ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.06.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ հաճելի լուր հաղորդեց` որ աստղադիտարան այցելությունների աճ կա: Բայց. «Ցավոք, այդ այցերը կազմակերպված չեն: Եթե ուսումնասիրենք մեր տուրիստական ընկերությունների ներգնա փաթեթները, այնտեղ աստղադիտարանը պաշտոնապես գրված, ներկայացված չէ: Թեեւ բազմաթիվ խմբեր են այս տարածք բերվում` Օհանավանք, Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ, Օշական, գալիս են պտտվում, բայց կարծես անտեսում են աստղադիտարանը»: Անշուշտ, պարոն Միքայելյանն իրավացի է, որ տուրիզմի տեսակետից էլ աստղադիտարանը ներուժ ունի, առավել եւս, որ օժտված է գեղեցիկ ճարտարապետությամբ: Միաժամանակ սակայն չենք կարող զարմանքով չնշել, որ քիչ է քարոզվում այն իրողությունը, որ Բյուրականի աստղադիտարանը աշխարհի գիտնականների շրջանում շատ բարձր հեղինակություն ունի, այն աստիճանի, որ պատրաստ են ներգրավել նորանոր հեռավոր մոլորակների որոնման աշխատանքներում: Եվ հետաքրքիր է, ինչո՞ւ նաեւ փորձ չի արվում կազմակերպել աստղադիտարանի գիտական նվաճումների թեկուզ փոքրիկ թանգարան, ուրիշները ախր կերազեին այդպիսի հզոր գիտական հաստատություն ունենալու մասին եւ հաստատ հպարտությամբ դա ցույց կտային զբոսաշրջիկներին:
Երեկ տեղի ունեցավ, թեեւ զարմանալի, բայց նշանակալի իրադարձություն, որի համար կարելի է ողջունել ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ: 2017 թվականի հունիսի 15-ից Եվրամիությունում չեղյալ է հայտարարվել բջջային կապի ռոումինգը: Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում նշված է. «Եվրամիությունը միավորում է մարդկանց եւ նրանց կյանքն ավելի թեթեւ դարձնում: Ռոումինգի վճարներին վերջ դնելը եվրոպական հաջողության իսկական պատմություն է: Այսուհետ Եվրամիության սահմաններում ճանապարհորդող քաղաքացիները կարող են զանգել, գրել եւ շփվել նույն գնով, ինչ իրենց տարածաշրջանում»: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ռոումինգի վճարի չեղարկումը պատմական է անվանել: Բայց, զարմանալով հանդերձ, մնում է տարակուսել` արդյո՞ք այդ ֆոնի վրա մեզ համար մեծագույն ամոթ չէ, որ Արցախում ռոումինգ է կիրառվում: Ախր, մոտ երեք տարի անց էլ Հայաստանը` որպես «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից, նույնպես ընդգրկվելու է այդ համակարգում եւ պատկերացնո՞ւմ եք` ինչ մազալու բան կստացվի` Փարիզում գտնվելով` կարողանալու ենք առանց ռոումինգի խոսել, իսկ Ստեփանակերտում` ոչ:
Հիշո՞ւմ եք «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցություն, իսկ ավելի ճիշտ` «կույսակցություն» ստեղծած ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ, ով զարմացրել էր բոլորին իր հայտարարությամբ, թե 26 տարեկանից սկսած` ոչ ոք չպետք է կույս մնա: Այդ տիկնոջը մոռացած կլինեինք, եթե Խորենացու փողոցում անցած տարվա հուլիսի անկարգությունների առնչությամբ նա քրեական հոդվածի տակ չլիներ:  Նրան մեղադրում էին, որ հրահանգ էր տվել ոստիկանական մեքենայի ապակին կոտրել, բայց դատարանում, կարծես թե, նրա գործերը բարենպաստ են ընթանում: Դատախազը պահանջեց ոչ թե իրական, այլ պայմանական ազատազրկում: Դե, ի վերջո, մեր դատախազներն էլ են մարդ, եւ երեւի թե մտածել են, որ չարժե մեր հանրությանը զրկել այնպիսի քաղաքական զվարճանքից, ինչպիսին է Զախարյանի «կույսակցությունը»:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА