ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԱՀԱԲԱ՞Ր ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՎԵՑ  ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ

14.07.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԱՀԱԲԱ՞Ր ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՎԵՑ  ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ


Նախօրեին ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը միտված հերթական հանդիպումն ունեցան: Հայտարարությունը, որ հնչեց հանդիպումից հետո, Հայաստանի համար առավել քան կարեւոր է: ԵՐԿԱԹՈՒՂԻՆ 
ՇԱՀԱՎԵՏ Է ԲՈԼՈՐԻՆ
Այդ հայտարարությամբ կողմերը փաստում են, որ Վրաստանն ու Ռուսաստանը լուրջ առաջընթաց են արձանագրել Աբխազիայով եւ Հարավային Օսեթիայով անցնող  հաղորդակցության ուղիների վերագործարկման հետ կապված: Ավելին, Աբաշիձեն մինչեւ իսկ ընդգծեց. «Մենք պայմանավորվել ենք, որ այս հարցի շուրջ խորհրդակցություններ այլեւս չեն լինի: Հստակ պայմանագրի ձեւակերպման ժամանակն է»: Ու այդ միտքը հաստատեց Կարասինը. «Ընդհանուր առմամբ, արդեն պարզ է, թե ինչպես պետք է գործել առաջիկայում»:
Նրանց այդ լավատեսությունը հաստատում է նաեւ այն, որ հստակ խոսակցություններ կան ուղիների վերագործարկման խնդրի լուծման մոդելի մասին: Այն է, կողմերը մի կողմ են դնում Աբխազիայի եւ Հվ. Օսեթիայի հետ կապված քաղաքական խնդիրները եւ հարցին մոտենում են տնտեսական տեսնակյունից: Այսինքն՝ միջնորդ տնտեսական սուբյեկտը ¥կոնկրետ դեպքում՝ շվեյցարական SGS ընկերությունը¤, բեռները վերցնում է ռուս-աբխազական եւ ռուս-օսեթական սահմանին ու հանձնում վրաց-աբխազական եւ վրաց-օսեթական սահմանին: Ընդ որում, Կարասին-Աբաշիձե հանդիպումից հետո ընդգծվեց նաեւ, որ մոտ ապագայում կձեւավորվի եռակողմ՝ ռուս-վրացա-շվեյցարական աշխատանքային խումբ, որը զբաղվելու է պայմանագրի նախապատրաստմամբ: 
Եվնկատենք, որ եթե հայտնի է նաեւ այն ընկերությունը, որը պետք է ներգրավվի այդ գործընթացում, ապա կարելի է կռահել նաեւ, որ գոնե քննարկումներ, տեխնիկական հաշվարկներ, բանակցություններ նրա հետ տարվել են եւ առնվազն նախնական պայմանավորվածություններ այդ բոլոր տեխնիկական դետալների հետ կապված՝ կան: Եվ եթե չլիներ նաեւ էլի գոնե նախնական պայմանավորվածություններ խնդրի քաղաքական կողմի հետ կապված, ընդ որում, ոչ միայն ՌԴ-ի եւ Վրաստանի, այլ նաեւ՝ Աբխազիայի եւ Հվ.Օսեթիայի մասնակցությամբ, հարցը հազիվ թե այդքան առաջ ընկներ եւ հասներ տեխնիկական պայմանավորվածությունների հարթություն:
Իսկ այն, որ ճանապարհների վերագործարկման հարցով տնտեսական առումով լուրջ շահագրգռվածություն ունեն բոլորը՝ Հայաստանը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, նույնիսկ անիմաստ է ասել:Եվ չմոռանանք, որ ՌԴ-ի համար երկաթուղին շատ կարեւոր է Մերձավոր Արեւելքի ուղղությամբ ռուսական վերջին ռազմական հենակետի՝ հայաստանյան ռազմաբազայի մատակարարումների առումով:

ԽԱՆԳԱՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Բայց նաեւ մեկ կարեւոր հանգամանք պետք է աչքաթող չանել: Այն, որ աբխազական եւ օսեթական ուղիների հարցը համակողմանի շահ լինելով հանդերձ` այսքան ձգձգվեց, իհարկե, հուշում է այն մասին, որ դրա դեմ են աշխատել արտաքին գործոնները: Նախ՝ այդ ուղիների գործարկումը միանգամից  զրոյացնում է Հայաստանի շրջափակման միջոցով ղարաբաղյան խնդրում առավելություն ստանալուն միտված ադրբեջանական  ավելի քան քսանամյա  քաղաքական կուրսը: Դրանից զատ, Վրաստանը միայն Ադրբեջանի տարածքով կապ ունի ՌԴ-ի հետ, եւ դա Բաքվի ձեռքին միշտ էլ  եղել է Թբիլիսիի վրա ազդելու լուրջ լծակ: Աբխազական երկաթուղու փակ մնալու հարցում նույն շահագրգռվածություններն ունի նաեւ Թուրքիան: Դրանից զատ, Հարավային Կովկասի հետ, բացի ադրբեջանականից, ՌԴ-ի այլընտրանքային երկաթուղային կապերի բացակայությունը միշտ էլ Թուրքիայի օգտին աշխատող հավելյալ գործիք է եղել:
Վերջապես, աբխազական երկաթուղին մշտապես ձեռնտու  էր ԱՄՆ-ին: Այդ գիծը ուժեղացնում է ռուսական «Հյուսիս-Հարավ» ռազմավարությունը, այն  դեպքում, երբ ԱՄՆ-ի հիմնական ծրագրերի թվում էր «Արեւմուտք-Արեւելք» ռազմավարությունը, որը ՌԴ-ին Իրանից «կոմունիկացիոն պատի» միջոցով կտրելու նպատակ է հետապնդում:
Այսպիսով, ինչքան էլ ռուս-վրացական բանակցությունները լավատեսություն ներշնչեն, աբխազական երկաթուղու գործարկման դեմ ուղղված այդ երեք գործոնները կան ու հաստատ  կփորձեն էլ ավելի ակտիվանալ:
Թվարկված գործոններից, իհարկե, հիմնականը եղել է ԱՄՆ-ը: Հատկապես` վրացական «Վարդերի հեղափոխությունից» հետո, որի արդյունքում Վրաստանը վերածվեց ԱՄՆ-ի «գրպանային պետության»: Իսկ դա նշանակում էր, որ անգամ սեփական ծանրակշիռ տնտեսական շահի պարագայում, Թբիլիսին մտածել անգամ չէր կարող այդ ուղիների գործարկման մասին:
Ասենք, առաջին փուլում այդ մասին Թբիլիսին մտածելու ցանկություն անգամ չուներ. Վրաստանում այն տրամադրությունն էր, որ ԱՄՆ-ն արագորեն իրենց օգտին կլուծի աբխազական եւ հարավօսեթյան հարցերը եւ ոչ միայն: Սակայն տրամադրությունների զգալի փոփոխություն եղավ 2008թ. պատերազմից հետո, երբ տեսան, որ ԱՄՆ-ի օգնությունը ոչ միայն այդ հարցերը չլուծեց, այլ նաեւ ռուսական շուկան փակվեց Վրաստանի առաջ: Եվ հենց դրա արդյունքն էր, որ սկսվեցին Կարասին-Աբաշիձե ձեւաչափով ռուս-վրացական բանակցությունները: Այդ փուլում Արեւմուտքը դեռ  Վրաստանին որոշակի հույսեր տալիս էր: Այս անգամ՝ եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ի կազմ մտնելու խոստումներով: Եվրաինտեգրվեցին, բայց փաստն այն է, որ դրանից վրացական տնտեսությունն ամենեւին էլ եվրոպական չդարձավ: Ավելին, կախվածությունը ռուսական շուկայից նույնքան մեծ է, որքան առաջ, իսկ թուրք-ադրբեջանական ինտերվենցիան շարունակում է միանգամայն մռայլ տեսք տալ երկրի ապագային:
Եվ այս ամենին գումարվեց վերջին գործոնը՝ Թրամփը: Իր պաշտոնավարման երկրորդ փուլում արդեն Օբաման էր սկսել չորրորդական պլան մղել Վրաստանի հետ կապերը: Իսկ Թրամփից առհասարակ գլուխ հանել չի լինում...
Եվ այստեղ վերադառնանք նաեւ աբխազական ուղու դեմ ամերիկյան գործոնին: Թրամփը նույն համառությամբ այդ երբեմնի քաղաքականությունը կշարունակի՞: Ամբողջ խնդիրը հենց դա է, որ առհասարակ գլուխ հանել չի լինում ներկայիս Սպիտակ տան հարավկովկասյան քաղաքականությունից: Եվ արդեն շատ են այն փաստարկները, որոնք խոսում են այն մասին, որ առհասարակ նման քաղաքական ռազմավարություն Վաշինգտոնն այս պահին չունի: Հին կապերը, ճիշտ է, ինչ-որ կերպ պահում են, Թրամփն անգամ մի քանի րոպեով ընդունեց Վրաստանի վարչապետին: Եվ էլի ոչ մի գործնական փոփոխություն, ամերիկյան ակտիվությունը նվազագույն մակարդակի վրա է: Բացատրություններ, իհարկե, կարելի է գտնել: Սակայն փաստն այն է, որ այդ բացատրություններով հանդերձ, եթե Թբիլիսին չի ստանում ՌԴ-ի դեմ գործելու նախկին հզոր ազդակները, ապա բնական է, որ արագորեն պետք է սկսեր մտածել ռուսական ուղղությունն ակտիվացնելու մասին: Առավել եւս, որ կա երկաթուղու հետ կապված իր սեփական նկատելի շահերը: Գումարած դրան, այն շահերը, որոնք կառաջանան, եթե Հայաստանը երկաթուղիով կապվի Իրանի հետ: Ընդ որում, կարելի է կռահել, որ աբխազական երկաթուղու գործարկումը, կամ դրա տեսանելի հեռանկարը Իրան-Հայաստան երկաթուղու համար հավելյալ լուրջ խթան կդառնա: Այլ բան է, երբ Իրանից երկաթուղին հասնում է փակուղային Հայաստան եւ միանգամայն այլ բան, եթե այդ գիծը հասնում է մինչեւ ՌԴ:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-
ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այս ամենից զատ նաեւ ղարաբաղյան թեման չմոռանանք: Այն, որ ներկայումս Բաքուն գտնվում է ծանր ճնշումների տակ, հայտնի փաստ է: Եվ այս առումով պատահակա՞ն էր, որ աբխազական երկաթուղու մասին այս հուսադրական հայտարարությունները հնչեցին Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպմանը զուգահեռ: Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ մինչ Մամեդյարովին հանդիպելը, Նալբանդյանը հասցրեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկում ունենալ:
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի հաղորդագրությունը միանգամայն կցկտուր էր: Բայց անգամ դրանից էր զգացվում, որ բուռն քննարկում է եղել: Նախ, որ նախագահների մակարդակով հանդիպման խնդիր է դրվել: Եվ երկրորդը, որ սպասվածի պես ծանր շեշտ է դրվել սահմանային վերահսկողության մեխանիզմների կյանքի կոչման եւ հիմնական բանակցություններին անցնելու վրա:
Իսկ աբխազական երկաթուղու մասին հիշեցումները Բաքուն պետք է որ ընկալեր առնվազն որպես նաեւ իրեն ուղղված լուրջ մեսիջ: Այն է, եթե այդ երկաթուղին գործարկվի, ապա բանակցային սեղանի շուրջ Բաքուն կունենա հերթական լուրջ դիրքային կորուստը: Գումարած դրան` չմոռանանք ռուսական որոշ վերլուծաբանների վերջին օրերի այն ակնարկները, թե՝ սահմանային լարվածության թեժացման դեպքում հայ-ադրբեջանական դիրքերի միջեւ կարող են եւ բաժանարար ուժեր տեղակայվել: Նման ուժերի պարագայում Բաքուն կարող է մեկընդմիշտ մոռանալ իր  հիմնական շանտաժի՝ պատերազմ սկսելու մասին: Ու եթե դրա հետ մեկտեղ Թբիլիսին էլ որոշի գնալ աբխազական երկաթուղու գործարկմանը, այսինքն՝ «դավաճանի» Բաքվին, դա արդեն Հայաստանի փոխարեն Ադրբեջանին է շրջապատում խոստանում: Այս երկու ծանր ազդակն էլ գալիս են Մոսկվայից, ինչը Ալիեւին պետք է որ ավելորդ անգամ հուշի, որ Սանկտ Պետերբուրգում Պուտինի միջնորդությամբ կազմակերպված նախագահների հանդիպման ժամանակ տրված խոստումները չպահելը կարող  է լուրջ հետեւանքներ ունենալ...
Իսկ Թուրքիայի վրա հույս դնել... Դե, եթե Անկարան որոշի Հարավային Կովկասում ծանր հակամարտության մեջ մտնել ՌԴ-ի հետ, այն էլ, երբ բոլոր կողմերից հարվածների տակ է, այդ դեպքում Ալիեւը կարող Էրդողանի վրա լուրջ խաղադրույքներ կատարել:
Չնայած, աշնանը սպասվում է Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպումը, որից հետո, թերեւս, կլինի նախագահների մակարդակով շատ ավելի էական հանդիպում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА