ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԻԼԵՐՍՈՆՆ Է՞Լ ԱԼԻԵՎԻՆ ԹՈՂԵՑ «ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ»

12.07.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԻԼԵՐՍՈՆՆ Է՞Լ ԱԼԻԵՎԻՆ ԹՈՂԵՑ «ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ»

Հազիվ էր Թուրքիայի նախագահ Էրդողանը վերադարձել Համբուրգից՝ G20 գագաթաժողովից, որ «փոքր եղբայրը»՝ Իլհամ Ալիեւը, շտապեց Ստամբուլ: Առիթը 22-րդ Համաշխարհային նավթային կոնգրեսն էր: Բայց, հասկանալի է, դա չխանգարեց, որ Էրդողան-Ալիեւ զույգը նորից խոսի Ղարաբաղի մասին:ԱԼԻԵՎԸ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ Է 
ԵՎՐՈՊԱ ԳԱԶ 
ՀԱՍՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նույն կոնգրեսին մասնակցելու համար Ստամբուլում էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որի հետ եւս Ալիեւը կարճատեւ հանդիպում ունեցավ: Եվ այս հանդիպումը բավականին հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս:
Թիլերսոնի հետ հանդիպումն ադրբեջանական աղբյուրները ներկայացնում են որպես մեծագույն ձեռքբերում: Բայց ընդամենը տեղեկացնելով, որ Ալիեւը պետքարտուղարին ներկայացրել է ղարաբաղյան բանակցային գործընթացի եւ ներկայիս սահմանային լարվածության հետ կապված իր պատկերացումները: Միայն թե նույն ադրբեջանական աղբյուրները չեն մանրամասնում, թե ինչ ռեակցիա է ցուցաբերել Թիլերսոնը: Իսկ ահա որոշ թուրքական աղբյուրների ակնարկներից հասկացվում է, որ պետքարտուղարի արձագանքը եղել է ստանդարտ: Այն է, պետք է անհապաղ վերջ դնել սահմանային լարվածությանը եւ ակտիվացնել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում: Եվ վերջ, չի եղել որեւէ արտահայտություն, որից ադրբեջանական քարոզչամեքենան կկարողանար կառչել ու ներկայացներ իրենց ձեռնտու լույսի ներքո: Ու դա այն դեպքում, երբ արդեն մեկ շաբաթից ավել է, որ Բաքուն համառորեն փորձում է աղմուկ սարքել, թե հայկական կրակից իրենց երկամյա երեխան է սպանվել:
Մեկ այլ թեմայից եւս, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ալիեւը խոսել է Թիլերսոնի հետ՝ «Հարավային գազային միջանցքի» մասին: Հիշեցնենք, դա այն նախագիծն էր, որով նախատեսվում էր ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա, որը ժամանակին հենց ԱՄՆ-ն էր փորձում հետեւողականորեն առաջ մղել: Թիլերսոնի արձագանքը հետեւյալն էր, թե ԱՄՆ-ը հետայսու եւս կաջակցի այդ նախագծին: Սակայն անգամ ադրբեջանական աղբյուրներն այդ պատասխանով, թեեւ առաջին հայացքից այն իրենց օգտին է, սակայն առանձնապես չեն ոգեւորվել: Շատ պարզ պատճառով: Նույնիսկ մի կողմ թողնեինք այն հանգամանքը, որ ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններն այն վիճակում չեն, որ Վաշինգտոնը լրջորեն մտածի ԵՄ-ի գազամատակարարման մասին: Փոխարենը  մեկ պարզ փաստ ընդգծենք: Այն պահին, երբ դեռ Ալիեւը Թուրքիայում էր, թուրքական աղբյուրները տեղեկացրին, որ Անկարան եւ «Գազպրոմը» վերջնական համաձայնություն են ձեռք բերել «Թուրքական հոսք» գազատարի ֆինանսավորման շուրջ: Կոնկրետացնենք, խոսքը Սեւ ծովից հետո Թուրքիայի տարածքով անցնող գազատարի շինարարությունը թուրքերի կողմից համաֆինանսավորելու մասին է: Իսկ ծովային հատվածի շինարարությունը, որը սկսվեց անցած ամիս, ակտիվորեն շարունակվում է, եւ արդեն ավելի քան 50 կմ խողովակ է տեղադրված:Եվահա այստեղ նկատենք, որ ժամանակին ԱՄՆ-ը փորձում էր առաջ մղել «Հարավային գազային միջանցքի» գաղափարը հենց դեպի Եվրոպա ռուսական գազի նոր խողովակաշարերի դեմն առնելու համար: Իսկ հիմա «Թուրքական հոսքի» դեմն առնել հնարավոր չէ: Այն պարզ պատճառով, որ այդ նախագիծը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ՝ քաղաքական առումով ¥որպես Եվրոպայի դեմ լծակ¤ մեծապես ձեռնտու է Անկարային: Այսինքն, եթե ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, նախատեսված ժամկետում՝ 2019 թ.-ին «Թուրքական հոսքը» կգործի: Այս կերպ տարեկան մոտ 32 մլրդ խմ գազ ¥կարող է հասնել նաեւ 64-ի¤ կհոսի Թուրքիա, որտեղից կեսը՝ Եվրոպա: Իսկ Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է առաջարկել 10 մլրդ, որի համար  ոչ մեկը ներդրում չի անի՝ մի քանի հազար կիլոմետրանոց խողովակաշար կառուցելու համար: Արդյունքում, Թիլերսոնը ինչքան էլ որ ձեւականորեն հայտարարի «Հարավային գազային միջանցքին» ԱՄՆ-ի հավատարմության մասին, բոլորն էլ հասկանում են, որ «Թուրքական հոսքի» առկայության պարագայում «Հարավային գազային միջանցքը» ոչ մեկին էլ պետք չէ:
Վերջապես այն, որ Ղարաբաղից եւ գազային ծրագրերից հետո Թիլերսոնը սկսեց խոսել Ադրբեջանում «դեմոկրատիայի զարգացման» անհրաժեշտության մասին, հուշում է, որ այդ հանդիպումն Ալիեւին ոչինչ չտվեց:

ՇՈՈՒՆ ԻՐՈՔ ՉՍՏԱՑՎԵՑ
Թիլերսոնի հետ հանդիպումից բացասական էֆեկտ կարելի է տեսնել: Նախ, այս հանդիպումն իր հերթին ցույց տվեց, որ վերջին սահմանային սրացումները երկամյա աղջկա զոհվելու հետ կապելով՝ քարոզչական շոու սարքելու եւ դիվիդենտներ քաղելու փորձը չստացվեց: Ընդ որում, Բաքուն ի սկզբանե փորձում էր քարոզչությունն ուղղել նաեւ Մինսկի խմբի դեմ, վերջինիցս պահանջելով հասնել «իր տարածքներից» հայկական ուժերի դուրսբերմանը: Հասկանալի է, ՄԽ-ն նման բան անել չի կարող, եւ դա Բաքուն կարող էր օգտագործել նաեւ ներկայիս բանակցային ձեւաչափից հրաժարվելու համար: Սակայն հիմնականում արձագանքն առնվազն չեզոքությունն էր, իսկ առանցքային ուժերը, ինչպես եւ սպասելի էր, շեշտը դրեցին նաեւ լարվածությունը բացառելու, որի տողատակերում էլ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման, այն է՝ սահմանային հսկողության մեխանիզմների ներդրման վրա: Բաքվի վերջին հույսն ԱՄՆ-ի ռեակցիան էր, որը մինչ այս հստակ չէր հնչել: Միգուցե կար այն սպասումը, որ Վաշինգտոնը կփորձի Հարավային Կովկասում գնալ Մոսկվայի հետ հարաբերությունները սրելուն, եւ այդ դեպքում նորից հնարավոր կլիներ վերադառնալ այդ գերուժերի հակասությունների վրա «խաղալու» հին պրակտիկային: Եվ ահա այստեղ էր, որ Թիլերսոնի հետ հանդիպումն ավելի շուտ հիասթափեցնող էր:

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Չնայած, դա էլ էր սպասելի: Ամերիկյան ներկայիս վարչակազմի քայլերից այդպես էլ դեռ չի հասկացվում, թե ինչ քաղաքական մոտեցումներ ունեն հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Ու երբ Թիլերսոնը խոսում է վաղուց մոռացված «Հարավային գազային միջանցքից», դա հուշում է, որ նոր ասելիք պարզապես չկա: Այսինքն, որ դեռ Սպիտակ տանն անգամ առնվազն չկա հարավկովկասյան ռազմավարության մասին հստակ պատկերացում: Ի դեպ, հենց նույն բանն էր վերջերս պնդում «Քարնեգիի ինստիտուտը»՝ իր «ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում» զեկույցով: Որ ԱՄՆ-ն, թեեւ շահեր ունի հարավկովկասյան տարածաշրջանում, սակայն դրանք առաջնային չեն: Իսկ ահա նույն ինստիտուտի ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին օրերս այս մեկնաբանությունը տվեց՝ «Անհրաժեշտ է վերհանել եւ հասկանալ, թե որոնք են ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում, թե որոնք են իրատեսական՝ դրանց հետեւելու համար»: Եվ եթե նոր է պետք շահերը հասկանալ, ապա դա եւս հուշում է, որ Սպիտակ տունը չի էլ կարող ունենալ համապատասխան քաղաքական ռազմավարություն: Իսկ եթե այդ շահերն ու ռազմավարությունը մշակվի, ապա դա էլ կարող է Ալիեւին  չօգնել: Նույն Սթրոնսկու գնահատմամբ. «Տարածաշրջանը փոփոխության է ենթարկվում: Նախկինում ԱՄՆ-ի կենտրոնացումն էներգետիկ ռեսուրսների վրա արդեն այդքան էլ արդիական չէ, որքան կարեւոր էր 10 տարի առաջ...»: Մինչդեռ 1994թ. զինադադարից ի վեր հենց այդ «էներգետիկ ռեսուրսները» քաղաքական առուծախի միջոց դարձնելու վրա էր Ադրբեջանը Արցախը վերցնելու ողջ քաղաքականությունը կառուցել:
Ամեն դեպքում, քանի դեռ ԱՄՆ-ը չի հստակեցրել իր հարավկովկասյան շահերն ու ռազմավարությունը, Վաշինգտոնը, թերեւս, կմնա «ստանդարտ» դաշտում. «Անթույլատրելի է լարվածության աճն ու պետք է ՄԽ-ի շրջանակներում բանակցել»: Իսկ դա  նշանակում է, որ այս ուղղությամբ Բաքուն առանձնապես հույսեր հազիվ թե կապի:
Բայց մյուս կողմից էլ մնում է Մոսկվան: Ռուսները, ճիշտ է, հրետանային հրթիռների հերթական խմբաքանակը մատակարարեցին Ադրբեջանին, որը նախ Բաքուն, ապա՝ մեր արեւմտամոլները փորձեցին հերթական քարոզչական շոուն սարքել: Բայց այն փաստը, որ մինչ այս այլ զինատեսակների շատ ավելի ազդեցիկ խմբաքանակներ էին  եկել Հայաստան, հուշում է, որ իրականում այս կերպ պարզապես մի փոքր հավասարեցվում է ռազմական բալանսը: Իսկ քաղաքական հարթությունից, հիշեցնենք, ՌԴ ԱԳՆ-ն եւս արտահայտվել էր «անթույլատրելի է լարվածության աճն ու պետք է ՄԽ-ի շրջանակներում բանակցել» բանաձեւի օգտին: Նաեւ փաստը, որ Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Նալբանդյանը հանդիպեց Լավրովի հետ, իր հերթին է շատ բան ակնարկում: Կարեւոր ազդակ էր նաեւ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Աբաշիձեի հերթական հանդիպումից հետո արված հայտարարությունը, թե Աբխազայի եւ Հարավային Օսիայի տարածքով ճանապարհների վերաբացման հարցում կա լուրջ առաջընթաց:
Այսպիսով, այս ֆոնին էլ երեկ տեղի ունեցավ ՄԽ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Իհարկե, մինչ հանդիպումն էլ սպասելիքները նույնն էին՝ բանակցային ճեղքում չի լինելու: Բայց նաեւ նկատենք, որ էլ ավելի սուր դրվեց սահմանային միջադեպերի կանխման խնդիրը: Չնայած, դա էլ դեռ բավարար չէ սայլը տեղից շարժելու համար: Բայց նաեւ նկատենք, որ ճնշումները շարունակվում են սրվել, իսկ փորձագետներն արդեն խոսում են պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունից, նաեւ, որ պետք է հակամարտող կողմերի միջեւ բաժանարար ուժեր տեղակայել: Ընդ որում, խոսքը նաեւ այն փորձագետների մասին է, որոնք տեսանելի կապեր ունեն Կրեմլի կամ Սպիտակ տան հետ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА