ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.07.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ


Ընտրություններում պարտված ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ձայնը վաղուց դուրս չի գալիս, եւ, երեւի թե, նրա մասին չհիշեինք էլ, եթե չլինեին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի զարմանալի իրադարձությունները: Այնտեղ օրերս անհայտ չարագործները ոչնչացրել են երգահան Վահրամ Թաթիկյանի 40 տարվա այգին: Եվ դրա առնչությամբ Թաթիկյանը հայտարարում է. «Սա որոշակիորեն քաղաքական վրեժ է, եւ այդ պրոցեսը վաղուց էր սկսվել: Կարճ ասած` Արթուր Բաղդասարյանը, որ այդ գյուղի ճորտատերն է, հրահանգ է տվել այգին չորացնել: Արթուր Բաղդասարյանը` իր հանցագործ շայկայով, երբ նախագահության առաջարկ էր դրել «Հայկական վերածնունդ» կուսակցությունով, 900 կին էր հավաքել` մանկապարտեզի վարիչներ, դպրոցի տնօրեններ ու պոլիկլինիկայի տերեր եւ «վերածնունդ» էր արել, արդեն այգին չորացնելու փորձ էր արել: Պատճառն իմ տարածած հաղորդագրությունն էր, որում հստակ նշեցի, որ դու ի՞նչ վերածնունդ ես, այ հայտնի այգի չորացնող: Նա կտրեց այդ շարքի ամբողջ 12 տների ջուրը, որ այդ այգիներն էլ չորանան: Հասկանո՞ւմ եք` նա ինչ ոճրագործ է, նա չորացնում է, հետո այդ տարածքը մետրը 300 դրամով առնում է»: Դե ինչ ասես, հետեւենք հետագա զարգացումներին: 
Մեզ հաճելիորեն զարմացրեց Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` որոշում ընդունելով բնակելի շենքերի նկուղներն ազատել տարատեսակ գիշերային օբյեկտներից. «Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին: Սա մեր հստակ դիրքորոշումն է, եւ բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաեւ ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր»: Դե ինչ, վերջապես երեւանցիները գիշերներով կպրծնեն բարձր երաժշտությունից, հարբածների լպիրշ հռհռոցից ու հայհոյանքներից եւ այլ տհաճ բաներից:
Ինչպես հայտնի է, պարուսույց, ազատամարտիկ, անթիվ հայրենակիցների ազգային պար սովորեցրած ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ, որպես կանոն, ունի ընդդիմադիր մոտեցումներ: Սակայն լսելով այն, թե ինչ է ասում նա Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող բանակային բարեփոխումների մասին, հաճելիորեն զարմացած պետք է ասենք` ընդդիմադիրները նրանից պետք է սովորեն ազգային պետական մոտեցում: Ահա մի փոքրիկ հատված. «Պատիվ ունեմ» ծրագիրը շատ եմ կարեւորում: Այն կամրջող դեր կկատարի, մի կողմից` մտավորական երիտասարդությանը կինտեգրի բանակային երիտասարդության, կրտսեր սպայակազմի հետ: Սա շատ կարեւոր է, որ բանակային սպայակազմը բարոյահոգեբանական առումով կտրված չլինի մտավորական երիտասարդությունից, որը երկու, երեք տարով կզորակոչվի հայոց բանակ ու կծառայի որպես սպա: Այդ շփման շնորհիվ մեր բանակի սպան իրեն կտրված չի զգա մտավորական հասարակությունից: Իսկ այսօր, կարծես թե, հայոց բանակ զորակոչված երիտասարդ սպայակազմն ամբողջությամբ իր վրա է վերցրել հայրենիքի պաշտպանության բեռը, իսկ մյուս շերտը, մտավորական երիտասարդությունը, ապրում է որպես սպառող հասարակություն ու հայրենիքից օգտվում սպառողի մտածողությամբ»:
Ինչքան էլ զարմանալի լինի, բայց պարզվում է` Իսրայելը մեզանից սովորելու բան ունի: Այդ պնդման հեղինակն է Իսրայելից մեր երկիր ժամանած եւ Արցախ այցելած ՄԵՆՆԻ ԿՈՐՍՈՒՆՍԿԻՆ. «Ի՞նչ դուր եկավ ինձ Արցախում: Իսկ ի՞նչ կարող էր դուր չգալ: Մարդիկ ինձ Իսրայելի բնակիչներին էին հիշեցում: Իսրայելը պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում է ապրում եւ, ինչպես Իսրայելում, Արցախում էլ զինվորական համազգեստով բազմաթիվ մարդիկ կան, բայց նրանք շատ բարյացկամ ու անկեղծ են»: Ըստ նրա. «Արցախը պետք է սփյուռքից ավելի շատ հայերի ներգրավի: Այդպես ավելի շատ մարդիկ կհետաքրքրվեն Արցախով: Ի դեպ, որքան գիտեմ, Արցախ անունով դրախտային այս անկյուն Իսրայելից արդեն շուրջ 10.000 մարդ է այցելել: Դուք հաճախ եք դժգոհում Հայաստանում եւ Արցախում սպասարկման որակից: Ստեփանակերտում ավելի քիչ բարեր ու ռեստորաններ կան, քան Երեւանում, բայց սպասարկումն այնտեղ շատ լավ է, Իսրայելը ձեզանից սովորելու բան ունի»:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА