ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.07.2017 13:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Ինչպես հայտնի է, որոշ գրանտասեր կառույցներ վերջերս ահավոր աղմուկ են բարձրացրել, իբր Հայաստանում սարսափելի շատ են ընտանեկան բռնությունները, որոշ կայքերում սարսափելի հնարովի պատմություններ են տպվում, ու փորձ է արվում համոզել, թե հրատապ անհրաժեշտություն է «Ընտանեկան բռնության մասին» օրենքը: Իսկ թե ինչ հետեւանքների կարող է բերել այդպիսի օրենսդրություն ունենալը` երեւում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում բնակվող ՌԴ քաղաքացի ԱՆԱՏՈԼԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ պատմությունից: Նրանք պատրաստվում էին հուլիսի 14-ին մեկնել Մոսկվա` ընդմիշտ լքելով Էստոնիան, սակայն դատարանի որոշմամբ նրանցից խլեցին 8-ամյա դստերը` Իզաբելային, պատճառաբանելով, որ բնակարանը վաղուց չի վերանորոգված, եւ ծխախոտի ծխի հոտ է զգացվում: Եվ հիմա ինչ-որ բան փորձում է անել Ռուսաստանի օմբուդսմենի գրասենյակը, թեեւ հույսերը քիչ են, իսկ ծնողներին թույլ են տալիս երեխային տեսնել օրական 15 րոպե: Դե հիմա թող մեր քաղաքացիները պատասխանեն` ինչպես են վերաբերվում նրանց, ովքեր փորձում են այդպիսի տեսարանները Հայաստանի իրականություն դարձնել: 
Անշուշտ, ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ Զարուհի Փոստանջյան չէր լինի, եթե ՊՊԾ գնդի մեկ տարվա առնչությամբ զարմանալիորեն չգովաբաներ զինված խմբին. «Նրանք գնացել են հանուն պետականության, ազգային շահի եւ իրենց կյանքի գնով էին փորձում դա  անել: Ուրիշ բան, որ այն, ինչ ծրագրված էր, հնարավոր չի եղել ավարտել այդ օրերին, բայց դա չի նշանակում, որ դա տեղի չի ունենալու, եւ մենք չենք վայելելու ապստամբության բերկրանքը, չենք հիմնադրելու ազատ եւ անկախ պետականություն: Նույն Ֆրանսիան ծնվել է ապստամբությունից, Բաստիլը քանդելուց»: Չգիտենք ինչու է ՊՊԾ գունդը տիկնոջ աչքին Բաստիլ երեւացել, սակայն «Երկիր ծիրանիի» կուսակցապետուհին զարմանալիորեն հաշվի չի առնում հետեւյալ հանգամանքը` նույն Ֆրանսիայում բազում ձախողված ապստամբությունների մասնակիցներին պարզապես մասսայաբար գնդակահարում էին, իսկ Հայաստանում «ապստամբներին» ընդամենը դատում են:
Սակայն մեր ծայրահեղականները իրենց վրաց գործընկերների համեմատ պարզապես Աստծո գառ են: Ժամանակին «վրացիների երթ» կազմակերպած ազգայնականները, ովքեր պահանջում էին վռնդել ապօրինի ներգաղթյալներին, հիմա էլ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան ՏԱՏՅԱ ԴՈԼԻՁԵԻՆ սպառնում են խմբակային բռնաբարությամբ: Նման բովանդակությամբ գրառումներ են հրապարակվել սոցցանցում «Հայրենասերների ալյանս»-ի անդամ Կոնստանտին Մորգոշիայի, նաեւ «Վրացիների երթի» մյուս կազմակերպիչների` Գիյա Կորկոտաշվիլու, Միխեիլ Ամիսուլաշվիլու կողմից: Սակայն մի հարցում վրացի ծայրահեղականները բավականին նման են այստեղի ծայրահեղականներին` վախկոտությամբ: Երբ վրաց հանրությունը դրանից վրդովվեց, իսկ գործով սկսեց զբաղվել Թբիլիսիի ոստիկանությունը, այդ գրառումները ջնջվեցին, իսկ նշյալ «հերոսները» հայտարարեցին, թե իրենց էջերը կոտրել էին:
Իսկ հիմա` փոքրիկ զարմանալի նորություններ մազութային սուլթանատից: Զարմանալիորեն պարզվում է, որ լրագրողների լավագույն բարեկամը ԱԼԻԵՎՆԵՐՆ են: Եվ հիմա մրցույթ է անցկացվում, թե հատկապես նրանցից ով է` Իլհամը, Մեհրիբանը, թե` Լեյլան: Դե ինչ, սա դեռ ոչինչ, իրենց երկիրն է, իրենց ներքին բարքերն են... Բայց պարզվում է, որ Ադրբեջանում պատրաստվում են հրաժարվել Յանդեքս եւ Յուբեր միասնական տաքսի ծառայությունից, քանզի իմացել են, որ Կենտրոնական գրասենյակը ազգությամբ հայ է գլխավորում: Դե ինչ ասես, մնում է նրանց մաղթել, որ ցանկացած երազում էլ անպայման հայ տեսնեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА