ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ԵՄ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ԱՅՍ ԲԱԽՈՒՄԸ

23.06.2017 21:30 ԶԱՐԿԵՐԱԿ
Ի՞ՆՉ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ ԵՄ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ԱՅՍ ԲԱԽՈՒՄԸ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտնի հայտարարությունների եւ դրանց տրված պատասխանների շուրջ սկանդալային զարգացումները դեռ շարունակվում են: Եվ այս ֆոնին, առաջ է գալիս այս հարցը՝ ինչու հանկարծ ԵՄ պատվիրակության ղեկավարի եւ Հայաստանի միջեւ տեսանելի դարձան այս տարաձայնությունները, ի՞նչ իմաստ ունի այս ամենը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ: 
ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ փաստեց.
– Դժվար է ասել, թե ինչու հենց այժմ սկսվեց այս «փոխհրաձգությունը»: Բայց պետք է նկատենք, որ Սվիտալսկին առանձնապես քննադատական խոսք չէր հնչեցրել: Բազմաթիվ նման քննադատությունների կարող ենք հանդիպել թե՛ ամերիկյան դեսպանատան կողմից, թե՛ այլ երկրների դեսպանատների կողմից: Այսինքն, Սվիտալսկին խորհրդատվության տեսքով կարծիք էր արտահայտել, իսկ իշխանություններն այն ընդունեցին փշերի վրա, ինչը, իմ կարծիքով, պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս պարագայում կասկածի տակ է դրվում ընտրությունների լեգիտիմությունը: Չեմ կարծում, որ այս ամենն ուղղակի կապ ունի աշնանը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ստորագրվելիք համաձայնագրի հետ: Հայաստան-ԵՄ հարաբերությունները բազմաշերտ են, եւ այնտեղ մեկ անձը չի կարող որոշիչ դեր ունենալ հարաբերությունների ակտիվացման եւ պասիվացման վրա: Միայն Սվիտալսկիով չպետք է դատել ԵՄ-Հայաստան հարաբերությունները, չեմ կարծում` այս հարաբերություններն այն տեսքն ունեն, ինչ տեսք այժմ ունի Սվիտալսկու եւ Հայաստանի իշխանությունների հարաբերությունները:
Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության եւ իրավունքի ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ նկատեց.
– Կարծում եմ, բոլոր երկրներն էլ կարիք ունեն բարելավելու ընտրությունների կարգը, այդ թվում Հայաստանը: Գուցե այս ամենը աղմուկ բարձրացրեց այն պատճառով, որ այս շրջանում մեր երկիրը կառավարման նախագահական ձեւից անցնում է վարչապետականի: Չեմ կարծում, որ այս հայտարարությունն այդքան քննարկման կարիք ունի:
Քաղաքական եւ միջազգային հարցերով փորձագետ ՄԱՆՎԵԼ ՂՈՒՄԱՇՅԱՆԸ նշեց.
– Կան որոշակի գործընթացներ, որոնք ունեն իրենց դրական ու բացասական կողմերը, խոչընդոտները` լինի ԵՏՄ-ի, թե` Եվրամիության հետ: Դրանք պետք է հաղթահարել: Ազնիվ ճանապարհ անցնելու համար պետք է ցույց տալ նաեւ թերությունները: Բնականաբար, Պ. Սվիտալսկու հայտարարությունները կընդունվեր ցավագին: Մինչեւ այժմ Եվրամիությունը հայտարարել է, որ ընտրություններում նախորդների համեմատ Հայաստանը քայլ առաջ է արել, իհարկե, սա ճշմարտություն է, բայց սրան զուգահեռ պետք է ցույց տալ նաեւ ընտրությունների թերությունները: Այս աշնանը նախատեսված է ստորագրել ԵՄ–Հայաստան համաձայնագիրը, գուցե այն պահանջում է ավելի ինտենսիվ աշխատանք Հայաստանը Եվրամիությանն ինտեգրելու համար: Իմ կարծիքով` Սվիտալսկու հայտարարությունը չպետք է դիտարկել միայն վատ կողմից, պարզապես այն պետք է ընդունել, որ ընտրական գործընթացի մեջ դեռեւս կան որոշակի թերություններ: Մյուս կողմից էլ հասկանում եմ, որ հայտարարություննեը էմոցիոնալ են ընդունվել զուտ այն առումով, որ ընտրությունները նոր են ավարտվել: Եվրամիության կողմից չեմ տեսնում որեւէ սահմանափակում Հայաստանի հետ հարաբերություններում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА