ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիմա Ադրբեջանի համար զինված գործողություններ սկսելն ուղղակի ինքնասպանություն կլինի». Ա. Կրիլով

16.06.2017 23:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հիմա Ադրբեջանի համար զինված գործողություններ սկսելն ուղղակի ինքնասպանություն կլինի». Ա. Կրիլով

Արցախա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի, հնարավոր զարգացումների եւ լուծումների մասին «Իրավունքը» զրուցեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերություների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կովկասագետների գիտական միավորման նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻ հետ:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՎԵԼ ԱԿՏԻՎ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՎՐԱ»

Պարոն Կրիլով, ընդամենն օրեր առաջ Երեւան եւ Ստեփանակերտ այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահները: Արցախի հիմնախնդրի լուծմանն ուղղված ի՞նչ առաջընթաց կարելի է ակնկալել այս փուլում նրանցից, երբ արված հայտարարություններն ուղղակի անցածի կրկնությունն էին:

– Եվ ճիշտ է, քանի որ դեռ չկա ստիպող համաձայնություն այն մասին, որ շփման գոտում պետք է անցկացվի հստակ մոնիթորինգ, եւ չկա 100 տոկոսանոց համոզմունք` առ այն, թե ով է առաջինը կրակ բացում, ուստի` խոսել ռեալ առաջընթացի մասին այս փուլում, իրատեսական չէ: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է նախ ստիպի կոնֆլիկտի կողմերին ստորագրել պարտավորեցնող համաձայնագիր` հրադադարի մասին: Իսկ մինչ այդ, շարունակվելու է ընդամենը ստեղծվել բանակցությունների «իմիտացիա», որն իրենից ենթադրում է ինչ-որ հանդիպումներ, որոնք պարբերաբար անց են կացվում: Դրա գլխավոր արդյունքը միայն այն է, որ ամեն մի նման հանդիպումից հետո արվում է հայտարարություն, որպեսզի կողմերը շարունակեն կապ պահպանել հետագա բանակցությունների համար, կամ մաքսիմում` այդ հանդիպումից հետո կարող է նշանակվել հաջորդ հանդիպումը, եւ ամեն ինչ կկրկնվի նորից: Դրա համար այստեղ հայկական դիվանագիությունը պետք է առավել ակտիվ ճնշում գործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա եւ պահանջի, որպեսզի ստանձնած պարտավորությունները կյանքի կոչվեն: Ըստ իս, այն տրամադրությունները, որոնք կան Հայաստանում եւ Ադրբեջանում անհնարին են դարձնում խաղաղ փոխզիջման գնալը: Այսօր ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չեն դրան: Ինչպես հիշում եք, Հայաստանում կար նման փոխզիջման նախադրյալ ՀՀ առաջին նախագահի կողմից, որը փորձում էր գնալ այդ ճանապարհով, ինչը նաեւ Ադրբեջանի վարած երկարատեւ քաղաքականության արդյունք էր, բայց բոլորն էլ տեսան, որ հանրության համար այդպիսի փոխզիջումը անընդունելի է: Ադրբեջանը հողեր է պահանջում, ասում է` դրանք մերն են, որը պետք է տաք եւ վերջ: Մինչդեռ փոխզիջումը ենթադրում է, որ դու պետք է լսես նաեւ դիմացինիդ, նույնիսկ եթե նա քո թշնամին է, հակառակ դեպքում` էլ ի՞նչ բանակցություններ կարող են լինել: Իսկ եթե չկան բանակցություններ, միակ ելքը նոր պատերազմն է, բայց նոր պատերազմ այս իրավիճակում Ադրբեջանի համար անհնարին է: Իսկ Հայաստանը ակնհայտ է, որ երբեք չի լինի նախաձեռնող կողմը: Ամեն դեպքում, երբ այսօր սահմանում ռազմական գործողություններ են կատարվում, խոսել բանակցությունների մասին, անլուրջ է: Եվ սա շատ լավ հասկանում է նաեւ Ադրբեջանի նախագահը եւ ողջ ադրբեջանական իշխող էլիտան: Ի վերջո, նրանք առավել սթափ են գնահատում իրավիճակը, քան, օրինակ, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի ղեկավարությունն էր, որը գնաց պատերազմական խաբկանքի ճանապարհով:

Բայց միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում է պատերազմ` ԼՂ հակամարտության գոտում: Որքանո՞վ եք Դուք այն իրատեսական համարում:

– Եթե պետք է ինչ-որ բան ասել, ապա կարելի է ասել, որ պատերազմ կարող է լինել եւ հենց հիմա, բայց իրականում ոչ մի նախադրյալ չկա դրա համար: Պատերազմ կարող էր լինել 2016 թվականին սահմանում ստեղծված խիստ լարվածության ժամանակ, բայց այն տեղի չունեցավ: Այն ժամանակ ստեղծվեց նման իրավիճակ, որովհետեւ որոշակի ժամանակահատված խախտվել էր կողմերի հավասարակշռությունը, իհարկե, կային դրա համար պատճառներ, բայց դրանից հետո հավասարակշռությունը վերականգնվեց: Ավելին` հիմա հայկական կողմը պաշտպանված է բավական արդյունավետ զենքերի տեսականիով եւ դիտարկող սարքերով: Հենց երեկ եմ կարդացել հայկական կայքերից մեկում, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը ոչնչացվել է` ամերիկյան արտադրության դիտարկող սարքերի շնորհիվ: Այնպես որ, հիմա Ադրբեջանի համար զինված գործողություններ սկսելն ուղղակի ինքնասպանություն կարող է լինել: Կարծում եմ` կշարունակվի այս սողացող պատերազմը, բայց պատերազմ, որ լինի լայնամասշտաբ եւ ուղեկցվի ռազմական գործողություններով, իրատեսական չէ: Ամեն ինչ կշարունակվի սադրանքների տեսքով, դրանք կարող են լինել բավական մեծ մասշտաբների, մասնավորապես` դիվերսիոն խմբերով, բայց ոչ ավելին: Եվ սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել մոնիթորինգի արդյունավետ համակարգ ամբողջ շփման գծում, եւ քանի դեռ միջազգային միջնորդները չեն ստիպել կոնֆլիկտող կողմերին ստորագրել համաձայնագիր, որով ստանձնում են պարտավորություն` ռազմական ուժեր չկիրառելու: Այդ համաձայնագրում պետք է նաեւ արձանագրվի, թե ինչ անդրադարձ այն կարող է ունենալ խախտողների վրա:

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՆՎԵՐՋ ՉԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԱՎԹԸ»

Հավատո՞ւմ եք, որ մի օր Ադրբեջանը Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած շփման գոտում մշտադիտարկման եւ մոնիթորինգի իրականացման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները ի կատար կածի, եւ հնարավոր կլինի նրան բերել առավել կառուցողական դաշտ:

– Իրավիճակը փոխվում է, ադրբեջանական ռեսուրսներն անվերջ չեն, այդ թվում` նավթը: Ադրբեջանն իր երկրի ողջ քաղաքականությունը կառուցել է նրա վրա, թե «մենք կվերադարձնենք Ղարաբաղը», եւ սա չի կարող անվերջ տեւել: Կարելի է բոլոր սոցիալական, տնտեսական խնդիրները գցել Արցախյան խնդրի վրա, բայց մի օր ադրբեջանական հանրության մոտ հարց կծագի` իսկ ինչո՞ւ է այդքան վատ մեր տնտեսական վիճակը, ինչո՞ւ են երկրում այդքան շատ աղքատները, ինչո՞ւ չեն աշխատում ժամանակակից սոցիալական ինստիտուտները: Սա շատ լավ հասկանում է Ադրբեջանում գործող ռեժիմը, դրա համար էլ իրենց ձեռնտու է զգացմունքներով առաջնորդվել եւ կենտրոնացնել հասարակության ողջ հետաքրքրությունն Արցախյան հիմնախնդրի վրա: Բայց այդ դեպքում էլ, վաղ թե ուշ պետք է գնալ պատերազմի, ինչը կլինի հենց այդ իշխող ռեժիմի պարտությունը: Միեւնույն ժամանակ, շատ արագ փոխվում է նաեւ միջազգային իրավիճակը: Այն, ինչ տեղի է ունենում հարավում, արդեն երկար տարիներ է, ինչ խոսվում է այն մասին, որ մի օր կանդրադառնա Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի վրա: Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ահաբեկչական իրադարձությունների համար, որպես այլընտրանքային տարածք, կարող է դիտարկվել Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը: Իսկ այդ դեպքում նրանց համար առավել նպաստավոր է Ադրբեջանում տեղավորվելը, որովհետեւ այնտեղ կան ե՛ւ համապատասխան բազաներ, ե՛ւ մեծ թվով անջատողականներ, որոնք հենց հույսները կդնեն, ասենք, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա, թե իբր նրանք կարող են լուծել իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք իշխող ռեժիմը չի լուծում: Հենց դրա վրա էլ ռադիկալ իսլամիստները կարող են խաղալ:

Իրավիճակ կարող է փոխվել նաեւ Հայաստանում: 2018-ին, սահմանադրական բարեփոխմանը համաձայն, սպասվում է իշխանության ղեկավարի փոփոխություն, տեսնենք` ինչպես իրադարձությունները կզարգանան: Օրինակ` Ադրբեջանն այնպիսի Սահմանադրություն ընդունեց, որ նախագահի կինը դարձավ նախագահի տեղակալ, ավելին` Ադրբեջանի այժմյան նախագահի թոռներն էլ կարող են հայտնվել իշխանության գլխին: Ասեմ նաեւ, որ հարեւան Վրաստանում էլ տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ: Եվ այնտեղ միտումներն այնպիսին էին, որ նախագահական կառավարում չպետք է լիներ, բայց վարչապետն ըստ էության դառնում է նախագահ, ինչը կարող է հանգեցնել ավտորիատար կառավարման:

Ի դեպ, օրեր առաջ ՌԴ-ն հերթական անգամ զենքի որոշակի պաշար վաճառեց Ադրբեջանին: Դուք գիտեք, թե հայկական հանրությունն ինչպես է վերաբերվում դրան, ինչը լիովին արդարացի է: Հետաքրքիր է` Դուք ինչպե՞ս եք վերաբերվում, հաշվի առնելով նաեւ երբեմն Ադրբեջանի ոչ գործընկերային վարքագիծը` հենց Ռուսաստանի հանդեպ:

– Հայ-ռուսական հարաբերություններում սա շատ ցավոտ հարց է: Կարելի է օրինակ բերել, որ ամերիկացիները եւ մյուս զենք արտադրողները վաճառում են զենք` միաժամանակ ե՛ւ արաբներին, ե՛ւ իսրայելցիներին: Եվ դրանից արաբներն ու իսրայելցիները խիստ դժգոհ են, բայց նրանք չեն գնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման, որովհետեւ զենքի շուկան մնում է զենքի շուկա: Իհարկե, մեր հարաբերությունները Հայաստանի հետ առանձնահատուկ են, բայց Ռուսաստանի համար կարեւոր է նաեւ չկորցնել Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները, կամ գոնե չփչացնել այն կարգի, որ Ադրբեջանը վերածվի հակառուսական բազայի: Մեր բոլոր ունեցած խնդիրներով հանդերձ, մենք ունենք ռազմավարական գործընկերություն Ադրբեջանի հետ, եւ Ռուսաստանը իրեն այլ կերպ չի կարող պահել: Ուրիշ հարց է, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր է պահպանել հայ-ադրբեջանական ուժերի հավասարակշռությունը, եւ սա պետք է անի անգամ այն դեպքում, եթե Ադրբեջանն իր նավթային դոլարներով գնի ոչ թե ռուսական զենք, այլ ուրիշ: Ես հասկանում եմ, որ սա լավագույն լուծումը չէ, բայց Ռուսաստանը ստիպված է գտնել ելք` ոչ թե եղած լավագույն տարբերակներից, այլ վատագույններից: Եվ, ի վերջո, եթե Ռուսաստանը չվաճառի զենք Ադրբեջանին, պետք է դրա համար լինեն իրավական պատճառներ: Ինչ-որ հիմնավորում պիտի լինի դրա համար, օրինակ, որ Ադրբեջանը ճանաչվել է որպես ագրեսոր երկիր, բայց այդպիսի բան չի եղել: Կարող եք ասել, որ դա կարելի է հիմնավորել Հայաստանի հետ ունեցած դաշնակցային հարաբերություններով, բայց այդ դեպքում էլ, եթե Ռուսաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնի ու նրան զենք չվաճառի, վերջինս զենք կգնի Իսրայելից, Ֆրանսիայից կամ այլ միջազգային զենքի շուկայից: Այնպես որ, ցանկության դեպքում գումարով ամեն ինչ կարելի է գնել: Դրա համար իրավիճակը, թեպետ ուրախալի չէ, բայց` իրատեսական, այլ ելք չկա: Կարծում եմ` հայկական դիվանագիտությունն էլ ներքուստ ընդունում է, որ այստեղ փակուղային իրավիճակ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА