ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԲ-Ն ԱՎԵԼԻ ԿՈՇՏԱՑՐԵՑ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

14.07.2017 21:00 ԶԱՐԿԵՐԱԿ
ՊԲ-Ն ԱՎԵԼԻ ԿՈՇՏԱՑՐԵՑ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Արցախա-ադրբեջանական հակամարտ շփման գծում հուլիսի 4-ին տեղի ունեցած լարված միջադեպից եւ օրերս Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը հայտարարեց, որ ՊԲ-ն պատրաստ է, ըստ իրավիճակի, դիմել նաեւ հարձակողական գործողությունների` հակառակորդի ագրեսիաները, սադրանքները չեզոքացնելու համար: Հայկական կողմը մինչ այս հիմնականում հայտարարում էր նախ՝ համարժեք պատասխանի, ապա՝ ոչ համարժեքի մասին: Ու հիմա տոնայնությունն էլ ավելի է կոշտացել: Ինչո՞վ է պայմանավորված դա: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆ.
- Լեւոն Մնացականյանի հայտարարության կոշտությունը պայմանավորված է արցախահայության անվտանգության ապահովմամբ, քանի որ Ադրբեջանն անընդհատ դիմում է սադրիչ գործողությունների` վտանգելով մեր ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը: Բացի այդ, Ադրբեջանը կրակի տակ է պահում սահմանին մոտ գտնվող գյուղերն ու դաշտերը, որտեղ աշխատում է խաղաղ բնակչությունը: Հակառակորդն է ստիպում, որպեսզի ՊԲ-ն դիմի կոշտ միջոցների, ինչպես եղավ 1991-94 թվականներին, երբ ռազմական գործողությունների դիմելով, ապահովեցինք մեր ազգաբնակչության անվտանգությունը: Հայտարարության այս կոշտությունն արդարացված է: Բնականաբար, թե՛ հանրությունը, թե՛ բանակը պետք է պատրաստ լինի նման գործողությունների, քանի որ, երբ մենք ընդունում ենք պաշտպանական դիրքորոշում, թշնամին ավելի սանձարձակ  ու անկառավարելի է դառնում:
Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ.
- Միայն ողջունում եմ նման կոշտ հայտարարությունները: Եթե նման հայտարարություններ հաճախ լինեն, ապա Ադրբեջանը կհասկանա, որ իր սադրանքներին պատրաստ ենք տալ արժանի հակահարված: Հենց նման լեզվով պետք է խոսենք Ադրբեջանի հետ: Բացի այդ, այս հայտարարությունը նշանակում է, որ Արցախի ժողովուրդը ցանկանում է օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնապաշտպանությունից: Նման հայտարարություններին պետք է հետեւի նաեւ հարվածը, գործողությունը: Համոզված եմ, այդ դեպքում Ադրբեջանը կսթափվի: Այս գիծը, որը կոչվում է կանխարգելիչ գործողություն, ինքնապաշտպանության նպատակով պետք է պահել:
 «Արեւելք» գիտակրթական եւ վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆ.
- Լեւոն Մնացականյանի հայտարարությունը պայմանավորված է այն իրավիճակով, որ այսօր տիրում է սահմանին: Ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ եթե հայկական կողմը չի հարվածում, ապա հակառակորդն է հարվածում: Եվ այս ամենով պայմանավորված, ՊԲ հրամանատարը զգուշացրեց, որ հարկ եղած դեպքում կդիմեն նախահարձակ գործողությունների: Ապրիլյան պատերազմից հետո մեզ մոտ տեղի ունեցավ հետաքրքիր փոփոխություն, ինչը պայմանավորված է այն հանգամաքով, որ եթե տեսնենք այնպիսի իրավիճակ, որը կարող է հանգեցնել պատերազմի, ապա կարող ենք նախահարձակ լինել: Սակայն սա դեռ միայն հայտարարություն է, եւ չեմ կարծում, որ ՊԲ-ն կգնա նախահարձակ գործողությունների: Բայց էլ չի բացառվում, որ հայկական կողմը դիմի ռազմական գործողությունների, եթե զգա, որ վտանգվում է իր ժողովրդի անվտանգությունը: Կարծում եմ, նույնիսկ այս կոշտ հայտարարությունը հակառակորդին հետ չի պահի իր սադրիչ գործողություններից, որովհետեւ վերջին տարիների ընթացքում սահմանային լարվածության նախաձեռնությունն ադրբեջանական կողմինն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА