ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.07.2017 21:15 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Մեր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ երկու ձեռքով կողմ է, որ անհապաղ վավերացվի «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ, ըստ նրա, համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է տիեզերքը խաղաղ օգտագործել, «չզավթել Լուսինը»: «Ի՞նչ իմանամ, կարող է` օրը գա, հնարավորություն ունենանք… Լուսին մեկնելու»,- ասում է նա: Զարմանալի է, այդ ինչ երազանքների մեջ է ընկել պարոն նախարարը` Լուսին նվաճել: Ախր, շատ ավելի երկրային խնդիր ունենք, եթե նայենք երկարատեւ  հեռանկարով` Հայկական լեռնաշխարհ ունենք վերանվաճելու, ինչ Լուսին:
Վերջերս այլընտրանքային էներգետիկայի բում է սկսվել Հայաստանում: Մի շարք ընկերություններ արեւային էներգիա արտադրելու լիցենզիա են ստացել: Բայց ամենազարմանալին թերեւս այն էր, որ արեւային էլեկտրաէներգիա ստանալու նախագիծ է իրագործում եւ ՄԱՅՐ ԱԹՈՌԸ: Մայր աթոռի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը, հակադարձելով «իրավապաշտպան» Ստեփան Դանիելյանի մեղադրանքներին, թե եկեղեցին երկիրը տանում է միջնադար, նրա աչքը խոթեց այն հանգամանքը, որ եկեղեցու հովանու ներքո մի կողմից` կառուցվում է արեւի հաշվին Մայր աթոռի ամբողջ թաղամասը թաք ջրով ապահովելու համակարգ, մյուս կողմից` կառուցվում է մեկ մեգավատ հզորությամբ արեւային էլեկտրակայան, որը մի ամբողջ գյուղ է ապահովելու էլեկտրականությամբ: Դե ինչ, եթե նույնիսկ հոգեւորականությունն է սկսել զբաղվել արեւային էներգետիկայով, ուրեմն երեւի թե մի բան կստացվի: Ոչ հեռանկարային բանով մեր կրոնի սպասավորները հաստատ չէին զբաղվի:
Զարմանալի, ապշեցուցիչ բան է տեղի ունեցել ԲԱՔՎՈՒՄ: Այնտեղ իրանցի զբոսաշրջիկի հագուստը բողոքի ալիք է բարձրացրել` հայտնում է minval.az կայքը: Միջադեպը տեղի է ունեցել 28 Mall առեւտրի կենտրոնում, որտեղ իրանցին շրջել է «Հայաստան» գրությամբ վերնաշապիկով: Առեւտրի կենտրոնի այցելուների բողոքից հետո տեղի անվտանգության ծառայության աշխատակիցները ստիպել են իրանցուն փոխել վերնաշապիկը: Դե ինչ, զարմանալով հանդերձ, պետք է արձանագրենք, որ այդ իրանցին շատ լավ բախտ ունի: Նրան չսպանեցին, չխոշտանգեցին, չբանտարկեցին, նույնիսկ չծեծեցին, այլ ընդամենը ստիպեցին վերնաշապիկը հանել: Այնպես որ, նա հաստատ մատաղ ունի անելու:
Բոլորին վրդովեցրել է Բաքվում բլոգեր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԻ նկատմամբ կայացրած այլանդակ դատավճիռը: 
Լրագրողների պաշտպանության կոմիտե միջազգային կազմակերպությունը (CPJ) դատապարտել է Ադերբեջանում Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործով կայացված դատավճիռը:«Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտում գտնվի նրա համար, որ այցելել է վիճահարույց տարածաշրջան: Մենք Բաքվի իշխանություններին կոչ ենք անում չվիճարկել լրագրողի բողոքարկումը ու նրան ազատ արձակել առանց որեւէ պայմանների»,- հայտնել է Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում CPJ-ի ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան: Այստեղ զարմանալին այն է, որ ովքեր ասես հանդես են եկել ի պաշտպանություն Լապշինի, բացի Իսրայելից, որի քաղաքացի է նա, բացի ՌԴ քաղաքացի լինելուց: Երեւում է նրա շուրջ կեղտոտ ստվերային առեւտուր է գնում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА