ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը մարզերում եւ Արցախում

19.06.2017 17:04 ՄՇԱԿՈՒՅԹ
Երեւանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը մարզերում եւ Արցախում

Երեւանի կիթառահարների եւԿիթառի միջազգային փառատոնների ասոցիացիաները հունիսի 29-ից հուլիսի 9-ը Հայաստանում  կանցկացնեն Երեւանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Երրորդ տարին անցկացվող երաժշտական տոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու եւ վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կնձեռի: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր ԺՈՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Մինչ Երեւանյան միջազգային կիթառի 3-րդ փառատոնի մեկնարկն Արցախում կկազմակերպվի փառատոնին ընդառաջ համերգ: Գանձասարի Մատենադարանում հունիսի 27-ին կազմակերպվելիք երեկոյին Ժորա Սարգսյանի հետ ելույթ կունենա Ագուստին Պեսնոնը (կիթառ/Ֆրանսիա): Վերջինս «Paris Guitar Foundation»-ի նախագահն է, Փարիզի երկու կոնսերվատորիաների պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: Ժորա Սարգսյանը եւ Ագուստին Պեսնոնը հանդես կգան նաեւ փառատոնի բացման համերգին, որը տեղի կունենա հունիսի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Փառատոնը, կարեւրելով մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը, համերգ կունենա նաև Երևանից դուրս: Հուլիսի 1-ին, Ջերմուկում համերգով հանդես կգան Ժորա Սարգսյանը, Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), ինչպես նաեւ Հասմիկ Ասատրյանը (վոկալ/Հայաստան): Համերգը տեղի է ունենալու Շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: Փառատոնային հաջորդ համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Մենահամերգով հանդես կգա Վլադիմիր Կիրասիրովը (կիթառ/Ռուսաստան): Վերջինս Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դասախոս է, երեկոյի ընթացքում հանդես է գալու լուրջ ծրագրով:

Հուլիսի 5-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կանցկացվի փառատոնային հաջորդ համերգը: Ելույթներով հանդես կգան Վաժա Կալանդաձեն (Վրաստան), Սարո Բաբիկյանը (ԱՄՆ), Էդուարդ Հրմուշյանը (Հայաստան), Հենրիկ Մելիքյանը (Հայաստան), Գեորգի Կուձանաշվիլին (Վրաստան): Համերգը յուրահատուկ է նրանով, որ երեկոյի ընթացքում կստեղծվի հայ-վրացական կիթառի նվագախումբ. մեկ երեկոյի ընթացքում հանդես կգա 20 կիթառահար: Սա բացառիկ երեւույթ է տարածաշրջանում: Փառատոնի փակումը կնշանավորվի յուրահատուկ համերգ-երեկոյով: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հուլիսի 9-ին հանդես կգան Վլադիմիր Կիրասիրովը (Ռուսաստան), Ժորա Սարգսյանը, Եվգենիա Մարկովան (Ռուսաստան), Արիկ Բամբիրը (Հայաստան), Վահագն Մարգարյանը (Հայաստան), Եվա Գևորգյանը (Հայաստան), Պերճ Նահապետյանը (Հայաստան): Փառատոնի ընթացքում ներկայացվելու են ամենատարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կազմակերպիչներն այնպես են կազմել ծրագիրը, որ այն հետաքրքիր լինի հանդիսատեսի համար: Փառատոնի մասնակիցները հանդես կգան նաեւ վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 30-ին Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում վարպետության դասով հանդես կգա Ագուստին Պեսնոնը:

 Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) եւ «YerazArt» հիմնադրամը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА