ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴՆՈՒՄ Է ՎԵՐՋԱԿԵՏԵՐՆ ՈՒ ՄԻՋԱԿԵՏԵՐԸ

19.07.2017 13:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴՆՈՒՄ Է ՎԵՐՋԱԿԵՏԵՐՆ ՈՒ ՄԻՋԱԿԵՏԵՐԸ

Այն պահից, երբ ՀՀ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մեկնել էր Տավուշի մարզ եւ զինվորական համազգեստով հարցազրույց տվել «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին, շատերը մեծ հետաքրքրությամբ սպասում էին հաղորդման հեռարձակմանը եթեր, առավել եւս, որ փոքրիկ անոնսներ երեւացել էին ամբողջ լրատվական դաշտում: Ի դեպ, քաղաքական դաշտի որոշ ճարպիկ ներկայացուցիչներ էլ փորձել էին ՀՀ նախագահի ասածին տեղեկանալ փոքր-ինչ ավելի շուտ, որպեսզի իրենք էլ հասցնեն ժամ առաջ հանդես գալ երկրի ղեկավարի խոսքին համահունչ հարցազրույցներով: Բայց դա ընդամենը առանձնակի կարեւորություն չունեցող դետալ է: 
ԲԱՆԱԿԸ` ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻ ԵՐԱՇԽԻՔԸ
Այն, որ ՀՀ նախագահը գերադասեց հենց մարտական դիրքեր այցից հետո զինվորական համազգեստով հանդես գալ հիմնարար հարցազրույցով, ինքնին ենթադրում է նաեւ որոշակի պատասխան մազութային սուլթանատի ղեկավարների ագրեսիվ եւ պարծենկոտ հայտարարություններին: Ի դեպ, կանխավ որպես անոնս, առաջինը հայտնվել էր ՀՀ նախագահի հետեւյալ խոսքը. «Ով որ կարծում է, որ Իսկանդերը միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է Իսկանդերը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»: Դա պարզ նախազգուշացում է` հարկ եղած դեպքում այդ ահարկու սպառազինությունը կկիրառվի: Իսկ թե կոնկրետ որ հանգամանքներում` ի պատասխան լրագրողի հարցասիրությանը, նա մատնանշեց, որ դա այն տեղեկությունն է, որը ձգտում են հայթայթել հզոր ռեսուրսներով օժտված հատուկ ծառայությունները: 
Ինչեւէ, ինչ վերաբերում է անվտանգության ապահովմանը, ապա. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է, դա ամենավստահելի երաշխիքն է»: Իսկ սպառազինության վերաբերյալ, Գերագույն գլխավոր հրամանատարն ասաց. «Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է: Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչեւ ապրիլյան քառօրյան, այնպես էլ` դրանից հետո: Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն` լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես եւ հետեւություններ անես: Որովհետեւ հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսեւորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում եւ ինչ ձեւով է օգտագործում, եւ փորձես գտնել դրա հակաթույնը»: Սերժ Սարգսյանի խոսքով` պատերազմում միայն զենքը չի հաղթում: «Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են: Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակիցը, որովհետեւ դա անհնար է, որեւէ երկրի համար է անհնար, այլ բավարար զինատեսակ եւ զինամթերք` խնդիրը լուծելու համար: Այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ եւ բավարար զինամթերք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադարձ եղավ նաեւ ՀԱՊԿ-ի դերին, եւ ՀՀ նախագահը մատնանշեց, որ չափազանցված սպասելիքներ այդ կառույցից ունենալ պետք չէր. «ՀԱՊԿ-ը եւ նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին եւ արձագանքել են շատ կոշտ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա` շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետեւ, այնուհանդերձ, նրանք ունեն դիրքորոշում, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է եւ ոչ թե հայկական բանակը»: «Անցյալ տարի Երեւանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթաժողով, խնդրում եմ, վերցրեք եւ նայեք, թե ինչպիսի բանաձեւ է ընդունել այդ գագաթաժողովը:  Էմոցիոնալ կողմը շատ կարեւոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարեւորը էությունն է: Իր էության մեջ ՀԱՊԿ-ը երբեւէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,- նշել է Սերժ Սարգսյանը: 
Այսինքն` շեշտադրումն այն է, որ առաջին հերթին մեր հույսը պետք է դնենք մեր սեփական բանակի վրա: 
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ԱՐԽԻՎ
ՀՀ նախագահի հարցազրույցի հեռարձակումից հետո միանգամից փսքեցին նրանք, ովքեր փորձում էին ՀՀ իշխանությանը մեղադրել տարածքներ հանձնելու թաքուն ձգտման մեջ: Իսկ սոցիալական ցանցերում հայտնվեց ծաղրանկար, ուր պատկերված է նստարանին նստած կմախքացած մեկը` «Սպասում եմ` երբ է Սերժ Սարգսյանը հողեր հանձնելու» կարգախոսով: 
Իսկ հիմա այն, ինչ հստակ շեշտեց ՀՀ նախագահը. «Դիրքորոշումների մեջ փոփոխություն` գոնե հայկական դիրքորոշման մեջ, ես չեմ ենթադրում: Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որեւէ կերպ, որեւէ տեղ, որեւէ ձեւով չենք խոսել զիջումների մասին: Մենք մշտապես խոսել ենք եւ հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին: Սրանք տարբեր բաներ են: Եվ ես վստահ եմ, որ այս խնդիրը եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն` զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթեւացման: Որովհետեւ սա կործանարար ճանապարհ է, եւ սա երբեք խնդիրները չի կարող լուծել»: Կարեւոր շեշտադրում է` անգամ 20 տարի էլ անցնի,  անընդունելի է նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հողատու «խաղաղության կուսակցությունների» այն մտայնությունը, թե պետք է զիջումներ անել ու գլուխներս պրծացնել: 
Ավելորդ չէր եւ անդրադարձը ԵԱՀԿ Մինսկի խմբի վարքագծին: Նախագահը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Մինսկի խումբը կամ միջազգային այլ կառույցներ հավասարության նշան են դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց է դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը, ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը: Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը համոզված են, որ խախտող կողմն Ադրբեջանն է, կնշանակի խրախուսել հայկական կողմին` շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել»: Նա նաեւ պատմեց, որ կիսապաշտոնական միջավայրում զրուցել է համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ, թե ինչու կոնկրետ մատնացույց չեն անում. «Ասաց` գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող ենք կողմ դառնալ, եւ բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է շարունակել բանակցային պրոցեսը, որովհետեւ բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են»: 
Այսինքն` ՀՀ նախագահը նաեւ շեշտադրեց այն անհրաժեշտությունը, որ ավելորդ սպասումներ ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալել պետք չէ, այդ մարդկանց գործառույթը բանակցային գործընթացի ապահովումն է: Միաժամանակ Սերժ Սարգսյանը, նաեւ անդրադառնալով որոշ շրջանակների կոչերին` վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ. «Երբ ասում եք` վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք, բարելավենք, Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ: Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք` դուք Ադրբեջանին օգնում եք, եւ մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը վարում է համաչափ արտաքին քաղաքականություն` ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաեւ համագործակցելով գործընկերների հետ:
ԻՍԿ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ 2018-ԻՆ
Մինչեւ 2018 թվականի ապրիլը դեռ հսկայական ժամանակ կա` այդպես ՀՀ նախագահը արձագանքեց այն հարցադրմանը, թե արդյո՞ք իր նախագահական լիազորություններն ավարտվելուց հետո կստանձնի վարչապետի պաշտոնը: Թվում է, թե «հսկայական ժամանակ» բառակապակցությունը չափազանցություն է, քանզի այդ մի քանի ամիսները բավականին արագ են անցնելու: Բայց եթե դիտարկենք այն տեսակետից, որ այժմ աշխարհում ու տարածաշրջանում իրադարձությունները բավականին խտացված են, ապա իրոք այդ մի քանի ամիսը հսկայական ժամանակ են: Իսկ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը սառնասիրտ եւ հմուտ շախմատիստ է, ով շատ լավ հաշվարկում է ամեն ինչ: «Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ` ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռեւս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- ասաց նա: Այսինքն` տվյալ դեպքում ի տարբերություն այլ հարցերի, Սերժ Սարգսյանը ոչ թե վերջակետ, այլ` միջակետ դրեց: Վերջակետը կլինի ապրիլին, եւ, միգուցե, այնպիսին, որը այսօրվա վերլուծաբանների ու կանխատեսողների երեւակայությունից անդին է: 
ՀՀ նախագահը նաեւ շեշտեց այն հանգամանքը, որ բավականին լավ տեմպերով մտնում ենք խորհրդարանական կառավարման տրամաբանության մեջ. «Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես` ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ` դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին եւ չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարեւորը սա է»: 
Իսկ եթե հիշենք Գալուստ Սահակյանի հայտնի խոսքը` Սերժ Սարգսյանի ապագա դերի մասին, ապա հնարավոր է ե՛ւ այն տարբերակը, որ նա կստանձնի վարչապետությունը, ե՛ւ այն, որ գործընթացները վերահսկելու համար բավարար կլինի իշխող կուսակցության առաջնորդի կարգավիճակը: 
ՊՊԾ ԳՆԴԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Սերժ Սարգսյանը իզուր չէ, որ շեշտեց` ընտրություններից առաջ մարդիկ առաջին անգամ է, որ չհավաքվեցին` հեղափոխություն անելու: Իսկ ՊՊԾ գնդի գրավման տխուր եւ դրամատիկ տարելիցի առնչությամբ հետաքրքիր պահեր կան: Եվ խոսքը վերաբերում է նախեւառաջ հանրային ընկալումներին: 
Առցանց քվեարկության միջոցով դա պարզելու փորձ արեց ԶԼՄ-ներից մեկը` «Ա1+»-ի կայքը: Սակայն քվեարկության մասնակիցների ցաւցանիշը` մեկ միլիոն հարյուր հազար, արդեն իսկ այնպիսի թիվ է, որը չի կարող լինել երբեք: Դրա համար ՀՀ բնակիչներից երկուսից մեկը պետք է մտներ եւ քվեարկեր: Այսինքն` ավելի տրամաբանական է ենթադրել, որ տվյալ դեպքում առկա էր ընդամենը էլեկտրոնային քվեների լցոնումների մրցավազք` ծրագիր-ռոբոտների միջոցով, ու այդ հարցումն իրական պատասխան չի տալիս` մեծամասնությունը մեկ տարվա վաղեմության այդ գործողությունը ահաբեկչությո՞ւն, թե` ապստամբություն է համարում: Անգամ փաստ չէ, որ ապստամբություն համարողները զորակից են զինված խմբին, քանզի գոյություն ունի եւ ապստամբություն պետության ու սահմանադրական կարգի դեմ: 
Իրական պատասխան երեւաց մայրաքաղաքի փողոցներում: Զինված խմբի համակիրների երթը սակավամարդ էր, իսկ Խորենացու փողոցում զոհված ոստիկանների հիշատակը հարգելու եկողների հոսքը ժամերով չէր ընդհատվում, տասնյակ հազարավոր մարդիկ ծաղիկներ խոնարհեցին: Եվ դա ցանկացած սոցհարցումից կամ առցանց քվեարկությունից լավ է ցույց տալիս հանրության վերաբերմունքը` որ հանրությունը մերժում է երկրի ներսում զենքի միջոցով հարց լուծելու պրակտիկան: 
ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ շեշտում է, որ հանրային տրամադրությունները պարզ երեւացին եւ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում. «Կարծում եմ` ապրիլի 2-ի ընտրությունների միջոցով ձեւավորված խորհրդարանը հիմնականում արտահայտում է մեր ընտրողների կամքը: «Ելք» առաջարկողների մի միավորում կար, որը «ելք», «ելք» էր գոռում, եւ ելք փնտրողները իրենց ձայնը տվեցին այդ միավորմանը: Բոլորը, ի վերջո, ընդունեցին այս ընտրությունների արդյունքները` որեւէ լուրջ քաղաքական ուժ, ըստ էության, չվիճարկեց ընտրությունների արդյունքները, դրանց լեգիտիմությունը կասկածի տակ չդրեց: Բոլորը ստացան այն, ինչ պետք է ստանային կամ կարող էին ստանալ, եւ, այո, այս խորհրդարանն առնվազն 90 տոկոսով արտահայտում է երկրում գոյություն ունեցող տրամադրությունները: Այդ տեսակետից խնդիր չեմ տեսնում: Իրողությունն այն է, որ հասարակությունը մերժում է ռադիկալիզմը` որպես այդպիսին, եւ շատ հստակ, շատ կտրուկ մերժեց բռնությունը` որպես քաղաքական հարցեր լուծելու գործիք: Ընդդիմության ծայրահեղ արմատական այդ հատվածը ներկայացնող ուժերը հասկացան` իրենք ընդամենը լուսանցքային խմբեր են, որոնք լուրջ աջակցություն չունեն հանրության շրջանում»:
Ինչ վերաբերում է փոքրաթիվ կողմնակիցներին, ապա պատգամավորը դա տեսնում է որպես որոշակի արտաքին տիկնիկավարների ուղղորդմամբ իրականացված հետեւողական քարոզչության, ուղեղալվացման արգասիք: Բայց, բարեբախտաբար, մեր ժողովուրդը քարոզչության նկատմամբ ունի բավականին կայուն իմունիտետ, եւ գնալով ուղեղալվացման տեխնոլոգիաները ավելի ու ավելի անարդյունավետ են դառնում: Ու թեեւ որոշ քաղաքագետներ, զորօրինակ, Գագիկ Համբարյանը, այդպիսի ծայրահեղական գործողության կրկնման հավանականություն տեսնում են, բայց կրկնման կանխման ուղղությամբ ավելի շուտ աշխատանք ունեն ազգային անվտանգության մարմինները: Իսկ հանրային տրամադրությունները դժվար թե հնարավոր լինի էապես փոփոխել, առավել եւս` մինչեւ 2018-ի կեսերը:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА