարող է լինել միայն խնամքով քողարկված եւ միջնորդավորված, բայց, այնուամենայնիվ, էությունը չի փոխվում: 
Եվ այսպես, դատավարության ընթացքում արդեն երկրորդ անգամ հնչում են հակասահմանադրական կոչեր: Առաջինը` Վարուժան Ավետիսյանն էր, ով անձամբ էր հանդես եկել զինյալ խռովության կոչով, իսկ երկրորդը` Ժիրայր Սէֆիլյանը, ով կոչ էր արել գրավել այն դատարանը, ուր դատվում են զինյալները, եւ նրանց ազատ արձակել: Եթե փաստաբանի միջոցով հանգիստ հրապարակվում է այդպիսի հակասահմանադրական կոչ, ապա դա արդեն տարակուսելի է... Տարակուսելի է, թե ինչու իրավասու պետական օղակները այդպիսի գործողությունները կտրականապես կասեցնելու քայլեր չեն ձեռնարկում: 
Իսկ հիմա էլ հակասահմանադրական կոչերին ավելացավ եւ ճնշումը մտավորականության նկատմամբ: Որպես զինյալ խմբի մամլո խոսնակ ներկայացող Վարուժան Ավետիսյանը հրապարակել է բաց նամակ Գագիկ Գինոսյանին, ընդ որում` շատ լպիրշ տոնով: Հարկ ենք համարում, հայցելով ընթերցողի ներողամտությունը, դա մեջբերել. «Գինոսյա՛ն, կողմնորոշվի՛ր
Լսել եմ, որ օրեր առաջ Գագիկ Գինոսյանը մի միջոցառման ժամանակ կանգնած է եղել Սերժ Սարգսյանի կողքին եւ դեռ Նժդեհից էլ մեջբերում է կատարել` իրեն բնորոշ պաթետիկ ոճով:
Եթե լսածս համապատասխանում է իրականությանը, ապա Գինոսյանը թող այսուհետեւ ոչ թե Նժդեհից, այլ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎեՉեԿա)` Ադրբեջանի եւ Հայաստանի ստորաբաժանման նախագահ Գեւորգ Աթարբեկովից մեջբերումներ կատարի: Օրինակ, որ հանուն համաշխարհային հեղափոխության (այսօր արդեն բացահայտված տարբերակով` հանուն ռուսական կայսրապետության եւ ռուս-թյուրք գործակցության) կարելի է զոհաբերել Հայաստանը:
Համենայնդեպս, այդպես ավելի ազնիվ կլինի: Քանի որ Լեոնիդ Ազգալդյանից հետո Սերժ Սարգսյանի կողքին կանգնելուն համապատասխանում է Նժդեհի հայրենապաշտ սրի փոխարեն Աթարբեկովի հայրենասպան կացինը գովերգելը»: 
Ուշադրություն դարձրեք, այդպիսի ամբարտավան նամակ գրվում է այն մտավորականին, ում երբեւէ եւ ոչ ոք չի համարձակվել համարել պալատական մտավորական, ով հիմնականում ամեն ինչի մոտենում է ընդդիմադիր շեշտադրումներով, բայց միաժամանակ մշտապես հանդես է գալիս ազգի շահերի եւ պետականամետության դիրքերից: Պատահական չէ այդպիսի բոլշեւիկյան ոճի ընտրությունը: Ըստ էության, դա ամբողջ մտավորականությանն ուղղված բոլշեւիկահհշական վերջնագիր է` կա՛մ մեզ հետ եք, կա՛մ համարվում եք ոչնչացման ենթակա թշնամի: 
Ու դա եւս մեկ անգամ ի ցույց է հանում, թե ինչեր կկատարվեին մեր երկրում, եթե անցյալ տարվա հուլիսին զինյալ խռովությունը ստանար փողոցի բավարար աջակցություն եւ պսակվեր հաջողությամբ: Բազմակարծությանն ու այլակարծությանը հաստատ հրաժեշտ կտայինք, էլ չհաշված մյուս փորձանքները, այդ թվում եւ սեփականության վերաբաժանումը, որը ցանկացած հաջողված հեղափոխության անխուսափելի ուղեկից է: 
ԱԳՐԵՍԻՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ԳՈՒՄԱՐԱԾ ՔԱՅՔԱՅԻՉ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆԵՐ
Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեծ մասի ներկայացուցիչները, լինեն նրանք իշխանական, թե ընդդիմադիր, գերադասում են չխոսել եւ գնահատականներ չտալ զինված խմբի գործողություններին: Մեծամասամբ դա քամահրական մոտեցում է, որը ի ցույց են դնում հաջողակ գործիչները լուսանցքային ուժերի եւ գաղափարների նկատմամբ: Թերեւս, դա մի տեսակ ինքնավստահություն է, թե այլեւս երբեք այդ ծայրահեղականներին ոչինչ չի հաջողվի: Բայց, օրինակ, ժամանակին Ազգային անվտանգության պետական ծառայությունը գլխավորած եւ այժմ ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը հենց այնպես չէր, որ զինված խմբի գործունեությունը որակում էր տեռորիզմ եւ գլխավոր դատախազությունից պահանջում քր. գործը վերաորակավորել հենց ահաբեկչության հոդվածով: Երբեւէ հատուկ ծառայություն գլխավորած մարդուն ակնհայտ է, որ մատների արանքով չի կարելի նայել թեկուզեւ լուսանցքային եւ հանրության կողմից ամբողջովին մերժված, բայց, այնուամենայնիվ, ծայրահեղական մոտեցումներով առաջնորդվող միավորներին: Առավել եւս, եթե հանկարծ «օդից» հայտնվում են միջոցներ` այդ միավորներին քարոզչական օժանդակություն ապահովելու համար: 
Ճիշտ է, հայերը բազմիցս ցույց են տվել, որ շատ էապես կայուն են քարոզչության նկատմամբ, սակայն ամեն օր ուղեղին կաթացնելը կարող է ժամանակի ընթացքում տեղաշարժեր բերել: Իհարկե, ինչպես ցույց տվեց փորձը, երկրի ներսում զանգվածային փողոցային-հեղափոխական շարժումների վրա գումար ծախսելը շատ անարդյունավետ է` «հեղափոխության ռահվիրաների» ծայրահեղ ընչաքաղցության եւ այդ փողերը գրպանելու մոլուցքի պատճառով, սակայն բնակչության մշտական ռմբահարումը` ծայրահեղական հակասահմանադրական քարոզչության, որն էլ ավելի սանձարձակ է դառնում ֆեյսբուքյան փակ խմբերում, կարող է գեներացնել մի քանի տասնյակ ֆանատիկոսների, ովքեր պիտանի կլինեն զենք վերցնելու եւ գրոհային նոր խումբ կազմելու: 
Իսկ ինչո՞ւ որոշ արտաքին խոշոր խաղացողներին եւ, միգուցե, որոշ ներքին` հանցավոր ճանապարհով հարստացածներին պետք է գեներացնել այդպիսի նոր խմբեր, որոնք ի զորու են նոր ներքին ցնցում առաջացնել: Պատճառը, կարծում ենք, շատ պարզ է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին մեծ հարցազրույցում պարզ մատնանշեց, որ Հայաստանում 2018-ին իշխանությունն այլեւս անձնակենտրոն չի լինելու, եւ ամեն ինչ որոշելու է ընտրություններին մեծամասնություն ստացած քաղաքական ուժը: Այսինքն` չի լինելու այն մեկ անձը, որ կարող է երկրի արտաքին կամ ներքին ուղեգիծը կտրուկ փոխել: Իսկ որ Սերժ Սարգսյանին հաջողվել է ապահովել շատ հավասարակշիռ ու Հայաստանի ազգային պետական շահերին միանգամայն համապատասխան ուղեգիծ ձեւավորել, որն արդեն քաղաքական ավանդույթի ուժ է ձեռք բերել, դա փաստ է: Ու 2018-ի կեսերից Հայաստանում լինելու է այնպիսի իրավիճակ, որ ահաբեկչությունն այլեւս ոչ մի խնդիր ի զորու չի լինելու լուծելու, եւ ավելին, որեւէ նեղ խմբին առնելու կամ հավաքագրելու միջոցով երկրի ուղեգծի փոփոխության  խնդիրը լուծելի չի լինելու: Իսկ խորհրդարանական մեծամասնություն վերցրած իշխող կուսակցությունը, իր դաշնակիցներով հանդերձ, ամբողջովին գնելը կամ հավաքագրելը քաղաքական ֆանտաստիկայի ոլորտից է: 
Ու թեեւ այսօր թատերական, զավեշտալի տեսք ունեն ճաղերի ետեւից ծայրահեղական «հրամաններ» արձակող անձինք, նրանց եւ նրանց թաքուն աջակիցների մատների արանքով նայելը, կարծում ենք, անթույլատրելի շռայլություն է: Առավել եւս, որ ցանկացած ներքին լուրջ ցնցում միանգամից կթուլացնի մեր դիմադրողականությունը արտաքին թշնամու ոտնձգությունների նկատմամբ, եւ դա հղի է Արցախի եւ անգամ պետականության կորստով: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА