ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶՀԱՑ ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ

12.07.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԶՀԱՑ ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ

Արտախորհրդարանական ընդդիմության գոյությունը հանրությունն այսօր չի էլ նկատում, իսկ ինչ վերաբերում է խորհրդարանականին, ապա ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա են դառնում Նիկոլ Փաշինյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած, սակայն օրենսդիր մարմնին ոչ սազական սկանդալային հայտարարությունները: Մեկ պատրաստվում է «պադյեզդում շիշը տալ գլխին», մեկ` «քուանշ» է հայտարարում գլխավոր դատախազին: ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ՞ՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ 
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Հանրահայտ փաստ է, որ խորհրդարանական կառավարման մոդելին վերջնական անցումը տեղի է ունենալու 2018-ի ապրիլին: Ու, բնականաբար, շատերին հետաքրքրող հարց է, թե այդ ժամանակ ինչ կառավարություն է ձեւավորվելու, եւ ով է լինելու այդ կառավարության գլուխը: 
Անշուշտ, արտաքին խոշոր խաղացողները ցանկություն ունեն այս կամ այն չափով ներազդել այդ գործընթացի վրա: Սակայն չկան այն ընդդիմադիր միավորումները, որոնց միջոցով դա հնարավոր կլինի: Արտախորհրդարանական ընդդիմադիրները, ինչպես նաեւ, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակությունը» սեփական թուլության հետեւանքով պիտանի չեն որպես գործիք: Տարիներ, անգամ տասնամյակներ շարունակ դրանք դիտարկվում էին որպես «գունավոր» հեղաշրջման միջոց, եւ, ըստ այդմ, նախապատրաստվում էին եւ ստանում ֆինանսավորում: Սակայն հատկապես 2016-ի աշնանից պարզ դարձավ, որ հեղաշրջումային բոլոր ռեսուրսները սպառված են, ինչի հետեւանքով էլ կտրուկ նվազեց ինչպես էքստրեմիստական ուղղվածության կուսակցությունների, այնպես էլ` գրանտակեր ՀԿ-ների ֆինանսավորումը: Իսկ առավել կառուցողական խնդիրների լուծմանը նրանք բացարձակապես պատրաստ չեն: Որպես ազդեցության գործիք` առանձնապես պիտանի չեն եւ «չափավոր» այնպիսի միավորումները, ինչպիսին է Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը: Նախորդ տարիների գործունեությունը, որն անընդհատ ուղեկցվում էր կոալիցիա մուտք գործելով եւ այդտեղից դուրս գալով, բացասաբար է անդրադարձել նրանց վարկանիշի վրա, եւ ինչպես ցույց տվեց փորձը, սեփական ռեսուրսները չհերիքեցին խորհրդարան անցնելու համար: Սեփական ռեսուրսների անբավարարությունը եւ հանրության կողմից բավարար ճանաչելիությունը լուրջ խնդիր են նաեւ Հնչակյան, Արմենական եւ այլ քաղաքական նախագծերի համար: 
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա ե՛ւ «Ելքը», ե՛ւ Ծառուկյան դաշինքը ունեն մեկ գերխնդիր` պահպանել եւ հնարավորինս  ավելացնել սեփական վարկանիշը` հաջորդ ընտրություններին ավելի լավ արդյունք արձանագրելով: Կառավարություն-2018-ի վրա նրանք գործնականում ազդելու հնարավորություն չունեն, ինչը նաեւ, ըստ էության, խոստովանել են: «Ելքից» Սասուն Միքայելյանը կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի վարչապետությունը ստանձնի Սերժ Սարգսյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մեջ ոչ մի խնդիր չի տեսնում: Բայց ԲՀԿ-ի այդ դիրքորոշման մեջ կա նաեւ այն բաղադրիչը, որ նրանք, այնուամենայնիվ, հույս ունեն 2018-ին կոալիցիայում գրավել դաշնակների տեղը: Իսկ ընդհանուր առմամբ, պարզից էլ պարզ է` 2018-ին ե՛ւ կառավարության, ե՛ւ վարչապետի հարցը լուծվելու է բացառապես ՀՀԿ-ի կողմից: Այդ պարզ ճշմարտությունը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը արդեն այնքան է ասել, որ քաղաքականացված զանգվածները դա անգիր են արել: 
Սակայն սահմանադրական բարեփոխումը տրամաբանական ավարտին հասցնելու տեսանկյունից կարեւորը հետեւյալն է` արդյո՞ք ինչքանով Ծառուկյան դաշինքն ու «Ելքը» պատրաստ են կատարելու սահմանադրական ինստիտուտի գործառույթը: Չէ՞ որ, ըստ Սահմանադրության, ընդդիմությանն այժմ սահմանադրական ինստիտուտ է, քանզի հենց Սահմանադրությամբ նախատեսված են ընդդիմադիր որոշակի պաշտոններ եւ լծակներ, ինչպես նաեւ հստակ վերահսկողական եւ պառլամենտական հետաքննության գործառույթներ: 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ 
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ 
ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
«Ելքը», որպես երրորդ խորհրդարանական ուժ, հիմնական հույսը դրել է պոպուլիզմի վրա: Հենց այդ պատճառով է, որ նրանք հիմնականում հանդես են գալիս ոչ կառուցողական, այլ ամպագոռգոռ ելույթներով, իսկ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ դրսեւորում է ոչ պառլամենտական վարքագիծ: Բայց միաժամանակ այդ դաշինքը կազմող կուսակցություններին խանգարում է ուռճացված ամբիցիաների հանգամանքը: Դրա հետեւանքն է, որ ինը պատգամավորով կարող են տասը կարծիք հայտնել, եւ միասնական կուսակցություն դառնալու փոխարեն (ինչպես խոստանում էին ընտրություններից առաջ) նրանք սահուն անցում են կատարում դեպի 2012թ. նմուշի ՀԱԿ խմբակցության ճակատագիրը: Այսինքն` դեպի տարաբաժանում եւ պառակտում: Հենց այդ կենտրոնախույս միտումներն էլ ինչ-որ տեղ նպաստում են խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ոչ այնքան կոնվենցիոնալ վարքագծի` նա ձգտում է անկախ «Ելք» դաշինքի հետագա ճակատագրից ինքն իր համար ամրագրել «ժողովրդական առաջնորդի» կարգավիճակը: 
Իսկ Ծառուկյան դաշինքը, ըստ էության, դեռեւս վերջնական չգիտի` ինքն ընդդիմությո՞ւն է, թե` իշխանությանը կցված օժանդակ մարմին, որը ժամանակի ընթացքում պետք է իշխանական կոալիցիայի մաս կազմի: Ի դեպ, թող տարօրինակ չթվա` նաեւ «Ելքին» ձեռնտու է, որպեսզի Ծառուկյան դաշինքը 2018-ին դառնա իշխանական կոալիցիայի բաղկացուցիչ մաս: Այդ դեպքում նրանք կդառնան միակ ռեալ ընդդիմությունը, իսկ դա մեծ դիվիդենտներ է բերում: Ի վերջո, ընդդիմադիր տրամադրություն ունեցող բողոքավոր ընտրազանգվածը, որը երբեք իշխանությանը քվե չի տալիս, 2022-ի ընտրություններին ինչ-որ մեկին պետք է տա իր քվեները: Եվ եթե 2013-ին առավել քան կես միլիոն մարդ իրենց քվեները տվել էին քաղաքական եւ մարդկային այնպիսի խոտանին, ինչպիսին է Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա դրա համեմատ ե՛ւ Նիկոլ Փաշինյանը միայնակ, ե՛ւ առավել եւս, «Ելք» դաշինքի թիմը ավելի շահեկան տեսք են ունենում:
Իսկ եթե 2018-ին Հանրապետականները Ծառուկյան դաշինքին ոչ թե վերցնեն կոալիցիա, այլ վերջնական քշեն ընդդիմադիր հարթություն, ապա «Ելքի» ու Ծառուկյան դաշինքի միջեւ ծավալվելու է կատաղի մրցակցություն ընդդիմադիր քվեների համար, եւ հենց այդ մրցակցության տրամաբանության մեջ են տեղավորվելու նրանց բոլոր գործողությունները 2018-2022թթ. ժամանակահատվածում: 

ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Ընտրություններում ջախջախիչ պարտություն կրելուց հետո ՕՐՕ դաշինքի բեկորները, կարծես թե, պատրաստվում էին ստեղծել ավելի լայն ընդդիմադիր միավորում, ինչը եւ արտացոլվել էր «Ժառանգություն» կուսակցության համագումարի հռչակագրում: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի` միավորման կոչին չեն շտապում արձագանքել անգամ ոչ խորհրդարանական ուժերը, իսկ խորհրդարանական ընդդիմադիրները այդ կոչը պարզապես ծաղրանքի են ենթարկում: Ու դժվար թե ամռան ընթացքում այդ միավորումը գլուխ գա, թեեւ տպավորություն կա, որ այդ գործընթացի տակ «քեռի Սորոսը» եւ այլ «քեռիներ» որոշակի ոչ ճոխ ֆինանսավորում հատկացրել են, կամ` խոստացել: 
Սեփական աճի ներուժը գործնականում ոչնչացրել է Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությունը: Երեւանի ավագանու իր երկու` կառուցողական աշխատանքի տրամադրված ներկայացուցիչներին անվստահություն հայտնելով եւ գերապատվությունը բացառապես լաչառական մեթոդներին տալով, Զարուհի Փոստանջյանը սեփական ձեռքով քանդեց սեփական քաղաքական ապագայի բոլոր հույսերը: 
Ընդհանրապես ծայրահեղական ընդդիմադիրները բացի լուսանցք քշվելուց կամ ընդհանրապես քաղաքական դաշտից դուրս թռնելուց, այլ ապագա չունեն: ՊՊԾ գունդը գրաված հանցավոր զինյալ խմբի դատավարությունն էլ չի ստացվում օգտագործել որպես PR-ի առիթ, քանզի մի կողմից` չի ստացվում զինյալներից հերոսի կերպար կերտելը, մյուս կողմից` դատավարություններն ընթանում են դեպի սկանդալային աղմուկի աստիճանական «մաշեցում»: Այլ հարց է այնպիսի արտախորհրդարանական ուժերի ապագան, ինչպիսին է, օրինակ, Հնչակյանների քաղաքական նախագիծը: Զորօրինակ, այդտեղ, ի տարբերություն «Ելք» դաշինքի, բավականին հաջող ստացվեց գաղափարապես մոտիկ փոքր կուսակցությունների միաձուլումը եւ խոշորացման ուղղությամբ շարժվել են: Թե ինչ պաշար կունենա այդ նախագիծը 2022-ի շեմին` դա էապես կախված է հենց իրենց աշխատանքից: 
Իսկ նախկին երկու նախագահների թիմերի քաղաքական ապագան, կարծես թե, միանգամայն փակուղային է: Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը իր հողատու խաղաղասիրությամբ այնպես ջախջախվեց ընտրություններին, որ ոտքի կանգնելու հետագա շանսերը գործնականում զրո են: Ինչ վերաբերում է շոշափելի նյութական ռեսուրս եւ իշխանության տարբեր օղակներում յուրային ներկայացուցիչներ ունեցող Ռոբերտ Քոչարյանին, ապա նման է, որ ՀՀԿ-ն ՀՀ երկրորդ նախագահին գործնականում շանս չի թողել այս կամ այն կերպ ներազդելու կառավարություն-18-ի ձեւավորման վրա: Ու թերեւս դա է պատճառը, որ այժմ Ռոբերտ Սեդրակիչը ավելի շատ ապրում է արտերկրում, քան` Հայաստանում: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА