ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀԿ-ի ներսում «քաստինգ» է հայտարարված»

14.07.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՀՀԿ-ի ներսում  «քաստինգ» է հայտարարված»

Եթե ընդամենը շաբաթներ առաջ ընդդիմության ներկայացուցիչները խոսում էին աշնանը հնարավոր թավշյա իշխանափոխության մասին, ապա այսօր առնվազն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները «Ելքի» ու «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն ուղղակի կամ անուղղակի կերպով ակնարկում են, որ դեմ չեն լինի, եթե 2018 թվականին կառավարության ղեկը ստանձնի գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Թե ի՞նչ փոխվեց ընդդիմության ծրագրերում, «Իրավունքը» պարզեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ տեսակետը:

–Այն, որ վաղը կլինի հեղափոխություն, վերջին անգամ լսել եմ ձեզ հետ հանդիպումից առաջ, երբ ինչ-որ թափթված հագուստով մի մարդ, փողոցում ճանաչելով ինձ, մոտեցավ եւ հայտարարեց այդ մասին: Այնպես որ, ես քաղաքագետ եմ եւ ուշադրություն եմ դարձնում ոչ թե նրան, թե ինչ են ասում մարդիկ, այլ ինչպիսի ռեսուրսներ կան` ասվածն իրականացնելու համար: Հեղափոխություն անելու համար տեխնոլոգիա է պետք, համապատասխան ենթակառուցվածքներ, լիդերություն, գաղափարախոսություն է, փորձագիտական ռեսուրսներ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում, եւ իհարկե, ինչ-որ քանակի մարդիկ, որոնք պատրաստ են հրապարակ դուրս գալ` արյունոտ հեղափոխության դեպքում` սպանելու կամ սպանվելու: Իսկ եթե խոսքը թավշյա հեղափոխության մասին է, այսինքն` առանց արյունի, ապա դրա համար էլ պետք է Երեւանի փողոցներում 500 մարդ խոսի հեղափոխության մասին, այլ  500 հազար մարդ ոչ թե 2 ժամ, այլ երկու ամիս կանգնի հրապարակում: Այ հենց այդ ժամանակ ինձ կարելի է լրջորեն հարցնել` հեղափոխություն կլինի՞, թե` ոչ: Իսկ այսօր մեր երկրում չկան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք այդ ամենը կարող են կազմակերպել:

– Պարոն Իսկանդարյան, իսկ ի՞նչ կասեք 2018-ին ՀՀ գործող նախագահի կողմից կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու հնարավոր տարբերակի մասին, հատկապես, որ ընդդիմությունը, ըստ էության, նույնպես դեմ չէ:

– Ընդդիմությունը կլինի կողմ, թե` դեմ, կարեւոր չէ, որովհետեւ Հանրապետական կուսակցությունն ունի հնարավորություն եւ բավական ուժ` այդ որոշումը կայացնելու` առանց ընդդիմություն: Ինչ վերաբերում է, թե ես կբացառե՞մ ընդհանրապես Ձեր նշած տարբերակը, ասեմ, որ` ոչ: Իսկ թե արդյոք դրա հավանականությունը մեծ է, էլի կասեմ` ոչ: Գտնում եմ, որ կա ավելի հավանական սցենարներ, հետեւաբար` կապրենք, կտեսնենք:

– Ի՞նչ նկատի ունեք` «ավելի հավանական սցենարներ» ասելով:

– Այսինքն` Հանրապետական կուսակցությունում կարող են այնպիսի վերադասավորումներ լինել, որ այս կամ այն լիդերը կարող է համարվել ավելի հարմար, որ ստանձնի այնպիսի կառավարության ղեկավարի պաշտոնը, ինչպիսին կլինի 2018-ի ապրիլից հետո: Չէ որ, միեւնույնն է, ապրիլից հետո կլինի այլ կերպ, ով էլ որ նշանակվի: Մեզ մոտ լինելու են որոշ փոփոխություններ, իսկ ինչպիսին` կտեսնենք: Ըստ իս, նույն ՀՀԿ ղեկավարությունն էլ այսօր չգիտի, թե ինչպիսին կլինի այդ փոփոխությունը, որովհետեւ այն, ինչ տեղի կունենա, դրա արդյունքները կերեւա Նոր տարուց հետո: Հիմա ՀՀԿ-ի ներսում «քաստինգ» է հայտարարված, եւ պայքար է գնում:

– Պայքար ինչի՞ համար...

– Տարբեր լոբբինգների, թե ով է գլխավորելու երկիրը` ապրիլից հետո: Սա է այն լուրջ եւ կարեւոր իրադարձությունը, որ այսօր տեղի է ունենում ներքաղաքական կյանքում: Պետական ապարատի ներսում, ում ուզում եք մոտեցեք, բոլորը դրա մասին են խոսում: Այս առումով` ամեն մեկն իր հետաքրքրությունն ունի. մի մասին ձեռնտու է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, որովհետեւ ինքն ի զորու է ինչ-որ բան անել այս կառավարման համակարգում, մյուսներն ուզում են, որ փոխվի կառավարման համակարգը, որովհետեւ իրենք այս համակարգի մեջ չկան, երրորդներն էլ գտնվում են այս երկուսի միջանկյալ վիճակում: Եվ սրա վրա ազդում է նաեւ արտաքին իրավիճակը, ընդ որում` ոչ թե այն, թե ինչպես կնայեն Հայաստանին, այլ Հանրապետական կլուսակցությանը: Նույնը եղավ Արցախի դեպքում. կար մեկ սցենար, սակայն այն իրադարձություններով պայմանավորված` փոփոխվեց եւ հարմարեցվեց տվյալ իրավիճակին: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА