ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիական պատերազմից ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի

19.06.2017 19:03 ԹԵՄԱ
Սիրիական պատերազմից ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի

Սիրիական պատերազմից բռնկվելուց ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի: «Արմենպրես»­-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ Լեւոն Անտոնյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը նրանց նկատմամբ որդեգրել է ջերմ եւ հյուրընկալ մոտեցում:

«Նրանց նկատմամբ քաղաքականությունը չի տարվում որպես փախստականների: Սիրիահայերի համար հնարավորինս պարզեցվել է քաղաքացիություն ստանալու գործընթացը: Մեծ մասը ստացել է ՀՀ քաղաքացիություն: Տրվել է կրթական, մշակութային գործունեություն ծավալելու, աշխատանքի տեղավորման հնարավորություն: Բազմաթիվ քայլեր ձեռնարկեցինք, որ նրանք հեշտ ինտեգրվեն:

Պետության, միջազգային, հասարակական կազմակերպությունների կողմից ամեն ինչ արվել է, որ առողջապահական ծառայությունները հասանելի լինեն, համալսարաններում ուսման վարձը փոխհատուցվի, բնակարանային կարիքներն ենք հոգացել: Աջակցել ենք բիզնեսների ձեւավորմանը՝ տալով արտոնյալ պայմաններով վարկեր»,­- ասաց Լեւոն Անտոնյանը:

Նա նշեց, որ Հալեպում իրավիճակի կայունացումից ի վեր, որոշ ընտանիքներ եւս եկել են Հայաստան, ընթացիկ տարում շուրջ 75 հոգի տեղափոխվել է Երեւան: Կան սիրիահայեր, որոնք Հայաստանից տեղափոխվում են Հալեպ, սակայն դրանք առանձին դեպքեր են, որեւէ հոսք չի նկատվում:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղյանը նշեց, որ սիրիահայերի առաջնային խնդիրներից է աշխատանքի հարցը:

«Հայաստանում սիրիահայերն աշխատում են, սակայն աշխատանքի վարձատրությունն այն չէ, ինչ Սիրիայում էր, դա, իհարկե, խեղճացնում է, սակայն, չնայած դժվար պայմաններին, շատերը նախընտրում են մնալ այստեղ»,­ասաց Ջորջ Բարսեղյանը: Նրա խոսքով՝ սիրիահայերի աշխատանքային հմտությունները զարգացած են, նրանք տիրապետում են լեզվին, տարբեր ոլորտներում դրսեւորվելու հնարավորություն ունեն:

Սիրիահայերը հիմնական հանդես են գալիս սպասարկման ոլորտում` բացել են սեփական ռեստորաններ, սննդի կետերը: Աշխատում են արվեստի, գիտության, առողջապահության ոլորտում:

«Առաքելություն Հայաստան» ՀԿ Փախստականների հարցերով ծրագրերի բաժնի ղեկավար Սոֆի Ներսիսյանը տեղեկացրեց, որ իրենք աշխատում են տարբեր երկրների փախստականների հետ: Այս տարի իրենց հիմնական շահառուների թիվը հասել է 6 հազարի:

«Նրանք մեր սիրիահայ հայրենակիցներն են, ինչպես նաեւ փախստականներ Ադրբեջանից, Իրաքից, Իրանից: Աշխատում ենք նաեւ ապրիլյան պատերազմի հետեւանքով Թալիշից, Արցախի այլ շրջաններից տեղահանվածների հետ: Մատուցում ենք սոցիալ­-առողջապական ծառայություններ, տրամադրվում է խնամք, հումանիտար օգնություն, դրամական աջակցություն, բնակարանի վարձի մասնակի փոխհատուցում, սոցիալական տներով ապահովում: Պետք է նշեմ, որ փախստականները հիմնականում կացարանային խնդիր ունեն, ինչպես նաեւ աշխատանքի»,­- ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА