ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.07.2017 20:15 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Վերջապես լավ լուր հեռուստաաշխարհից: ԱՏՎ հեռուստաընկերության տնօրեն ՌՈՒԲԵՆ ԱՐԱՄՅԱՆԸ մեզ հաճելի զարմացրեց. «Ահա եւ վերջ… Սույն թվականի հուլիսի 24-ից Աթիվի-ն հրաժարվելու է հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալի ցուցադրությունից` չսպասելով դրա ավարտին: Գրեթե 9 ամիս առաջ Աթիվի-ն առաջիններից էր, որ մեկնարկ տվեց հնդկական սերիալների ցուցադրությանը, բայց եկել է ժամանակը փոփոխություններ անելու համար: Ես գիտեմ, որ իմ որոշումը` տակտիկական տեսանկյունից, կարող է լավ միտք չթվալ, բայց ռազմավարական հեռանկարում այն ճիշտ է: Այո՛, հնդկական սերիալներ ցուցադրելը հեռուստաալիքի համար նշանակում է ավելի քիչ ծախսերով ունենալ ավելի ռեյթինգային ծրագիր, բայց հնդկական սերիալներ ցուցադրելը նշանակում է նաեւ աստիճանաբար կրճատել սեփական արտադրությունը»: Դե ինչ, անկախ դրդապատճառներից, լավ է, որ հեռուստադիտողը հեռուստաաղբի մեկ տեսակ պակաս կստանա: Այ, որ կեղծ ռեյտինգների հետեւից չընկնելը դառնա հեռուստաաշխարհի սկզբունք, դրանից էապես կշահեն մեր քաղաքացիները:
Իսկ «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ այնպիսի զարմանալի հայտարարություն է արել, որ դա թերեւս պետք է համարել քաղաքական դաշտի «հնդկական կինոյի» մի տարբերակ. «Թավշյա հեղափոխությունը, եթե մենք կարողանանք հաջողացնել, Ադրբեջանի ախորժակը ամբողջովին կփակի, որովհետեւ այնպիսի Հայաստան, որ մենք ցանկանում ենք ունենալ թավշյա հեղափոխության արդյունքում, եթե կարողանանք ստեղծել, դա հզորացնում է Հայաստանը: Նկատի ունեմ` եթե թավշյա հեղափոխություն իրականացնողները չգան, հետո կդառնան հրեշն իրենք»: Զարմանալի է, այդ որտե՞ղ է պարոն Մարտիրոսյանը կարդացել, որ հեղափոխության որեւէ տեսակ` լինի թավշյա, թե արյունոտ, ուժեղացնի որեւէ երկիր: Ընդհակառակը, պատմական փորձը ոչ մի բացառություն չի ճանաչում: Այ, երբ 1990-ականների սկզբներին մազութային սուլթանատում «թավշյա հեղափոխություն» էր, դա լավ էլ հեշտացրել էր մեր բանակի եւ կամավորական ջոկատների գործը:
Անշուշտ, ցանկացած բարեփոխում ցանկացած հեղափոխությունից լավ է, բայց, օրինակ, առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ բավականին զարմանալի պատկերացումներ ունի բարեփոխումների մասին: Անչափ ոգեւորված նա հայտարարել է հետեւյալը.  «Հիմա գնում է խաղի կանոնների եւ տերմինալոգիայի հստակեցման փուլը` ի՞նչ է նշանակում հիվանդին ժպտալ, կամ ի՞նչ է նշանակում հիվանդին չկոպտել, կամ ի՞նչ է նշանակում պացիենտի հետ չմտնել ոչ աշխատանքային հարաբերությունների մեջ»: Հիմա պատկերացնո՞ւմ եք` բուժհիմնարկների անձնակազմերը ստանալու են նախարարությունից իջեցված հրահանգ, ուր, ասենք, գծագրված է, թե հիվանդին ժպտալիս բուժաշխատողի որ դիմամկանը մյուսի համեմատ ինչ անկյան տակ պետք է լինի, կամ սահմանված կլինի այն բառերի ցանկը, որոնք համարվում են կոպիտ ու անթույլատրելի... Անշուշտ, հենց որ այդ ամենը սահմանվի, բոլոր հիվանդները սրընթաց կառողջանան, միայն թե գլուխները պրծացնեն զարմանալի բաներով զբաղվող հիվանդանոցներից:
Զգուշացեք ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻՑ, անգամ ուղեւորվելով այնպիսի տեղ, ուր տեսախցիկ չկա, անգամ` պետքարան: Այո, զարմանալիորեն այդպես է: Ֆեյսբուքում արդեն շուրջ 9 միլիոն դիտում ունի տեսանյութը, որը նկարել է Virgin Atlantic ավիաընկերության Լոնդոն-Մայամի չվերթի ուղեւորներից մեկը:  Լենտա.ռու կայքը գրում է, որ տեսանյութում այն պահն է, երբ սկզբում կինը, նրա հետեւից տղամարդը, կարծելով, որ իրենց «համատեղ այցը» զուգարան որեւէ մեկը չի նկատի, փորձում են հեռանալ խցից: Ու տեսանյութից պարզ երեւում է, որ եթե կինը շփոթված տեսք ունի, ապա նրա հետեւում կանգնած տղամարդը գոհ ժպտում է: Դե ինչ, խեղճ զույգը ինչպես կռահեր, որ 9 միլիոն մարդու զվարճանքի առարկա կդառնա:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА