ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացառիկ զրույց լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հետ

14.07.2017 12:40 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բացառիկ զրույց լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հետ

ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ «ԻՄ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է»
 
Վերջերս հայտնի դարձավ, որ ռուսական հազվագյուտ ալմաստներից մեկը ՌԴ հետախուզության 95-ամյակի կապակցությամբ անվանակոչվել է լեգենդար հետախույզներ Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների անունով: Ալմաստը պահվում է ՌԴ պետական գանձարանում: Վարդանյանների պատվին անվանակոչված ալմաստը եզակի է նրանով, որ երկու սերտաճած ալմաստից է բաղկացած` դա բացառիկ երեւույթ է բնության մեջ: 
Իսկ հունիսի 25-ին ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքը ցուցադրեց «Անիտա» ծածկանունով հեռուստաֆիլմը, որը նույնպես Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի կնոջ եւ զինակցի` Գոհար Վարդանյանի մասին է:
16 տարեկանում Գոհար Լեւոնովնան գիտակցաբար ընտրել է հայրենիքին անմնացորդ նվիրվելու ճանապարհը` դառնալով իր ապագա ամուսնու եւ զինակից ընկերոջ` Գեւորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամը: Եվ եթե «Թեթեւ հեծելազոր» խմբի այն ժամանակ տակավին պատանի անդամների մասին լավ հայտնի է, որոնք օգնեցին ձերբակալել Աբվերի դիվերսանտներին եւ կանխել Թեհրանում Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ մահափորձը, ապա վարդանյանների հետագա գործունեությունը մինչ օրս փակ է: Բայց նրանց մասին հայտնի սակավաթիվ տեղեկություններն անգամ բավական էին վարդանյանների անվան շուրջ իսկական լեգենդի ստեղծման, նրանց մասին գրքեր գրելու եւ ֆիլմեր նկարահանելու համար: Գեւորգ Վարդանյանը, ցավոք, արդեն մեզ հետ չէ: Գոհար Վարդանյանն էլ, 1986-ին ամուսնու հետ հետախուզական վերջին գործուղումից վերադառնալուց մի քանի ամիս անց, 30 տարվա օպերատիվ եւ ավելի քան 47 տարվա ընդհանուր աշխատանքային պրակտիկայից հետո անցել է թոշակի: Սակայն մինչ այժմ էլ շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը:

«ԱՄԲՈՂՋ ԸՆՏԱՆԻՔՈՎ ԵՐԱԶԵԼ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»

Ի՞նչ կյանքով է ապրում Գոհար Վարդանյանն այսօր: Ինչպիսի՞ն է նա հետախուզությունից դուրս, ո՞րն է եղել նրա մանկության երազանքը, ի՞նչ հուշեր ունի մանկությունից տպավորված, ի՞նչ նշանաբանով է առաջնորդվել կյանքում: Այս ամենի շուրջ բացառիկ զրույց ունեցանք խորհրդային ընդհատակյա հետախույզ, ՌԴ հետախուզության ծառայության վետերան ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ.
– Հարգարժան տիկին Վարդանյան, Հայաստանում Ձեզանով, Ձեր կամքի ուժով եւ նպատակասլացությամբ հպարտանում են հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Շատերիս համար Դուք եք իդեալական կնոջ կերպարը: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն էր դեռ մանուկ հասակում տիկին Վարդանյանը եւ ի՞նչ երազանքներ ունեիք մանկության տարիներին:
Մանկությունս անցել է Թեհրանում: Երեք տարի սովորել եմ հայկական դպրոցում, հետո ուսումս շարունակել պարսկական դպրոցում, որտեղ սովորել եմ շահի քրոջ հետ նույն դասարանում: Դաստիարակվել եմ հայկական ոգով, եւ ամբողջ ընտանիքով երազել ենք վերադառնալ հայրենիք: Մանկության մասին հիշողություններումս հատկապես տպավորվել է Թեհրանի մեր սեփական տանը աճող նռան ծառը, որտեղ ամեն երեկո ճիշտ ժամը հինգին ամբողջ ընտանիքով հավաքվում եւ թեյ էինք խմում: Հետո, տարիներ անց, իմացա, որ Անգլիայում եւս ժամը հինգը թեյի ժամ է համարվում, իսկ մեր ընտանիքում այդ սովորությունը` ավանդույթ դարձրեց մայրս:
Հիշում եմ` եղել եմ ակտիվ երեխա, սովորել եմ բարձր առաջադիմությամբ:

«ՍԻՐԵԼ ԵՒ ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

– Ո՞րն է եղել եւ մնում Ձեր կյանքի նշանաբանը, որով առաջնորդվում եք կյանքում:

Իմ կյանքի նշանաբանը եղել եւ մինչ օրս մնում է` սիրել եւ աշխատել հայրենիքի բարօրության համար: Ամուսինս եւս նույն նշանաբանով էր առաջնորդվում կյանքում:

– Ձեր հետախուզական գործունեությունը, հասկանալի է, եղել եւ մնում է խիստ գաղտնի, եւ այդ մասին իմաստ էլ չունի հարցեր տալը: Այնուամենայնիվ, կպատմե՞ք մի դեպք, հիշարժան դրվագ Ձեր եւ Ձեր ամուսնու` երջանկահիշատակ պարոն Վարդանյանի հետախուզական գործունեությունից, որը հիշելիս ակամայից ժպտում եք:
Նման դեպքեր շատ են եղել, բայց կպատմեմ դրանցից երկուսը:
Արտերկրում աշխատելիս հրավիրված էինք ծանոթներիցս մեկի դստեր հարսանիքին: Ընդհանուր խոսակցություններից մեկի ժամանակ տանտերը, նայելով ամուսնուս, ասաց. «Ոնց չեմ սիրում Սովետական Միությունը ու եթե ես մի կոմունիստ իմ կյանքում տեսնեի, այ, իմ այս ձեռքերով կխեղդեի»: Գեւորգի հարցին, թե ինչո՞ւ չի սիրում Սովետական Միությունը, տանտերը, ըստ երեւույթին, պատասխան չունենալով, խոսակցության թեման փոխեց` այդպես էլ հարցն անպատասխան թողնելով:
Եվ մի դեպք էլ: Գեւորգը մի երկրում է լինում, որտեղ Սովետական Միությունից մեծ պատվիրակություն է գնում: Այդ պատվիրակության մեջ լինում են Հայաստանից երկու ներկայացուցիչ, երկուսն էլ` գյումրեցի: Գեւորգը վերելակի մոտ սպասելիս`  վերելակին են մոտենում նաեւ այդ երկու գյումրեցիները: Մտնելով վերելակ եւ տեսնելով Գեւորգին` նրանցից մեկը մյուսին ասում է. «Գիտես, սա մեր  թշնամի երկրի շպիոնն է»: Ամուսինս ձայն չի հանում: Մյուսն էլ, թե` «Հլը տես է..., ես դրա ինչն եմ ասել» ու գյումրեցու բարբառով մի քանի հատ հայհոյանք է տալիս: Վերելակը բացվելուն պես ամուսինս նայում է իրենց, անգլերեն լեզվով բարեւում եւ հեռանում: Հետո, տարիներ անց, երբ հարցրինք, թե ինչ կասեիր հիմա, ասացª կուզենայի այդ երկու տղաներին տեսնել, մի հատ լավ իրենց հայհոյանքի պատասխանը տալ, ապա` ամուր գրկել:

«ԳԵՒՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑԸ ԴԱՐՁԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆԸ»

– Կարողանո՞ւմ եք հաճախ լինել Հայաստանում եւ, ո՞րն է այստեղ Ձեր սիրելի վայրը:
Իհարկե, բոլոր արձակուրդներին եւ առիթներին այցելում եմ հայրենիք: Իմ տունը Հայաստանում է, հարազատներս ապրում են Երեւանում: Այստեղ հանդիպում եմ իմ սիրելի ընկերուհիների եւ հարազատների հետ, որոնց հետ պարբերաբար կապի մեջ եմ լինում: 2015 թվականից սկսած` Հայաստան այցելելիս առաջինը գնում եմ թիվ 192 դպրոցը, որը գտնվում է Դավիթաշենում: Դպրոցը կրում է ամուսնուս` Գեւորգ Վարդանյանի անունը: Այդ դպրոցը դարձել է իմ երկրորդ տունը: Այնտեղ կա մեզ նվիրված թանգարան եւ լսարան: 
Ինչ վերաբերում է Հայաստանում իմ ամենասիրած վայրերին, հատկապես կառանձնացնեի Գյումրի քաղաքը եւ Դիլիջանը. հաճախ էի հանգստանալու նպատակով Դիլիջան մեկնում: Վերջին այցիս ժամանակ էլ ընկերուհիներիս եւ հարազատներիս ընկերակցությամբ գնացինք Դիլիջան:

– Եվ վերջում` Ձեր խոսքը մեր հայրենակիցներին եւ, մասնավորապես` հայ կանանց:
Մեծացրեք Ձեր երեխաներին հայրենասեր, հայրենասիրությունը պետք է փոքրուց սերմանվի մատաղ սերնդի մեջ: 

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА