ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Լեզվի տեսչության փակվելը կլինի ոտնձգություն մեր լեզվի նկատմամբ» . Ս. Երիցյան (Տեսանյութ)

17.06.2017 03:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
 «Լեզվի տեսչության փակվելը կլինի ոտնձգություն մեր լեզվի նկատմամբ» . Ս. Երիցյան (Տեսանյութ)

Թեքեյան մշակութային կենտրոնում կայացավ ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության պետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» վերնագրով նոր գրքի շնորհանդեսը: Ի դեպ, այդ օրը Ս. Երիցյանը նշեց նաեւ օրերս լրացած 60-ամյա հոբելյանը, որն էլ եղավ առիթը` «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալելու նրան: Սակայն, մինչ մեր ընթերցողների հարցերին անդրադառնալը, մեր հյուրից հետաքրքրվեցինք, թե ինչ մտորումներ ունի 60-ից հետո:

«ԾՆՆԴՅԱՆՍ ՕՐԸ ԳՆԱՑԵԼ ԷԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՍԱՖԻԼՄԸ ՄՈՆՏԱԺԵԼՈՒ»

Фото Sarafyan Hrant.– Ինձ թվում էր, որ հենց վաթսունս լրանա, ինչ-որ բան կփոխվի, բայց այսօր արդեն հինգերորդ օրն է, ինչ այդ կարգավիճակում եմ, սակայն ոչինչ չի փոխվել: Շարունակում եմ աշխատել, ծրագրերս իրականացնել: Ի դեպ, ծննդյանս օրը, որքան էլ զարմանալի է, գնացել էի իմ հերթական տեսաֆիլմը մոնտաժելու, որը նվիրված է իմ ղեկավարած «Հայկական ներկապնակ» բացօթյա նկարչության փառատոնին, երբ անցած տարի Լոռվա աշխարհում հյուրընկալվել էին չինացի նկարիչները: Բոլորն էին զարմացել։ Մոնտաժողն ու ռեժիսորն ասում էին` պարոն Երիցյան, այսօր Ձեզ ազատում ենք, գնացեք Ձեր ծննդյան օրը նշեք։ Չհամաձայնեցի, գործը մինչեւ վերջ ավարտեցի: Ասեմ, որ շատ հետաքրքիր քայլ ենք կատարել եւ ստեղծել ենք «Հայ-չինական գեղանկարչության գույներն ու երանգները» տեսաֆիլմի չինարեն տարբերակը:

Կարծում եմ` յուրաքանչյուր հոբելյան երկու կարեւոր նշանակություն ունի` այն հնարավորություն է տալիս` խորությամբ հետ նայելու եւ գնահատելու անցած-գնացածը: Ասեմ, որ բավականին ուշագրավ ձեռագրեր, փաստաթղթեր կան, որոնց ժամանակային առումով չեմ հասցրել անդրադառնալ եւ պատրաստել հրապարակման։ Բայց երբ ինչ-որ մի հանգրվան է գալիս, մտածում ես` գուցե այս ժամանակահատվածը քեզ թույլ տա դրանք ուսումնասիրել, կարգավորել, համակարգել: Ուսանողական տարիներին սովորություն եմ ունեցել`  օրագրեր պահելու, հավատացեք` այդ օրագրերը գրելուց հետո երկրորդ անգամ հատուկ  չեմ ընթերցել, չնայած գիտեմ, որ շատ արժեքավոր փաստեր եւ իրողություններ են այնտեղ արձանագրված: Մտածում էի այդ ամենի հիման վրա, այս հոբելյանի առթիվ ինքնակենսագրական պատումների մի շարք ստեղծել։ Հեռուստալրագրող լինելով` երբ գրում ես, տեսնում ես, թե ինչպես կարելի էր դա տեսանկարահանել, եւ հիմա մտածում եմ այդ ամենը «նկարահանել» թղթի վրա ու ուզում եմ այդպիսի մի գիրք ունենալ` հենց անցած-գնացածի մասին:

«ԱՄԱՌՎԱ ԱՅՍ ՀՐԱԴԱԴԱՐԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՃԻՇՏ ԵՎ ՀՍՏԱԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԵԼ»

Фото Sarafyan Hrant.– Պարոն Երիցյան, Լեզվի պետական տեսչության փակվելու մասին լուրերին, ինչպես գիտեք, հանրությունը բուռն արձագանքեց: Դա՞ էր պատճառը, որ, համենայնդեպս, այս պահին այդ որոշումն օրակարգից դուրս եկավ: (ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆ)

– Անկասկած, միշտ էլ հասարակական կարծիքը, հանրության շատ օբյեկտիվ զգացմունքային, նաեւ հեռահար մոտեցումները մեծ նշանակություն ունեն նման խնդիրների լուծման գործում: Բայց պետք է ասեմ, որ այսօր հարցն օրակարգից մինչեւ վերջ հանված չէ։ Ամեն դեպքում, կարծում եմ` սա շատ կարեւոր հանգրվան կարող է լինել, երբ լինեն քննարկումներ, որոնց արդյունքում կգտնվեն ճիշտ եւ հասցեական լուծումներ` կապված Լեզվի պետական տեսչության հետ:  Ավելի քան վստահ եմ, որ ընկալունակ, համընթաց մոտեցում կարող է դրսեւորվել իշխանությունների կողմից, եւ հնարավոր կլինի գտնել տեսչական բարեփոխումների ծիրում այն տարբերակը, որը մեզ հնարավորություն կտա մի կողմից պահպանել տեսչությունը եւ նաեւ մտածել այս մարմնի իրավասությունների, գործառույթների ավելի կուռ, ամբողջական, արդյունավետ, հասցեական դարձնելու մասին: Այսինքն՝ այն, ինչ քննարկվել է վերջին 6-7 տարիների ընթացքում` ե՛ւ կառավարությունում, ե՛ւ նախարարությունում, ե՛ւ տարբեր հարթակներում, որ պետք է Լեզվի տեսչությանն օժտել ավելի արդյունավետ օրենսդրական, ենթաօրենսդրական մոտեցումներով: Այնպես որ, այսօր որքան էլ հարցը օրակարգում շատ հրատապությամբ եւ սրությամբ դրված չէ, չի նշանակում, որ խնդիրը չպետք է քննարկել եւ այդ խնդրին վերջնական լուծում տալ: Ես կողմնակից եմ, որ ամառվա այս «հրադադարը» պետք է օգտագործվի` ճիշտ եւ հստակ լուծումներ գտնելու համար: Պետք է գտնվի այն կառուցվածքը, այն իրավակազմակերպական ձեւը, որը կարելի է սահմանել լեզվի բնագավառում` ինչպես գործադիր, այնպես էլ որպես վերահսկողական գործառույթ իրականացնող մարմին: Չեմ կարծում, որ Լեզվի պետական տեսչությունը փակվելու է, որովհետեւ սա կլինի ոտնձգություն մեր լեզվի նկատմամբ եւ մեր իշխանությունները այդ քայլին կգնան: Մանավանդ որ, մենք մեր հասարակության բոլոր մակարդակներում միշտ մեր լեզուն հարգող, գնահատող ժողովուրդ ենք եղել: Մի առիթով ասել եմ` մեր լեզուն ինքնապաշտպանական հզոր լիցքեր եւ հնարավորություններ ունի, եթե ուրիշ բան էլ չլինի, լեզուն ինքն իրեն կպշատպանի: Բայց չպետք է այնքան թողնենք, որ լեզուն մնա միայն իր հույսին: Այնպես որ, անհոգ եղեք, հուսով եմ` լեզվի նկատմամբ այդ հոգատարությունը կլինի բոլորի կողմից եւ առաջին հերթին՝ իշխանությունների:

«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՁԵՌՔԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ»

Фото Sarafyan Hrant.– ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը վերջերս հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել էր, թե Լեզվի պետական տեսչությունը իրականացրել է պրիմիտիվ ստուգում, ուրիշ ոչինչ, այնինչ իր կանոնադրությամբ շատ լուրջ գործառույթներ են իրեն վերապահված եղել: Ի՞նչ կասեք այս մեղադրանքների մասին: (ԿԱՐԵՆ ՇԱԽՎԵՐԴՅԱՆ)

– Զարմանալի է, որ այդպիսի հայտարարություն է անում, ի՞նչ նկատի ունի` պրիմիտիվ՝ պարզունակ ստուգում ասելով, այսինքն՝ այն, ինչ օրենսդրությամբ նախատեսված է պրիմիտի՞վ է (պարզունա՞կ): Մենք պետք է գերազանցեի՞նք մեր օրենսդրական հնարավորությունները: Գործել ենք օրենսդրությանը համապատասխան, ինչը թույլ են տալիս այսօրվա Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, լեզվի, գովազդի մասին օրենքները: Ուղղակի, Հայկ Այվազյանը եւ մյուսները տեղյակ չեն Լեզվի պետական տեսչության գործառույթներին եւ գործունեությանը, կամ էլ չեն ուզում տեղեկանալ ու հասկանալ: Իհարկե, դա արդեն իրենց խնդիրն է, չեմ ուզում իջնել այդքան ցածր մակարդակի:

Фото Sarafyan Hrant.– Նույն այդ ասուլիսի ժամանակ բանախոսն ասել է, թե Լեզվի պետական տեսչությունը ոչ թե պետք է ստուգումներ իրականացնի, այլ լեզվաքաղաքականություն մշակի: Սա ի՞նչ է նշանակում, որ հեռուստաեթերում ամենաթողությո՞ւն պետք է տիրի: (ԳՈՀԱՐ ԹԻՐԱԲՅԱՆ)

– Ես էլ եմ այդ մտայնությունը լսել: Իհարկե ընդունում ենք, որ պետք է դրանով զբաղվենք, մշակենք ծրագիր եւ հետեւենք այդ լեզվաքաղաքականության իրականացմանը` կոնկրետ քայլերով, միջոցառումներով։ Բայց պատկերացրեք, որ չկա երկրում լեզվական խնդիրներով զբաղվող որեւէ մարմին: Այդ դեպքում մի օր կարող է առավոտը մեզ համար բացվել, եւ տեսնենք, որ ներքին որոշակի մոլուցքը մինչեւ վերջ այնպես է դրսեւորվել, որ բոլոր հրապարակային գրվածքները, որոնք նախկինում զսպաշապիկ ունեին, կարող են հանկարծ լինել ոչ հայերենով: Չեմ ընդունում նաեւ այն մոտեցումը, որ ասում են` գիտեք, ով արտոնություն եւ իրավունք է տալիս, թող նա էլ վերահսկի: Այդպիսի բան չի կարող լինել: Ենթադրենք Երեւանի քաղաքապետարանն արտոնություն է տալիս այս կամ այն տնտեսվարող սուբյեկտին (խանութ, ռեստորան կամ որեւէ այլ կազմակերպություն) հրապարակային գրվածքի: Տնտեսվարող սուբյեկտն ասում է՝ արտոնություն տուր, որտեղ գրված կլինի, որ այդ հրապարակային գրվածքը օրենքին համապատասխան է եւ վերջ: Իսկ ո՞վ է հետեւելու, ինչպե՞ս է հետեւելու այդ ամենին` հարցի պատասխանը չկա: Մինչդեռ մենք հիմա մեր նվազ ուժերով ոչ միայն հետեւում ենք, այլ արձանագրում ենք, գտնում ենք տնտեսվարող սուբյեկտի կոնկրետ հասցեն, թե որտեղ է գտնվում, ովքեր են ղեկավարները, համապատասխան գործընթաց ծավալում։ Սա բավական ժամանակատար եւ կարեւոր գործընթաց է, որ եթե մենք չիրականացնենք, ապա բոլորի ձեռքերն ազատ կարձակվեն, իսկ մեր երկրում շատերն են սիրում իրենց ձեռքերը ազատ արձակել:

Фото Sarafyan Hrant.– Եթե Լեզվի տեսչությունը փակվի, որտե՞ղ կամ ո՞ր ոլորտում է իրեն ապագայում տեսնում Սերգո Երիցյանը: (ԱԼԵՔՍԱՆԴՐ ԶԵՅՆԱԼՅԱՆ)

– Ես այդ մասին չեմ մտածում։ Դա երկրորդական խնդիր է։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը կարող է ե՛ւ դասախոսական, ե՛ւ գիտական ավելի ակտիվ գործունեություն ծավալել, իսկ լրագրողն ավելի շատ տեսաֆիլմեր նկարահանել։ «Լոռվա ձոր» հայրենակցական միության գործունեությունն էլ բազմազան է։

Հիմա կարեւորը Լեզվի պետական տեսչությունը պահպանելն է, նրա իրավունքներն ավելի հստակ ու ամբողջական, իսկ գործունեությունն արդյունավետ դարձնելն է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА