ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԵՐՋԻՆ ԳՐՈՀԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

14.07.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐՋԻՆ ԳՐՈՀԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Սալվադոր Դալիի` գրեթե 75-ամյա վաղեմության այս կտավում, ուր պատկերված է «Նոր մարդու» ծնունդը, արարիչը ցուցամատով մատնացույց է անում հենց Հայկական բարձրավանդակի ուղղությամբ: Միգուցե պատահականություն է, իսկ միգուցե, մեծն նկարիչը ինչ-որ բան զգում էր, կամ գիտեր: Համենայնդեպս, Եվրոպայի եւ Ասիայի, քրիստոնեության եւ իսլամի քաղաքակրթական խաչմերուկում գտնվող մեր երկիրը համեղ պատառ է աշխարհաքաղաքական բոլոր խոշոր խաղացողների համար, եւ, բնականաբար, յուրաքանչյուրը ձգտում է Հայաստանում ունենալ առավելագույն ազդեցություն: ԳՈՒՆԱՎՈՐ 
ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ 
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ 
ՉԱՇԽԱՏԵՑԻՆ
Անցյալ տարի, երբ ցանցահենները կոտրեցին տխրահռչակ Ջորջ Սորոսի էլեկտրոնային փոստը եւ այդտեղի պարունակությունը բաց հասանելիությամբ զետեղեցին համացանցում, պարզ դարձավ, որ ծրագրերի բավականին պատկառելի մասն էլ վերաբերում էր մեր երկրին: Կարելի է ասել, որ գործունեության ծավալը ամբողջ Հարավային Կովկասում մեր երկրում առավելագույնն է, ներդրված ջանքերն ու միջոցները նույնիսկ ավելին են, քան, ասենք, Ղազախստանում, ու թերեւս մի կարգ տարբերվում են այդ տխրահռչակ հիմնադրամի ներդրումները միայն Ռուսաստանում եւ Ուկրաինայում: 
Խոշոր հաշվով, այդ նույն Սորոսին չի կարելի հստակ համարել կոնկրետ գերտերության շահերն առաջ տանող: Մինչ Դոնալդ Թրամփի ընտրությունը, ընդհանուր առմամբ, նրա գործունեությունը նույնանում էր ԱՄՆ-ի գործունեության հետ, սակայն այժմ նա Թրամփի աչքի գրողն է: Վերաբերմունքը նրա նկատմամբ փոխվում է դեպի վատը նաեւ Եվրամիությունում, եւ անգամ Իսրայելում նրան հռչակում են այդ պետության եւ ժողովրդի թշնամին: 
Ինչեւէ, բազում այլ երկրներում հաջողված գունավոր հեղաշրջման փորձերը Հայաստանում չաշխատեցին, չնայած ժամանակին մեծ փողեր էր ներդրված: Այդտեղ իր դերը խաղաց թերեւս այն, որ աչքի առաջ ունենալով «Արաբական գարնան» եւ Ուկրաինական մայդանի ավերիչ հետեւանքները, հայերը սկսեցին զգուշանալ հեղափոխական ցանկացած տեսակի շարժումներից: Սակայն միայն այդ գործոնը չէր, որ իր դերը խաղաց: Ոչպակաս կարեւոր էր եւ սուբյեկտիվ գործոնը` հայ հեղափոխականների եւ «քաղաքացիական հասարակության» ծայրահեղ ընչաքաղցությունը: Եթե, օրինակ, սերբական կամ ուկրաինական «Նավապետ գրանտի զավակները» հեղաշրջման համար իրենց տրված դրամաշնորհները մինչեւ վերջին լուման ներդրել էին հենց հեղաշրջման մեջ, ապա մեր շպիոնօնիկները գերադասում են մեծ մասը դնել սեփական գրպանը, նոր միայն` ինչ տակը մնաց ծառայեցնել «ժողովրդավարական հեղափոխության» եւ «բռնապետության կազմաքանդման» գործին: 
Այդ ամենը նկատվում է եւ, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» պարագայում: Այդտեղ ակտիվիստներին բավականին դժվար է կտրել հարմարավետ բազկաթոռից, եւ նրանք գերադասում են հեղափոխական սխրանքներ գործել Ֆեյսբուքում, այլ ոչ թե փողոցում: Ընդ որում, երբ դրամաշնորհային առվակը բարակում է, արդեն համացանցում էլ սկսում են ավելի պասիվ աշխատել: 
Իսկ թե ինչ մասշտաբների է գրանտագողությունը` երեւում է թեկուզեւ ԵՄ դեսպանատան դրամաշնորհային ծրագրերի ղեկավարի ծավալուն քրեական գործը, որը հարուցվել է հենց եվրոպացիների խնդրանքով... Պարզ է, որ այդպիսի հեղափոխականներով ոչ մի հեղափոխություն էլ չի ստացվի, անգամ եթե կանաչ հեղափոխական թղթադրամները վագոններով ներկրվեն: Լիբերիալիզմի իդեալների հայրենական մարտիկները հիմնականում մարտնչում են հանուն անձնական բարեկեցության, մեկ էլ աստիճանաբար դասավորում են Եվրոպա կամ ԱՄՆ փոխադրվելու գործերը: Ու եթե սա դիտարկենք Սորոսի, այլ վերազգային խաղացողների, մասամբ` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շահերի դիտանկյունից, ապա ստացվում է, որ թեեւ առկա են առավել քան 3 հազար ՀԿ-ներ եւ «շնից շատ» լիբերալ արեւմտամետ կուսակցություններ, այնուամենայնիվ, այդպես էլ չի հաջողվել ստեղծել արդյունավետ ցանց, որը կարողանա հուզումներ կամ անկարգություններ սկսել ամբողջ երկրի մասշտաբով եւ իրականացնել երկրի վարչակարգի փոփոխություն: 
Իր հերթին, ինչպես ցույց տվեցին նաեւ ընտրությունները, բողոքավոր զանգվածներն էլ հիասթափվել են էսօր-էգուց իշխանափոխություն խոստացող, բայց մշտապես ստախոս դուրս եկող ընդդիմությունից: Այս պայմաններում խոշոր խաղացողներին մնում է գործ բռնել հենց իշխանության հետ, եւ բացի զուտ միջպետական հարաբերություններից, փորձել չինովնիկության մի մասից ձեւավորել 6-րդ շարասյուն: 

ԻՆՉՈՒ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ 
ԱԶԳԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ 
ՓՈՓՈԽԵԼԸ
Հայոց բարոյական նկարագիրն աղճատելուն ուղղված  ծրագրեր մեր երկրում գործում են անկախության առաջին իսկ օրվանից: Հիմնական թիրախը ընտանեկան արժեքներն ու ավանդական բարոյական չափանիշներն են, եւ դրանց քայքայման վրա ուղղվում են հսկայական ռեսուրսներ: Քառորդ դարում իրականացվել են առավել քան լայնածավալ քարոզչություն, լրատվական դաշտի մեծ մասը նույնպես լցված է այլասերման տարածմանը նպաստող բովանդակությամբ, բայց... 
Ինչպես ցույց է տալիս ինֆոգրաֆիկայով ներկայացված ամերիկյան Pew Research Center-ի հանգամանալից ուսումնասիրությունը, հետխորհրդային տարածքում հայերը պահպանողականության ռեկորդակիր են: Եթե քառորդ դար ինտենսիվ քարոզչությունից հետո ՀՀ քաղաքացիների 98 տոկոսը կտրականապես չի ընդունում համասեռամոլությունը, 79 տոկոսը շարունակում է մնալ «կարմիր խնձորի» ջատագով, ու էլի բարձրագույն ցուցանիշներով մերժելի է համարում տարատեսակ արատները, ապա թերեւս դա վկայում է, որ ավանդական մոտեցումները հայերի գենետիկ ժառանգության բաղկացուցիչ մասն են: Իհարկե, եթե զննենք սոցիալական ցանցերը, ապա կթվա, որ «զարգացածները», ովքեր ծաղրում են «հետամնացներին» շատ-շատ են, բայց իրականում նրանք ավելի աղմկարար են: Եվ մեր հանրության մոտեցումները գործնականում առանձնապես կախված չեն ո՛չ մոդայից, ոչ տեխնոլոգիաներից, եւ ո՛չ էլ համաշխարհային միտումներից: Եթե մինիշրջազգեստ կրող թոռնիկի աշխարհայացքը գրեթե չի տարբերվում ավանդական տարազ կրող տատիկի աշխարհայացքից, ապա «ժամանակակից բարքերի» քարոզիչները մեր երկրում գործնականում անելիք չունեն: Ի դեպ, վերը հիշատակված կենտրոնի տվյալների ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոտեցումներում գործնականում տարբերություն չկա տարբեր տարիքային խմբերի միջեւ: Եթե 18-34 տարեկանները նույնքան են մերժում այլասերվածությունը, որքան ավելի տարեց խմբերը, ընդ որում, այդ միտումը դիտվում է Հայաստանում, բայց ոչ այլ հետխորհրդային երկրներում, դա էլ ինքնին ցուցանիշ է: 
Իհարկե, իր ազդեցությունը թողնում է նաեւ գործնականում չդադարող պատերազմի իրողությունը, որը մի տեսակ մոբիլիզացված վիճակում է պահում հանրությանը: Այդ առումով ստացվում է, որ չկա չարիք առանց բարիքի: Իսկ գլոբալ առումով մեր քաղաքացիների` ավանդական արժեքներին կառչած մնալը դժվարացնում է դրսի տիկնիկավարների գործը, քանզի ավանդապահ հանրություններին էապես ավելի դժվար է պարտադրել ինչ-որ բան, կամ մանիպուլյացիաների ենթարկել, քան պղծության նկատմամբ հանդուրժողականություն դրսեւորողներին: Ու հենց մեր բնակչության պահպանողականությունը լրիվ հունից է հանում այլասերվածություն տարածողներին, ինչը կոնկրետ հիմա տեսնում ենք համասեռամոլություն քարոզող երկու ֆիլմերը «Ոսկե ծիրանից» հանելուց հետո սկսված հիսթերիայի տեսքով: 

ՎԵՐՋԻՆ ՄԻՋՈՑԸ 
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է
Դրսի խաղացողների պատվիրած ահաբեկչությունը թերեւս առաջին անգամ դրսեւորվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին: Իսկ դրանից հետո այդ տեխնոլոգիան ակտիվացավ արդեն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ մայդանային տեխնոլոգիաները Հայաստանում չեն աշխատում: 
Երկրորդ ալիքի սկիզբը պետք է համարել թերեւս 2015-ը: Հիշենք դեպի հակասահմանադրական մեթոդները հակված «100-ամյակն առանց ռեժիմի» սէֆիլյանական շարժումը, դրան ածանցված տարբեր զինված խմբերը: Սահմանադրական հանրաքվեից առաջ վնասազերծված  զինված խումբը արդեն իսկ շատ լուրջ զինանոց ուներ, որի գործադրման դեպքում մայրաքաղաքում կարող էին շոշափելի զոհեր եւ ավերածություններ տալ: Ըստ էության, դա արդեն իսկ դասական ահաբեկչության եւ քաղաքացիական պատերազմի հիբրիդ էր: 
Իսկ 2016-ի ամռանը հանցավոր զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը եւ փողոցում հանրային աջակցություն ստեղծելու փորձը արդեն իսկ բավականին լուրջ փորձություն էին մեր պետականության համար: Ճիշտ է, փողոցային ցույցերով զինյալներին աջակցողները առանձնապես շատ չէին, սակայն այդտեղ արդեն սկսել էր ներքաշվել մտավորականության մի մասը: Իսկ փողոց դուրս չեկողների մեջ զինված խմբին համակրողների քանակն էլ ավելի շատ էր: Եվ եթե զինված խումբը ներկայացված լիներ ընտրություններին մասնակցող կուսակցությունով, ապա ԱԺ ընտրություններին կարող էինք ունենալ բավականին տհաճ սյուրպրիզներ: Պատկերացրեք «Ելքից» ավելի մեծ ընդդիմադիր խմբակցություն, որի յուրաքանչյուր անդամն ավելի ագրեսիվ է եւ ծայրահեղական, քան` Զարուհի Փոստանջյանը: 
Իսկ հիմա, երբ ընթանում է զինված խմբի դատավարությունը, դրա շուրջ փորձ է արվում ձեւավորել ահաբեկչության հանդեպ համակրանքի մթնոլորտ: Դրան են ուղղված դատարանում սարքվող բոլոր միջադեպերը: Դրան է ուղղված փաստաբանների ծայրահեղ քաղաքականացումը եւ նրանց սերտ համագործակցությունը գրանտակեր կառույցների հետ: 
Գրանտակերները մոբիլիզացվում են` ի պաշտպանություն զինված խմբի, ընդ որում` համատարած: Եթե անգամ թվում է թե բացարձակապես ապաքաղաքական` կենդանիների պաշտպանությամբ կամ բնապահպանությամբ զբաղվող ՀԿ-ներին են ներքաշում զինված խմբի պաշտպանության ու քարոզչության մեջ, ապա պարզ է, որ արտաքին խաղացողները, ի դեմս տարատեսակ քեռիսորոսների, որոշակի հույսեր են կապում ահաբեկչության քարոզչության հետ: 
Ի դեպ, զարմանալիորեն «երկնքից» հայտնվեցին ֆինանսական միջոցներ, որոնք օգտագործվում են զինված խմբի գործունեության եւ նրա առանձին անդամների գովաբանմանը նվիրված վավերագրական ֆիլմերի ստեղծմանը, եւ նման է, որ  ստեղծվում է ոչ թե մեկ ֆիլմ, այլ` մի ամբողջ սերիալ: Եվ ի՞նչ է նախապատրաստվում լրատվական դաշտում ահաբեկչության եւ զինյալ խռովությունների հերոսականացման քարոզչությամբ: Պետք է ենթադրել, որ ընթանում է հանրային կարծիքի մշակում, որպեսզի հաջորդ զինյալ խումբը ունենա էապես ավելի լայն հանրային աջակցություն, քան` Պավլիկ Մանուկյանի գլխավորածը: 
Թերեւս, Հայաստանին արտաքին կառավարում պարտադրելու հարցում հենց ահաբեկչությունն է այն վերջին հույսը, որի վրա խաղագումար է դրվում: Չէ՞ որ 2018-ի ապրիլից երկիրն արդեն ամբողջովին  անցնելու է խորհրդարանական կառավարման ողջ ծավալին, եւ այդ պայմաններում արդեն նաեւ 6-րդ շարասյուներ վարձել ու հավաքագրելը դժվար է լինելու: Քանզի այդ համակարգում ԱԺ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը կարող է գրեթե անսահման վերադարձնել ցանկացած պաշտոնյաների եւ օպերատիվորեն փոխել ցանկացած պաշտոնյայի, ում կասկածում են հավաքագրված լինելու մեջ: 
Իսկ ահաբեկչության քարոզչությանը չի կարելի թեթեւ վերաբերվել, եւ ժամանակն է, որ իրավապահ համակարգը դրա դեմ կիրառի իր ունեցած լծակները` առանց հաշվի առնելու, թե ովքեր ու որտեղ ինչպիսի վայնասուն կդնեն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА