ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբ մի բան չարած` արդեն մամուլով հայտարարություններ ենք անում, սխալ է ընկալվում ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ռուսաստանում»

14.07.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երբ մի բան չարած` արդեն մամուլով հայտարարություններ ենք անում, սխալ է ընկալվում ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ռուսաստանում»

Գործադիրի նիստից հետո երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ռուս-վրացական բանակցություններին եւ նշել, թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով անցնող առեւտրային միջանցքի կառուցման շնորհիվ Հայաստանի համար կհեշտանան բեռնափոխադրումերը: Ավելին` նախարարը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը կունենա երկրորդ, երրորդ այլընտրանքային ճանապարհներ: Վերոնշյալ հայտարարությանը հաջորդեց վրացական կողմի կտրուկ արձագանքը` մասնավորապես Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ կապերի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն շեշտեց, որ տարանցման ուղղությամբ ճանապարհների բացման թեմա Վրաստանն ու Ռուսաստանը չեն քննարկել: Աբաշիձեի խոսքով` ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ բանակցություններն ընթանում են 2011թ. համաձայնագրի իրագործման շուրջ, որը վերաբերում է բեռնափոխադրումների վերահսկողությանը. «Եվ ոչ մի խոսք չկա լրացուցիչ նախապայմանների մասին, որոնք թույլ կտային Հայաստանին Աբխազիայի տարածքով առեւտրային միջանցքի բացման հույս ունենալ»: Նախարարի ոչ դիվանագիտական հայտարարության եւ վրաց պաշտոնյայի էմոցիոնալ արձագանքի մասին էլ «Իրավունքը» զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

–Կարծում եմ` մեր նախարարի հայտարարությունը զուտ փաստում էր, որ շատ կարեւոր է մեզ համար այլընտրանք ունենալը` առանց խորանալու, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, իսկ վրացական կողմից էլ այդպիսի արձագանք եղավ, որպեսզի իրենք էլ ցույց տան, որ այս պահի դրությամբ` դեռեւս այդ հարցերին իրենք չեն անդրադարձել: Իհարկե, Հայաստանում բոլորն էլ հասկանում են, որ մեր երկրի տնտեսությունն ունի տրանսպորտային ճանապարհի այլընտրանք գտնելու կարիք: Ու դրանից ելնելով, բայց չխորանալով ներկա գործընթացների եւ ռուս-վրացական հարաբերությունների, կոնկրետ Կարասին-Աբաշիձե բանակցությունների արդյունքների մեջ, մեր կողմից նման պաշտոնական հայտարարություններ անելը մի քիչ ոչ ադեկվատ է գնահատվում: Ի դեպ, մամուլն էլ իր բացասական դերն ունի այս գործընթացում: Իրականում ռուս-վրացական բանակցություններից հետո կողմերը պայմանավորվել են նեյտրալ երրորդ պետության` շվեյցարական ընկերության հետ ստորագրել պայմանագիր: Այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո, նոր իրենք կսկսեն առաջնորդվել այն ճանապարհային քարտեզով, որը ենթադրում է այդ համաձայնագիրը: Բայց հարցն այն է, որ պայմանագրի մեջ ո՛չ Աբխազիա կա նշված, ո՛չ էլ Հարավային Օսիա: Թեպետ մի քանի օր առաջ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը Հարավային Օսիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո շեշտեց, որ Հարավային Օսիան պատրաստ է եւ կողմ է, որ բանակցություններ վարվեն, բայց պետք է հասկանանք, որ Վրաստանը եթե չի ճանաչում Հարավային Օսիան, ոչ մի արդյունք սպասել չի կարելի: Հետեւաբար, այս առումով նաեւ պետք է հասկանանք, որ Մոսկվան էլ այնպես չէ, որ շտապում է ինչ-որ այլընտրանքային ուղիներ գտնել Հայաստանի համար: Այնպես որ, ինչքան էլ բոլորը, բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, ասեն, որ շահագրգռված են, որպեսզի ինչ-որ այլընտրանք լինի, բայց պետք է նկատի ունենալ, թե ինչի շնորհիվ է դա հնարավոր: Այն, որ վրացական կողմը պետք է ճանաչի Աբխազիան եւ Օսիան, որպեսզի Հայաստանի համար այլընտրանք լինի, իմ կարծիքով` նոնսենս է: Մյուս կողմից էլ` Ռուսաստանը Վրաստանի հետ այսօր համաձայնագիր է ստորագրում զուտ նրա համար, որ Ռուսաստանը դառնա համաշխարհային առեւտրի կազմակերպության անդամ երկիր, այլ ոչ թե Հայաստանն ունենա այլընտրանքային ճանապարհ:

– Այս դեպքում կարծում եք, որ գոնե այս փուլում ավելի ճիշտ կլինի «քիթներս չխոթե՞լ» ռուս-վրացական հարաբերությունների մեջ:

– Հայաստանը պետք է դիվանագիտական լծակներով աշխատի ռուսների եւ վրացիների, ինչպես նաեւ բոլոր շահագրգիռ երկրների հետ, բայց դրա մասին մամուլում ոչ մի տեղ չպետք է խոսվի: Եթե մենք մի բան չարած` արդեն մամուլով հայտարարություններ ենք անում, սխալ է ընկալվում ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ռուսաստանում: Մինչդեռ մենք նույն սխալներն անընդհատ կրկնում ենք: Մի քանի անգամ դեպքեր են եղել, երբ վրացիների հետ տարբեր գործընթացներում ինչ-որ արդյունքի չհասած, մերոնք արդեն անոնս են տալիս, թե ինչ է սպասվում: Հիշեք ՀՀ վարչապետի այցելությունը Վրաստան, երբ ասում էին, թե այլընտրանքի հետ կապված խնդիրները լուծվել են, ինչին արդեն Վրաստանում ընդդիմությունը իշխանությունների հետ կապված բավականին ագրեսիվ տեղեկատվական պատերազմ էր սկսել, թե եթե այլընտրանք եք առաջարկում Հայաստանին, ուրեմն` ճանաչում եք Աբխազիան եւ Օսիան, ինչը մեր շահերին դեմ է: Ի վերջո, պարզվեց, որ ծովի հետ այլընտրանք ունենալու մասին էր խոսքը:

- Այդուհանդերձ, այսօր Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հույսերը որքանո՞վ է հնարավոր, որ իրականություն դառնան:

- Համենայնդեպս, պետք է հասկանանք, որ եթե նույնիսկ վերոնշյալ համաձայնագիրը կետ առ կետ սկսեն իրականացնել, ինչը կասկածում եմ, ապա միայն վերջին կետը կարող է լինել Հայաստանի համար առեւտրային ճանապարհ բացելու հարցը: Ավելին՝ դրանից առաջ Վրաստանը պետք է որոշ օրենքների մեջ փոփոխություն կատարի: Վրաստանն ունի օրենք՝ օկուպացված տարածքների մասին, որի մեջ ամրագրված է, որ առեւտուր, նույնիսկ միջազգային տրանզիտային տրանսպորտ այդ տարածքներով արգելվում է: Դրանից ելնելով՝ եթե իրենք օրենքով արգելում են տնտեսական հարաբերություն  Օսիայի եւ Աբխազիայի հետ, նշանակում է, որ մենք հույս չպետք է ունենանք, որ Վրաստանի տարածքով կարող ենք դուրս գալ Օսիա եւ Աբխազիա:  Իհարկե, եթե իրենք օրենսդրական փոփոխություններ չկատարեն: Իսկ իրենք այդ քայլին կգնան, եթե այլ իրականություն լինի ռուս-վրացական հարաբերություններում: Մինչդեռ այսօրվա դրությամբ` կա երկու հակառակ մոտեցում. Վրաստանը Ռուսաստանին ասում է` փակե՛ք ձեր դեսպատանատները Աբխազիայում եւ Օսիայում եւ եկեք վերադառնանք բանակցությունների, իսկ ՌԴ-ն էլ չցանկանալով կորցնել իր ազդեցությունն այդ տարածքներում՝ հետ չի կանչի իր դեսպաններին՝ իր կողմից ճանաչված Աբխազիայից եւ Օսիայից: Այսպիսի բարդ տնտեսական, քաղաքական խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն, որ նոր ինչ-որ հույսեր ունենանք: Հետեւաբար, այսօր մենք Աբխազիայով եւ Օսիայով այընտրանքային ուղիների մասին չպետք է մտածենք, այլ որպես այլընտրանք՝ մտածենք կախեթյան ճանապարհի մասին, ինչու ոչ, թող լաստանավ գնի Հայաստանի Հանրապետությունը, որը շաբաթը մեկ կօգտագործվի ծովում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА