ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՂԵ՞Լ ԵՆ ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21.07.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՂԵ՞Լ ԵՆ ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին ԱՄՆ-ում նոր սկանդալ է զարգանում՝ կապված G20 գագաթաժողովում Պուտին-Թրամփ հանդիպման հետ: Ավելի կոնկրետ՝ մոտ 2.5 ժամ տեւած պաշտոնական հանդիպմանը հաջորդած նախագահների երկրորդ զրույցի շուրջ, որի մասին տեղեկատվություն չէր ներկայացվել: Բայց ահա՝ G20-ից օրեր անց ամերիկյան լրատվամիջոցները խոսեցին այդ մասին...
ԹՐԱՄՓԸ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Այս թեման խոստանում է էլ ավելի սրել ԱՄՆ-ում հակաթրամփյան քարոզարշավը: Բանն այն է, որ հակաթրամփյան պայքարի առաջին դիրքերում գտնվող լրատվամիջոցները, բացի բուն Պուտին-Թրամփ այդ երկրորդ «անլեգալ» հանդիպման փաստից, նաեւ դրա հետ կապված նման մանրամասներ են ներկայացնում: Նախ, որ հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, ինչն ակնարկ է, որ դա բավականին ժամանակ էր ինչ-ինչ պայմանավորվածությունների հասնելու համար: Առավել եւս, որ, ըստ նույն մեղադրանքների, Թրամփն այդ հանդիպմանը մասնակցել է առանց իր թարգմանչի: Չէ՛, չեն մեղադրում, որ հույսը դրել է Պուտինի թարգմանչի վրա. ՌԴ նախագահը բավարար տիրապետում է անգլերենին, այնպես որ նրանք կարող էին առանց միջնորդի էլ զրուցել: Բայց ահա, Թրամփի թարգմանչի դերն ամենեւին էլ չի սահմանափակվում զուտ թարգմանությամբ: Նա նաեւ նախագահական զրույցների մասին արձանագրություններ է կազմում, այդ թվում՝ հատուկ ծառայությունների համար: Այսինքն, եթե Թրամփը, ըստ ամերիկյան աղբյուրների մեղադրանքների, նախընտրել է թարգմանչին «կորցնել» ու ինքնուրույն խոսել Պուտինի հետ, դա հիմք է տվել ենթադրությունների, որ զրույցը նաեւ այնպիսի թեմաների շուրջ էր, որի մասին նախընտրելի էր, որ ԱՄՆ-ում պաշտոնապես, նույնիսկ՝ ոչ պաշտոնապես ոչ մեկը բան չիմանար: Հետեւաբար, խոսել են այնպիսի բաներից, որի համար ԱՄՆ-ում Թրամփին ուղղված լրջագույն մեղադրանքներ կարող էին լինել:
Միգուցե հենց այդպես էլ կա, այսինքն, որ ՌԴ-ի ու ԱՄՆ նախագահներն իրոք G20-ի պաշտոնական ընթրիքի ժամանակ նման գերգաղտնի խոսակցություն են ունեցել եւ ինչ-ինչ պայմանավորվածությունների հասել: Եվ նկատենք, որ Թրամփը չհապաղեց հաստատել բուն հանդիպման փաստը՝ տալով իր մեկնաբանությունները: Բայց դրանք էլ հիշատակված կասկածները չեն փարատում: Թրամփը բացատրում է, թե Պուտինի հետ զրուցելը ոչ թե ծրագրված էր, այլ՝ պատահական: Այսինքն՝ այդ ընթրիքի ծրագիրն այնպես էր կազմվել, որ սեղանի շուրջ, ինչպես հենց այդ պահին էլ խոսվեց, Վլադիմիր Պուտինն ու Մելանիա Թրամփը նստել էին իրար կողք եւ ակտիվ զրույցի բռնվել: Թրամփն էլ բացատրում է, որ պարզապես մոտեցել է կնոջը եւ, բնական է, որ պետք է նաեւ ողջուներ Պուտինին ու փոքրիկ զրույցի բռնվեր: Ըստ Թրամփի՝ զրույցը տեւել է ոչ թե մեկ ժամ, այլ ընդամենը 15 րոպե, ու խոսել են որդեգրման հարցերից եւ այլ մանր բաներից: Եվ ահա ամերիկյան նույն աղբյուրներն էլ հակադարձում են, որ եթե չկա հանդիպման արձանագրություն, ապա դրա տեւողության եւ թեմայի մասին Թրամփի հայտարարությունները հիմք չեն: Բացի այդ, որ նույնիսկ նրա ասած 15 րոպեում կարելի է շատ բան պայմանավորվել:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՐԵՐ ՆԿԱՏԵԼԻ ԵՆ
Կարճ ասած, Թրամփի հասցեին ձեւավորվում է այս մեղադրանքը. պաշտոնական հանդիպման ժամանակ ունեցել են նախնական պայմանավորվածություններ, հետո մի քիչ մտածել եւ երկրորդ՝ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ եկել են գաղտնի համաձայնության: Ընդ որում, ըստ նույն ենթադրությունների, այդ պայմանավորվածություններն ԱՄՆ-ում չէին ընդունվի, հակառակ դեպքում Թրամփը նման գաղտնիության կարիքը չէր ունենա:
Եվ նույնիսկ պայմանավորվածությունների հնարավոր թեմաների մասին ակնարկներ կան: Այդ թվում, որ հիմնականում խոսքը Սիրիայի մասին է, եւ այդ ֆոնին էլ նախատեսված է ռուս-ամերիկյան հետագա պայմանավորվածությունների լայն սպեկտոր:
Իրականում եղել են նման պայմանավորվածություններ. առկա փաստերից ելնելով` դա ոչ հերքել է հնարավոր եւ ոչ էլ հաստատել, ու թերեւս ժամանակը հիմնավորումը կտա: Բայց մյուս կողմից էլ այս օրերին աստիճանաբար սկսում են արձանագրվել փաստեր, որոնք հիմնավորում են, որ ամեն դեպքում Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան բավականին լուրջ գործընթացներ կան: Այդ թվում՝ նախօրեին կիսապաշտոնական տեղեկություն հնչեց, որ արդեն առաջիկա Աստանայի գագաթաժողովում կներկայացնեն սիրիական այն գոտիները, որտեղ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների շրջանակներում գործելու է հրադադարի ռեժիմ: Բացի այդ, երեկ էլ սկսեց խոսվել այն մասին, որ Թրամփը որոշել է փակել Կենտրոնական հետախուզական վարչության կողմից սիրիական, այսպես ասած, չափավոր ընդդիմությանը զենք ու զինամթերք տրամադրելու ծրագիրը, որի մեկնարկը դեռ 2013 թվականին տվել էր Օբաման: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները պնդում են, որ դա նույնպես Թրամփ-Պուտին պայմանավորվածությունների շրջանակներում իրականացվող քայլ է: Ընդ որում, այդ չափավոր ընդդիմություն կոչվածից Վաշինգտոնի կամաց-կամաց հետ քաշվելու մասին փաստեր էլ կան: Սիրիայի հարավում՝ Հորդանան-Իրաքի սահմանին կից բավական պատկառելի գոտու վերահսկողությունը գտնվում է չափավոր ընդդիմություն համարվող «Սիրիական ազատ բանակ» խմբավորման ձեռքին, իսկ դրան կից՝ Հորդանանի տարածքում տեղակայված են ամերիկյան պատկառելի ուժեր: Եվ ահա ընդամենը մեկ-երկու ամիս առաջ այդ ուղղությամբ սիրիական կառավարական ուժերի ակտիվությանը ԱՄՆ-ն քանիցս պատասխանեց իր ուղղակի հարվածներով: Բայց ահա անցած շաբաթվա սկզբներից սկսած սիրիական բանակը նույն հատվածում անցել է մասշտաբային հարձակման, ուր որ է կարող է ողջ այդ հատվածի վերահսկողությունը իր ձեռքը վերցնել, մինչդեռ՝ Վաշինգտոնի ոչ վաղուցվա անհանգստությունը այս անգամ արդեն գրեթե չի նկատվում: 
ԿՓՈԽՎԻ՞ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ
Բայց եթե կան Սիրիայի հետ կապված ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ, ապա ի՞նչ զիջումների է գնացել Մոսկվան: Ի վերջո, նկատենք, որ հիշատակված հիմնական փաստերը ակնարկ են ԱՄՆ-ի զիջումների մասին, որի դիմաց պետք է որ Վաշինգտոնն ինչ-որ բան ստանար: ԱՄՆ-ն շարունակում է հետեւողականորեն աշխատել Իրաքում սեպտեմբերին նախատեսված քրդերի անկախության  հանրաքվեի ուղղությամբ, ու չբացառենք, որ Քուրդիստանի ստեղծումն էլ կարող է լինել Մոսկվայի փոխզիջումը: Ընդ որում, վերջին ժամանակներս ռուսական լրատվական աղբյուրներում եւ վերլուծաբանների մեկնաբանություններում իրաքյան Քուրդիստանի ստեղծման հետ կապված որոշակի դրական տոնայնություն սկսել է նկատվել, թե Ռուսաստանը դեմ չէր լինի Քուրդիստանին, եթե այն սահմանափակվեր միայն Իրաքի որոշակի հատվածում: Նույն մեկնաբանները ակնարկում են, որ քրդերի հետ ՌԴ-ն ունի որոշակի կապեր, այսինքն՝ միանշանակ չէ, որ այն կարող է դառնալ Մերձավոր Արեւելքում ամերիկյան հիմնական ռազմական հենակետը ու սպառնալիք դառնալ հարեւանների, այդ թվում՝ Իրանի համար:
Բայց մյուս կողմից էլ կա նաեւ հակառակի մասին ակնարկող փաստ: Ռուսական «Իզվեստիան» երեկ տեղեկացրեց, որ ռուսները Իրաքի հետ կնքել են զենքի մատակարարման ծավալուն պայմանագիր: Խոսքը նաեւ սիրիական պատերազմում աչքի ընկած T-90 տանկերի մասին է, որի միայն առաջին խմբաքանակով նախատեսվում է մատակարարել 70 մեքենա ու դրան էլ կհաջորդի այլ խմբաքանակները:
Իրաքը մինչ այս էլ հաճախակի է խոսել ռուսների հետ դեռ Սադամի ժամանակներում եղած ռազմական կապերը վերականգնելու մասին: Բայց ահա հատկապես Օբամայի օրոք Վաշինգտոնից մշտապես նման հայտարարությունները ստանում էին կոշտ արձագանք, այդ թվում՝ սպառնալիքների տեսքով, թե նման քայլի դեպքում Բաղդադը լրջագույն խնդիրներ կունենա ԻՊ-ի հետ: Մինչդեռ՝ ներկայումս ԻՊ-ի բնաջնջման հեռանկարը պարզ տեսանելի է, ու երբ կրկին առաջ է գալիս Իրաքի եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին խոսակցությունները, ապա դա կարող է նաեւ ակնարկ լինել, որ Մոսկվան չի համաձայնվի Իրաքի մի մասը անկախ պետության տեսքով քրդերին հանձնելու հեռանկարի հետ: Ընդ որում, այդ դեպքում Քուրդիստանի ստեղծումը իրոք դառնում է առավել քան մշուշոտ: Քրդերը սպառնում են հակառակ դեպքում մեծ պատերազմ սկսել: Բայց նաեւ տեսանելի չեն այն ռեսուրսները, որով նրանք կկարողանան հաջողության թեկուզեւ աննշան հույս ունենալ: Եթե անգամ նման պատերազմի դեպքում ԱՄՆ-ն շարունակի քրդերին ռազմական օժանդակություն ցուցաբերել, ապա միեւնույնն է՝ Քուրդիստան կոչվող այդ ողջ տարածաշրջանը անկլավային վիճակում է` շրջապատված Սիրիայով, Իրաքով, Իրանով եւ Թուրքիայով, որոնք բոլորն էլ իրենց համար վտանգ են համարում այդ ծրագիրը: Այսինքն, եթե չլինի Ռուսաստանի քաղաքական միջամտությունը, ապա միայն օդային մատակարարումներով ԱՄՆ-ն ոչ մի դեպքում չի կարող ապահովել պատերազմի դեպքում Քուրդիստանի ռազմական կենսունակությունը: Կամ պետք է ինքն էլ իր ուժերով մտնի պատերազմի մեջ՝ աչքի առաջ ունենալով ոչ միայն Իրանի, այլ նաեւ՝ իր ՆԱՏՕ-ական դաշնակցի հետ բախվելու հեռանկարը, եթե անգամ ռուսները որոշեն չմիջամտել:
Ուրեմն կարողացե՞լ է Թրամփը Քուրդիստանի հարցով ինչ-որ համաձայնություն պոկել Պուտինից: Այդ հարցի պատասխանը միայն ժամանակը կարող է տալ: Բայց նաեւ նկատենք, որ բացի Մերձավոր Արեւելքի թվարկված առանցքային պետություններից, ինչպես հուշեց Քաթարի ճգնաժամը, Թրամփը լուրջ հակասություններ ունի նաեւ արաբական աշխարհի հետ: Միայն Իսրայելի հետ է, որ ռեալ դաշինքը դեռ պահպանվում է, բայց դա էլ բավական չէ սեփակայն հայեցողությամբ տարածաշրջանում լուրջ դիրքեր պահպանելու համար: Այսինքն՝ չբացառենք, որ Թրամփ-Պուտին պայմանավորվածությունները, եթե այդպիսիք կան, հիմնված են Մերձավոր Արեւելքի ներկայիս քաղաքական դիմագիծը պահպանելով, ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական դիրքերը վերաբաժանելու վրա: Այսինքն՝ չեն լինի սահմանային փոփոխություններ, այդ թվում՝ Քուրդիստան, ԱՄՆ-ն միգուցե շարունակի սունիական աշխարհի նկատմամբ իր վերահսկողությունը՝ ձեռք քաշելով շիաական աշխարհից ու Իրանից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА