ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ պետական միակ լեզուն հայերենն է. Է. Շարմազանովը՝ Վ. Վոլոդինին

17.07.2017 20:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ պետական միակ լեզուն հայերենն է. Է. Շարմազանովը՝ Վ. Վոլոդինին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրին մասնակցող ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է ամառային դպրոցի նպատակը և անցկացվող դասընթացների ուղղությունները:

Էդուարդ Շարմազանովի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ տարի այս օրերին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակը:

Այնուհետև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջույնի խոսքում բարձր է գնահատել Սփյուռքի հայ համայնքներում ուսուցիչների՝ հայապահպանությանը միտված ազգանվեր գործունեությունը:

Անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ ռուսերենին՝ Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալու առաջարկին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական միակ լեզուն հայերենն է, ինչը սահմանադրական նորմ է:

Հարցուպատասխանի ձևաչափում մանկավարժները բարձրացրել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, արտագաղթը կանխելուն, աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենադարձության խթանմանն ուղղված ռազմավարական ծրագրերին, քաղաքական գործընթացներին Սփյուռքի մասնակցությանը և այլն: Էդուարդ Շարմազանովը բոլոր հարցերի վերաբերյալ տվել է սպառիչ պատասխաններ:

Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ հայության խնդիրը Սփյուռքում հայապահպանությունն է, իսկ Հայաստանում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը հորդորել է սփյուռքահայ մանկավարժներին իրենց ամենօրյա գործունեությամբ աշխարհին ճանաչելի դարձնել Արցախը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, բայց ոչ երբեք միակողմանի զիջումների ճանապարհով: Արցախի հաղթանակը հայ ժողովրդի հավաքական հաղթանակն է»:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հորդորել է միասնական լինել՝ փաստելով, որ հայ ժողովրդի հաջողության գրավականը միասնությունն է:

Հանդիպման ընթացքում պարոն Շարմազանովը համառոտ ներկայացրել է նաև ՀՀ Ազգային ժողովի գործառույթները, խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությունը, սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցումը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА