ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ

21.07.2017 21:00 ԶԱՐԿԵՐԱԿ
Ի՞ՆՉ ԿՏԱ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ


Օրերս Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել Իրանի եւ Հայաստանի քաղաքացիների համար Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագիծը: Ինչպես եւ կանխատեսել էին շատ փորձագետներ, հայ-իրանական հարաբերությունները գնալով խորանում են, եւ մեծանում է երկու երկրների համագործակցության շրջանակը: Ինչ է իրենից ենթադրում Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործումը, այն ինչ կտա ՀՀ քաղաքացիներին: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ.
-  Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագիծը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում մի կողմից` Հայաստանի ճանապարհով Իրանի համար դեպի Սեւ ծով ելք ապահովելուն, մյուս կողմից` Հայաստանի համար Իրանի տարածքով Պարսից ծոց դուրս գալուն: Այսինքն, ըստ էության բարելավում են պայմանները` Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի համար: Օրինագիծը կարեւոր է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանն ու Իրանը Սյունիքում, մասնավորապես` Մեղրիի շրջանում ստեղծել են ազատ տնտեսական գոտի, եւ այս իմաստով սահմանային անցակետի համատեղ օգտագործման հետ կապված ցանկացած դյուրացում միայն ողջունելի է: Ի վերջո, այս ամենը նպաստելու է երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ավելի ամրապնդմանը եւ սերտացմանը: Հաշվի առնենք նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք, փաստացիորեն այդ դարպասը ցամաքային դուռ է, որը Իրանը կապում է ԵՏՄ երկրների հետ, նաեւ Վրաստանի եւ Սեւ ծովի միջոցով՝ Եվրոպական միության երկրների: Այս իմաստով նախագիծը կարեւոր է: Նման փաստաթղթի առկայությունը լրացուցիչ խթան է, որպեսզի մենք կարողանաք օգտագործել մեր ունեցած հնարավորությունները երկու երկրների սահմաններին: Այլ հարց է, թե ինչպես կօգտվենք այդ հնարավորություններից:

ԳԱԱ արեւալագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ.
- Իրանի հետ նման գործողությունները, բնականաբար, ձեռնտու են Հայաստանի համար: Կոնկրետ դեպքում խոսքը Նորդուզ-Մեղրի դարպասի շրջակայքում առեւտրաշրջանառության մասին է: Փոքրիկ շուկա պետք է բացվի, որտեղ Հայաստանից ու Իրանից ապրանքներ պետք է տարվեն ու վաճառվեն, որպեսզի տարածաշրջանի բնակիչները կարողանան առեւտրաշրջանառություն իրականացնել: Սա, իհարկե, շատ կարեւոր է, բայց միայն, եթե կարողանան ճիշտ կազմակերպել գործընթացը: Մի փոքր կասկածում եմ, որովհետեւ սա առաջին նման փորձը չէ: Ժամանակին Մեղրիում նույնպես փոքրիկ շուկա էր հիմնվել, որտեղ Հայաստանի ու Իրանի քաղաքացիները պետք է առեւտուր անեին: Սակայն այն մի քանի անգամ բացվեց-փակվեց, հետո հայտարարվեց, որ այլեւս չի գործում, քանի որ սպասելիքները չեն արդարացվել: Չգիտեմ, այժմ ինչ նոր մեխանիզմներ են կիրառելու, որ այդ ամենը ձեռնտու լինի: Եթե արդեն կան պլանավորված ծրագրեր, որոնց շնորհիվ շուկան կաշխատի, ապա սա միայն ողջունելի է: 

ԵՊՀ կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ  ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ.
- Հայ-իրանական տնտեսական համագործակցության խորացումը՝ միանշանակ մեր տնտեսության համար ունի դրական նշանակություն: Մեր հարեւաններից միայն փաստացի Իրանի ու Վրաստանի հետ կարող ենք տնտեսական հարաբերություններ զարգացնել: Եթե հաշվի առնենք, որ Իրանը ունի որոշակի խնդիրներ` Արեւմուտքի հետ կապված: Իրանին էլ է ձեռնտու Հայաստանի հետ փոխշահավետ հիմունքներով գնալ տնտեսական համագործակցության զարգացման: Այս համատեքստում պետք է դիտարկել այն հայտարարությունները, որ Իրանը շահագրգռված է նաեւ ԵՏՄ-ի հետ համագործակցել, որն առաջին հերթին կարող է իրականացնել Հայաստանի միջոցով: Մեծ հաշվով Իրանի հետ տնտեսական ցանկացած ծրագիր ողջունելի է, այս նոր նախաձեռնությունը եւս համատեղ դրական ծրագրերից մեկն է:
 Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու, ինչ կարծիք ունեն Հայաստանի եւ Իրանի կողմից Նորդուզ-Մեղրի դարպասի համատեղ օգտագործման վերաբերյալ:
1.  Իրանի հետ տնտեսական ցանկացած նոր ծրագիր եւ համագործակցություն Հայաստանի համար ունի միայն դրական ազդեցություն- 69%:
2. Նման նախագծեր շատ են եղել ու ձախողվել: Այս մեկի մասին էլ կխոսվի, եւ վերջ- 16%:
3. Դժվարանում են պատասխանել- 15%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА