ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.07.2017 20:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը համաշխարհային վայնասուն է դրել Ալխանլու գյուղում կրակակետ ոչնչացնելու կապակցությամբ: Դա բնական է, բայց զարմանալի է, որ Հայաստանում գտնվեց պաշտոնապես Ադրբեջանին ձայնակցող կառույց: Այն կոչվում է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, որը տարածել է հայտարարություն. «2017 թվականի հուլիսի 4-ին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական Ալխանլու գյուղում հայկական զինված ուժերի կողմից արձակված կրակի հետեւանքով զոհվել են տարեց կին եւ նրա երկու տարեկան թոռը, մեկ այլ կին վիրավորվել է»: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը խորապես ցավում է անմեղ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ եւ կոչ է անում...»: Իսկ հիմա տեսեք, թե ում է կոչ անում եւ ինչպիսի. «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) իշխանություններին` անաչառ հետաքննություն անցկացնել` պարզելու կատարվածի հանգամանքները, եւ հանցակազմի ապացույցների հիման վրա պատժել բոլոր մեղավորներին»: Դե ինչ ասես սրան, պարզապես պատեհ բառապաշարը թերթում օգտագործելու բան չի...
Առանձնապես հեռուն չեն գնացել եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ: Կրկին ամեն ինչում հավասարության նշան, իբր թե անտեղյակ են: Հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ «ստացել են տեղեկատվություն հուլիսի 4-ի ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղի շրջանում բռնության վերսկսման մասին, որը պատճառ է դարձել մարդկային կորուստների, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում»: «Մինսկի խումբը հրատապ կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն ծնում է հետագա բռնություն եւ ոչինչ չի տալիս: Այս երկարատեւ հակամարտության լուծման միակ պատասխանատու եւ մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքով բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ: Լավ, դուք հո մուլտֆիլմի Լեոպոլդ կատուն չե՞ք, վերջապես ե՞րբ եք բարեհաճելու Բաքվին ստիպել, որպեսզի ներդրվի հետաքննության մեխանիզմ, որը եւ մշտապես պատասխան կտա այն հարցին, թե ով է մեղավոր:
Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ ոք չի սիրում, նորություն չէ: Եվ ահա ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ երկրորդ անգամ շատ դաժան վարվեց այդ մարդու հետ` ասելով, որ նման քաղաքական գործիչ չկա եւ ծաղրելով նրա` միավորվելու եւ «թավշյա հեղափոխություն» իրականացնելու կոչը. «Քնից զարթնե՞ց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընտրություններից առաջ այդ բոլորն ասվում էր, եւ նա հիմնական խառնակիչն էր: Միայն ես չեմ դա ասում, «Ելք»-ից Գեւորգ Գորգիսյանն էլ ասաց` երբ մենք բանակցություններ էինք վարում, հիմնական խոչընդոտողը դու էիր, Րաֆֆի Հովհաննիսյան: Ի՞նչ միավորման մասին ես խոսում»: Դե, ճիշտ է ասում Հայրիկյանը, միավորվելու ամենալավ առիթը ընտրություններն են, իսկ ընտրություններից հետո բռունցք չեն ճոճում:
Պարզվում է, որ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻՆ չեն սիրում ոչ միայն սորոսականներն ու քլինթոնականները, այլեւ Իրանը: Ամբողջ աշխարհից հարյուրավոր ծաղրանկարիչներ  մասնակցել են Իրանում կայացած ծաղրանկարների մրցույթին: Թեման եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ «Թրամփիզմ» (Trumpism) մրցույթում հաղթել է իրանցի նկարիչ Հադի Ասադի աշխատանքը, որտեղ Թրամփը պատկերված է դոլարից պատրաստված հագուստով,  գրքերի տրցակով եւ վառվող մազերով: Ընդ որում, ցուցահանդեսում ներկայացված է եղել Իրանից եւ եւս 74 երկրից 1614 նկարչի աշխատանք: Ցուցահանդեսին մասնակցել են նաեւ մի քանի նկարիչներ` ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է ընդամենը նշել, որ ծաղրանկարից դեռ ոչ ոք չի մեռել: Ի վերջո, Թրամփը հո մեր օլիգարխների թայը չէ: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА