ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՎԵԼՅԱԼ ՋՈ՞ՒՐ, ԹԵ  ԲԵՐՔԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՌԻՍԿ

30.06.2017 22:15 ԶԱՐԿԵՐԱԿ
ՀԱՎԵԼՅԱԼ ՋՈ՞ՒՐ, ԹԵ  ԲԵՐՔԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՌԻՍԿ

Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառից բացի, լրացուցիչ 100 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագիծը մեծ վրդովմունք է առաջացրել  բնապահպանների շրջանում: Ըստ նրանց, Սեւանից լրացուցիչ ջրի բացթողման դեպքում, կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի նոր ճահճացման գործընթացին: Բայց նաեւ կա ոռոգման խնդիրը, որը սակավ լցված ջրամբարների եւ սպասվող շոգերի պարագայում նույնպես շատ կարեւոր է: Այսպիսով, Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելը պարտադի՞ր է, ինչ հետեւանքների կարող է այս ամենը հանգեցնել. ինչպե՞ս վարվել լճի ապագա-գյուղատնտեսության վիճակ հակադիր շահերի պարագայում: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց մասնագետների հետ:
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ղեկավար ԷՎԵԼԻՆԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ.
- Սեւանա լճից լրացուցիչ ջրի բացթողման հեղինակները պնդում են, թե այդ ամենի նպատակն Արարատյան դաշտավայրի անջրդի տարածքների ոռոգումն է: Փաստորեն, ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջուր չի կուտակվել: Մինչդեռ, ըստ իս, այս ձմեռը բավականին ձյունառատ էր, եւ պետք է, որ ջրամբարները լցված լինեին ու Սեւանին դիմելու անհրաժշտություն չլիներ: Կարծում եմ` Սեւանից լրացուցիչ ջրի բացթողումը սխալ է, այն դեպքում, երբ մեր առջեւ կլիմայի փոփոխության մտահոգիչ հեռանկարներ կան: Այսինքն` կարող է լինել գերտաքացման խնդիրներ, ու ամեն տարի հո չե՞նք կարող լրացուցիչ ջուր բաց թողնել, որպեսզի ոռոգման հարցերը լուծենք: Այն դեպքում, երբ ոռոգման համակարգը, լավագույն դեպքում, 40 տոկոս ջրային կորուստներ ունի: Այս հարցերը լուծելու փոխարեն ընտրել են հեշտ ճանապարհը: Ու այդպես միշտ՝ երբ խնդիր է առաջանում, անմիջապես դիմում են Սեւանից լրացուցիչ ջուր բացթողնելուն: Կտրուկ դեմ եմ լճից սահմանված չափից ավելի ջրբացթողումներին: Տասնյակ տարիներ 170 մլն խորանարդ ջուր են բաց թողել լճից, եւ, չգիտես ինչու, վերջին տարիներին լրացուցիչ ջրի բացթողման հարցն անընդհատ բարձրացնում են: Այժմ հասել ենք այնպիսի վիճակի, երբ համեմատաբար կայունություն է հաստատվել լճի որակի հետ կապված, եւ միայն մեր հետագա քայլերից է կախված դրա պահպանությունը: Եթե ջրի մակարդակն անգամ 1սմ-ով իջնելու է, ապա դեմ եմ ջրբացթողումներին: Ծայրահեղ դեպքում, եթե մակարդակի փոփոխություն տեղի չունենա, կարող եմ համաձայնվել:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի նախագահ, բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ.
- Միշտ ասում ենք բնապահպանության մեջ միակ դրական աճը, որ գրանցել ենք, վերաբերում Է Սեւանի ջրի մակարդակի եւ դրան զուգահեռ՝ ջրի որակի բարձրացմանը: Լրացուցիչ ջրի բացթողման հետեւանքով այս ամենը մենք կկորցնենք: Լճի մակարդակը բարձրացնել ու իջեցնել տիպի փորձարկումներ ոչ մի դեպքում չի կարելի անել: Այս ամենի հետեւանքով կարող է ջրի որակի անկում գրանցվել: Ի վերջո, հեշտ է անցնել սահմանը, որից հետո լիճն այլեւս ի զորու չի լինի վերադառնալ նորմալ վիճակի: Տնտեսական մոտեցումներով են բացատրում: Բայց եթե այդպես վարվեն, ապա կունենանք ոչ միայն էկոլոգիական, այլեւ՝ տնտեսական վնասներ: Այդ թվում, որակի վատթարացման դեպքում նման ջրով այլեւս չենք կարողանա ոռոգումներ կատարել, օգտագործել արդյունաբերության մեջ, զարգացնել տուրիզմը: Կարճաժամկետ մտածելը շատ սխալ է:
«Բլեջան» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ ԼԻԱՆԱ ԱՍՈՅԱՆ.
- Սեւանա լճից լրացուցիչ ջրի բացթողման հետ կապված որեւէ հիմնավոր պատճառ չեն բերում: Իմ կարծիքով, դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Արարատյան դաշտի բնակիչները պնդում են, որ այդ ջուրն իրենց պարզապես չի հասնում: Էներգետիկ նպատակներով, միգուցե արդյունավետ է, սակայն բնապահպանական առումով մեկ լիտրի ջրի բացթողումն արդեն խնդիր է, որովհետեւ լիճը նոր է սկսել առողջանալ: Ջրի բարձրացման հետեւանքով լիճն իր համար նոր տարածքներ է ազատել: Այս պահին ունենք մոտ 50 տեսակի ջրաճահճային թռչունների վերադարձ: Եթե ջուրը սկսի նվազել, չգիտեմ` ինչ տեղի կունենա, առանց այդ էլ հազիվ բնադրավայրեր են ստեղծվել, եւ հնարավոր է, որ մենք դրանք կորցնենք: Այժմ կլիմայական խնդիրներ ունենք, եւ որեւէ մեկը չգիտի, թե հաջորդ տարի ինչ կլինի: Ախր չեն հիմնավորում՝ ինչու են հավելյալ բացթողում ցանկանում: Եթե հիմնավորեն, գուցե մենք էլ նրանց հետ համաձայնենք եւ գնանք երկխոսության: Եթե ՀՀ բնապահպանության նախարարությունը  նպատակահարմար չի համարում լրացուցիչ ջրի բացթողումը, կարծում եմ, սրա հետ պետք է հաշվի նստեն բոլոր նախարարությունները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА