ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՌՆԱՊԵՏԻ ՎԱՂԱԺԱՄ ԱՇՈՒՆԸ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

21.07.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲՌՆԱՊԵՏԻ ՎԱՂԱԺԱՄ ԱՇՈՒՆԸ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ



Պինդ բռնվեք, մազութային սուլթանատի բռնապետ Իլհամ Ալիեւը ոչ ավել-ոչ պակաս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի ներկայիս տարածքը պատմական ադրբեջանական հողեր են, իսկ Դաղստանի մայրաքաղաք Դերբենտը հին ադրբեջանական քաղաք է: Այո, քաղհոգեբուժական երեւույթները մոլեգնում են Ադրբեջան կոչվող ապօրինածին քվազիպետությունում, եւ ամեն օր ու ամեն ժամ դրանք այնքան բազմաթիվ են, որ մեր թերթի էջերը չեն հերիքի` այդ ամենը ներկայացնելու: 
ՍՈՒՊԵՐՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆ` ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Ոչ միայն հայոց աշխարհում, այլեւ ամբողջ մոլորակով մեկ մարդիկ կուշտ-կուշտ ծիծաղեցին, երբ ոմն ադրբեջանական չինովնիկ իր պաշտոնանկությունից հետո հայտարարեց, որ իր երեխաներից ցանկացածին պատրաստ է զոհաբերել Ալիեւի ոտքերի տակ: Ոչ պակաս զվարճալի էր եւ նույն Ալիեւին լրագրողների լավագույն բարեկամ հռչակելը, ընդ որում` այնպիսի մրցույթի արդյունքում, ուր այդ կոչմանը հավակնում էին Իլհամ, Մեհրիբան եւ Լեյլա Ալիեւները: Երեւի թե, մազութային սուլթանատի լրագրողները տառապում են մազոխիզմով, քանզի այնտեղ քիչ չեն լրագրողների նկատմամբ 8, 10, 15 տարի ազատազրկման դատավճիռները: Իսկ թե Բելառուսի կոլխոզենֆյուրերի կողմից Ադրբեջան արտահանձնած ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի բլոգեր Լապշինի գլխին ինչ եկավ` ականատես ենք բոլորս: Նա Արցախը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դիմաց պրծավ «ընդամենը» 3 տարի ազատազրկումով: 
Լավ, եթե տեղացիները կամ պատանդի կարգավիճակով բռնապետության ճիրաններում հայտնվածները մտնում են, կներեք արտահայտության համար, Ալիեւի հետույքը` դրդված լինելով վախից եւ ահաբեկվածությունից, ապա ինչպե՞ս են նույնն անում մարդիկ ու ամբողջական պետություններ, որոնց նույն այդ բռնապետությունը ոչ մի կերպ չի կարող պատժի կամ կտտանքների ենթարկել: Օրինակ, Լատվիան ու Ադրբեջանը որոշեցին դառնալ «ռազմավարական գործընկերներ»: Ինչ է, դա մի քանի տակառ բենզինի գի՞նն է: Ալեքսանդր Լուկաշենկոյի պարագայում ադրբեջանասիրությունը մի կերպ կարելի է հասկանալ` ի վերջո նա կոլխոզենֆյուրեր է եւ Եվրոպայի վերջին բռնապետն է, ինչ-ինչ տնտեսական օգուտներից ելնելով եւ առ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան խանումը համակրանքով առաջնորդվելով, հանգիստ թիկունքից հարվածում է ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գծով դաշնակից Հայաստանին: Դե, մի քանի օր առաջ էր, չէ, որ հենց Մինսկում ԵԱՀԿ ԽՎ գագաթնաժողովին Ղրիմի հարցով բելառուսները ծախեցին նաեւ Ռուսաստանին, որի հետ ոչ միայն կապված են ԵԱՏՄ-ով ու ՀԱՊԿ-ով, այլ` միասնական միութենական պետություն են: Պյոտր Պորոշենկո-Վալցմանին նույնպես կարելի է հասկանալ` նույն ձեւի պրոբլեմներ ունի, ինչ Ադրբեջանը, նրա ձեռքից հաջողությամբ ինքնորոշման իրավունքի զորությամբ հեռացավ Ղրիմը, հեռանալու ճանապարհին է Մալոռոսիան, համ էլ, ինչպես կասեին մեր հյուսիսային դաշնակիցները, այդ մարդը «մայդաուն» է: Բայց Լատվիան, գրողը տանի, ախր, Եվրամիության անդամ պետություն է, պետք է որ տեսականորեն գերագույն արժեք համարած լիներ մարդու երազանքները, որոնց կոպտագույն եւ մշտական ոտնահարումների համար Ադրբեջանի դեմ բազում քայլեր են կիրառել Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն, այլ եվրոպական կառույցներ: Համ էլ, Լատվիայի լավագույն բարեկամ ԱՄՆ-ն էլ, մեղմ ասած, սառն է տրամադրված այդ ծաղրանկարային բռնապետության հանդեպ: Այդ ի՞նչը դրդեց այդ փոքրիկ եվրոպական պետությանը, ժողովրդի խոսքով ասած, այդպիսի ղալաթ անել: Թե՞ Սորոս քեռու տեւական ազդեցությունը իսպառ անջատում է որոշ պետական եւ քաղաքական այրերի ուղեղի այնպիսի ֆունկցիաները, ինչպիսին են տրամաբանությունն ու ողջամտությունը: 
ՈՎ Է ԱԿԱՄԱ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՒՄ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ
Թե նավթագազային ասեղի վրա նստած Ադրբեջանին ինչպիսի տնտեսական ճգնաժամի մեջ գցեցին նավթի գների տատանումները` ավելորդ է հիշատակել: Ապագայում էլ ոչ մի լավ բան չի սպասվում, քանզի, եթե Բաքվի հաշվարկներով` ածխաջրածինները կհերիքեն 30 տարվա, ապա այլ պետությունների փորձագետների հաշվարկներով` այդ ժամկետը շատ ավելի համեստ է` 10, 15, 20 տարի: Իսկ դրանից հետո նավթային բռնապետությանը սպասվում է անխուսափելի կոլապսը: 
Սերժ Սարգսյանը, թերեւս, հաստատ մի բան գիտեր, երբ ասում էր, որ անգամ եթե եւս 20 տարի էլ տեւի հակամարտությունը, միեւնույնն է, Հայաստանը զիջումների գնով վիճակը թեթեւացնելու ինքնասպան քայլի չի գնա: Եվ բացի նրանից, որ հայերն ազգերի ընտանիքներում երբեւէ չեն համալրել ինքնասպանների ակումբը, կան եւ բազում օբյեկտիվ իրողություններ: Բազմամիլիարդանոց սպառազինությունը այնքան էլ չի կարող օգնել մազութային սուլթանատին, եւ դա ասում են միանգամայն լուրջ օտարերկրյա փորձագետները: Գումարած դրան, տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ բազմամիլիարդանոց ծախսերը էլ ավելի են արագացնում քայքայիչ գործընթացները: Արտաքին հարաբերությունների գծով էլ Ադրբեջանի գործերը, մեղմ ասած, փայլուն չեն: Իհարկե, չի բացառվում, որ այդ պայմաններում անելանելիությամբ եւ հուսահատությամբ դրդված, բռնապետը կարող է դիմել եւ պատերազմ սկսելու փորձին: 
Սակայն փոքրիկ մեջբերումներ անենք ամենահայտնի փորձագետներից մեկից` Ռուսաստանի ռազմա-փորձագիտական պարբերականներից մեկի` «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիե»-ի պատասխանատու քարտուղար, պահեստազորի գնդապետ Օլեգ Վլադիկինից: Նա հիմնովին ջախջախում է պարծենկոտ Զաքիր Հասանովի պնդումը, իբր Ադրբեջանն ի զորու է խփել հայկական «Իսկանդեր» հրթիռները. «Իսկանդերն» իր որակական հատկանիշներով ոչ թե երկու, այլ չորս սերունդ բարձր է իր նախորդներից: Թռիչքի մեծ բարձրությունը, որին ռազմամթերքը որսալ, ուղղակի, անկարող է, թռիչքի բարձր արագությունը, որը երկու անգամ (որոշ տվյալներով` անգամ երեք) գերազանցում է նախորդ սերնդի թռիչքի արագությանը, դուրս է գտնվում հրթիռ բռնողների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավորության սահմաններից: Ռազմամթերքը այդ դեպքում միայն դժվարացնում է հակահրթիռները դրա վրա ուղղելն ու գործի դնելը: Տարբեր երկրների պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ «Իսկանդեր»-ի դեմ կարող են կիրառվել, ասենք, ամերիկյան հակահրթիռները եւ «Պետրիոտ» համակարգը, կամ օրինակ` իսրայելական «երկաթե գմբեթը», նշեմ, որ ես սա որպես օրինակ են բերում, կարելի է արդեն հայտնի ամերիկյան եւ իսրայելական ռազմական տեխնիկայի տեսանկյունից դիտարկել: Չմոռանանք, որ «Պետրիոտ»-ը մինչեւ հիմա ի զորու չէ գոնե 70-80 տոկոսով շարքից հանել անգամ խորհրդային Ռ-17 հրթիռները, իսկ «Երկաթե գմբեթ»-ը` պաղեստինյան եւ լիբանանյան տնայնագործ «Կասամ» հրթիռներին»:
Ամեն ինչ ակնհայտ է: Մնում է դրան հավելել եւ այն, որ ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, գլխի չեն գալիս եւ Բաքվի համաթուրանական ծրագրերի հետ կապված երազանքները, որոնց բաղադրիչներից մեկը Միջին Ասիայի թուրքալեզու պետությունների նավթի ու գազի տարանցումն է դեպի Եվրոպա: Ինչպես իրավացիորեն մատնանշում է քաղաքագետ Արմեն Բադալյանը, ինչպես նաեւ այլ փորձագետներ, ԵԱՏՄ անդամակցությամբ համաթուրանական ծրագրերից գործնականում դուրս մնացին Ղրղըզստանն ու Ղազախստանը: Ճիշտ է, Աստանան երբեմն ոչ հաճելի ադրբեջանամետ ռեւերանսներ է անում, բայց, համենայնդեպս, ռեալ ու տնտեսապես հիմնավորված պանթուրքիստական ծրագրերի մասնակից չէ: 
Եվ ահա այն պայմաններում, երբ ԵԱՏՄ-ն օբյեկտիվորեն թուլացնում է պանթուրքիստական բոլոր նախագծերը, Հայաստանում շրջանառության մեջ է հայտնվում ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարը: Ընդ որում, եթե մինչ վերջերս դա փողոցային լուսանցքային թույլիկ ընդդիմության եւ սորոսածին-գրանտալափ «քաղաքացիական հասարակության» մենաշնորհն էր, ապա Վյաչեսլավ Վոլոդինի` պետական լեզվի մասին անհեթեթ ու անպարկեշտ առաջարկությունից հետո հանկարծ «Ելքի» գործիչները սկսեցին հայտարարել, որ նախաձեռնելու են ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց: 
Անշուշտ, հանրային խորհրդի նախագահ, քաղաքական հին գայլ Վազգեն Մանուկյանն իրավացի է, որ այդ անհեթեթ առաջարկությանը խռովել-գնալով պատասխանելը անլուրջ մոտեցում է: Բայց նույն «գլխավոր լուսավորիչ» Էդմոն Մարուքյանին հո զուտ էմոցիոնալ պահը չէ, որ դրդեց հանկարծ ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր հնչեցնելուն: Առավել եւս, այն պարագայում, որ, ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, ՆԱՏՕ-ում մեզ գրկաբաց չեն սպասում: 
ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ
Անգամ, եթե տեսականորեն ՆԱՏՕ-ում մեզ գրկաբաց սպասեին, էլի պատերազմող Հայաստանը կտրուկ շրջադարձ չէր կարողանալու անել, թեկուզեւ ելնելով այնպիսի պարզ ռազմատեխնիկական գործոնից, ինչպիսին են սպառազինությունների ստանդարտները: Բայց առավել եւս, ով դրդեց «Ելք» խմբակցության պատգամավորներին հանկարծ այդպիսի ծայրահեղական կեցվածքի, որը ավելի շուտ վայել է «Հիմնադիր խորհրդարանի» փողոցային ընդդիմադիրներին, քան` խորհրդարանական ուժին: Թերեւս, այդ նույն Սորոսն է եւ նրանից ածանցյալ կառույցները: Հենց այդ կառույցներն են դեռեւս ջրի երեսին պահում բազում առկա եւ սնկի պես ծլող նոր քարոզչամիջոցներին, որոնք օրնիբուն քարոզում են ռուսների հետ ռազմավարական հարաբերություններից հրաժարվելը: Անշուշտ, մեր հյուսիսային դաշնակիցը անթերի չէ եւ քննադատելու տեղեր շատ ունի, բայց դա աշխատանքով, այլ ոչ թե դուռը շրխկացնելով շտկելու ենթակա բան է... 
Այդ նույն կառույցները փորձում են թեժություն պահել պարտության մատնված ՊՊԾ գունդը գրաված զինյալների շուրջ: Լոս Անջելեսում փոքրիկ եւ աղմկարար ցույց եղավ, ի պաշտպանություն զինյալների, նրանց կողմնակիցները Ստրասբուրգում այրեցին արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի, մի շարք ոստիկանական եւ դատական պաշտոնյաների լուսանկարները, իսկ դատարանի դահլիճում էլ անընդհատ էժանագին թատրոն է բեմադրվում, որը համացանցով ուղիղ հեռարձակվում է: Կարճ ասած, արվում է ամեն ինչ` զինյալ հակասահմանադրական գործողությունները քարոզելու ուղղությամբ, եւ, ի դեպ, դա հասել է անգամ հոգեւոր ոլորտ` էջմիածնական եւ անթիլիասական որոշ քահանաներ կայքերով եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցով ամբողջ անպատվում են զմիմյանս: 
Հիմա ո՞րն է այդ ամենի նպատակը: Իհարկե, անգամ եթե ստացվի ստեղծել որոշակի անկայունություն ու դրա միջոցով այս կամ այն չափով ներազդել 2018-ի ապրիլյան անցումի վրա, միեւնույնն է, Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծում էական փոփոխություն չի լինի, առավել եւս, հեղաշրջումը բացառված է: 
Բայց ցանկացած ներքին անկայունություն իսկական նվեր կլինի այս ամռան շոգին իր աշունը թեւակոխած եւ դեպի ձմեռ գլորվող Բաքվի բռնապետական վարչակարգի համար: Իսկ նույնիսկ փոքրիկ նվերները թշնամուն` լինեն դրանք կամա, թե ակամա, մենք թույլ տալ չենք կարող, դա չափազանց մեծ շռայլություն է: Ուստի նաեւ տարակուսելի է, թե ինչու իշխանության իրավասու մարմինները կտրուկ միջոցներ չեն ձեռնարկում ահաբեկչության եւ հակասահմանադրական զինյալ խռովությունների քարոզիչների նկատմամբ: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА