ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՐԴԵՐԸ ՍՏԱԼԻՆ ՈՒՆԵՆ, ՄՆԱՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

16.06.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔՐԴԵՐԸ ՍՏԱԼԻՆ ՈՒՆԵՆ, ՄՆԱՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Այն, որ Մերձավոր Արեւելքի վերջին բուռն զարգացումները մեծապես պայմանավորված են սիրիական պատերազմի ներկայիս ընթացքով, պարզ տեսանելի է: Ու սիրիական պատերազմում էլ այս օրերին զարգացումներն առավել քան հետաքրքիր են:ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 
ԱԿՏԻՎՈՐԵՆ ԳՐՈՀՈՒՄ Է
Տեղեկացնելու առիթներ ունեցել ենք, որ վերջին շաբաթներին սիրիական բանակը, բնականաբար, ռուսական զինուժի եւ այլ կառույցների օժանդակությամբ ակտիվ հարձակումներ է իրականացնում երկու հիմնական ուղղություններով ¥տե՛ս քարտեզը, էջ՝ 13¤: Նախ՝ Պալմիրայից դեպի արեւելք: Այս հարձակման նպատակն է՝ ճեղքում իրականացնել դեպի տարիներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Դեր-Զոր քաղաքը: Եվ դրա արդյունքում՝ սիրիական պետության վերահսկողության տակ կվերադառնա երկրի ողջ հարավային գոտին, այդ թվում՝ Հորդանանի եւ որ շատ էական է՝ Իրաքի հետ սահմանը: Մի քանի ուղղությամբ այս հարձակումը հաջող ընթացքի մեջ է: Նախ՝ որոշ հատվածներում սիրիական ուժերին հաջողվել է դուրս գալ, ինչպես Հորդանանի, այնպես էլ՝ Իրաքի սահման: Ընդ որում, հատկապես Իրաքի հատվածում հիմնականում անապատային գոտի է, եւ մեկ-երկու կարեւոր կետեր գրավելով` վերահսկողություն է սահմանվում ողջ սահմանի նկատմամբ: Ինչ վերաբերում է Դեր-Զորի ուղղությանը, ապա նախօրեին սիրիական բանակը ազատագրեց Պալմիրայից դեպի արեւելք տեղակայված «Իսլամական պետության» հիմնական պաշտպանական բնագծերը, այդ թվում՝ բավականին ամրացված Արաք բնակավայրը: Այստեղ նույնպես անապատային գոտիներ են, բավականին հեշտ է հարձակումը, առավել եւս զրահատեխնիկայի եւ ավիացիայի բացարձակ գերակշռության պարագայում: Իսկ դա նշանակում է, որ Դեր-Զորի ուղղությամբ ճեղքումը միանգամայն իրատեսական ծրագիր է, ընդ որում՝ կարճաժամկետ հատվածում:
Երկրորդ հիմնական հարձակումը ընթանում է Եփրատ գետի հունի արեւմտյան հատվածին զուգահեռ: Այս օպերացիան մի կողմից սիրիական ուժերին հնարավորություն է տալիս դուրս գալ նույն Եփրատի հարեւանությամբ տեղակայված ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի հատված, որի ուղղությամբ ԱՄՆ-ի հովանու տակ գտնվող քրդերն են գրոհում:Միաժամանակ, սիրիական բանակը դեպի հարավ շարժվելու դեպքում դուրս է գալիս Պալմիրայի հատված: Այսինքն՝ այս երկու օպերացիաների արդյունքում Սիրիայի ողջ կենտրոնը եւ հարավը վերադարձվում է Դամասկոսի ենթակայության տակ: Նշենք, որ Եփրատի հունով դեպի ներքեւ ընթացող այս հարձակումը եւս մեծ հաջողությամբ է ընթանում: Որոշակի օրերի սիրիական բանակի առաջխաղացումը կազմում է տասնյակ կիլոմետրեր, ազատագրվում են տասնյակ բնակավայրեր: Ու մեկ-երկու նման թռիչքի դեպքում սիրիական ուժերին կհաջողվի նախ դուրս գալ Ռաքքայի հատված ու մյուս կողմից ընդհուպ մոտենալ Պալմիրային: Հասկանալի է, ԻՊ-ն իր ունեցած վերջին հնարավորությունները նետում է հենց սիրիական հարձակումները կանխելու համար` գրեթե մոռացության տված անգամ իր մայրաքաղաք Ռաքքան: Բայց նաեւ երկու հիմնական հարվածային ուղղություններով էլ սիրիական բանակը, բնականաբար, ռուսների հսկայական աջակցությամբ կենտրոնացրել են լուրջ ուժեր: Այդ թվում՝ զրահատանկային բռունցք, հրթիռահրետանային ծանրակշիռ հարվածային միավորումներ եւ այլն: Ընդ որում, խոսքը հիմնականում առավել քան ժամանակակից զինտեխնիկայի մասին է, որին ԻՊ-ն հակադրելու քիչ բան կարող է ունենալ:

ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ 
ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՆ ԷԼ Է ԿԱԽՎԱԾ 
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Սա ընդհանուր ռազմական պատկերն է, որը շատ բան է հուշում նաեւ հետագա աշխարհաքաղաքական զարգացումների մասին: Այսինքն՝ եթե սիրիական ուժերի ներկայիս հարձակողական տեմպերը պահպանվեն ¥ու շատ բան հուշում է, որ դրանք կպահպանվեն¤, ապա մեկ, առավելագույնը՝ երկու ամսում հիշատակված խոշոր օպերացիաները կարող են հաջող ավարտի հասնել: Ճիշտ է, դա դեռ սիրիական պատերազմի վերջնական ավարտը չէ, բայց այս երկու օպերացիաների արդյունքում ԻՊ-ն հիմնականում Սիրիայի տարածքում կջախջախվի: Կան երեք-չորս այլ մեծ ու փոքր հատվածներ, այդ թվում՝ Հալեպից արեւմուտք գտնվող Իդլիբի մարզը, որոնք դեռ տարաբնույթ գրոհային կառույցների վերահսկողության տակ են: Սակայն այստեղ զգալի է նաեւ Թուրքիայի վերահսկողությունը, որը ինչպես վաղուց էր կանխատեսելի, ի վերջո, նույնիսկ ստիպված է լինելու գործել Դամասկոսի հետ առնվազն սինխրոն հարաբերություններ պաշտպանելով: Թեեւ, հակառակ դեպքում էլ, եթե սիրիական հիմնական ուժերը լուծեն ԻՊ-ի խնդիրը, ապա սիրիական մյուս հատվածները վերահսկողության տակ վերցնելը կարճ ժամանակի խնդիր կլինի միայն:
Բայց, սրանով հանդերձ, դեռ տեսանելի չէ Սիրիայում, ասենք նաեւ՝ Իրաքում թիվ մեկի վերածվող հաջորդ խնդիրը՝ քրդերի հարցը: Այն, որ քրդերը արդեն բացահայտորեն են գնում առնվազն Իրաքի տարածքում ինքնիշխանության եւ Սիրիայի տարածքում՝ ինքնավարության հաստատման, արդեն ոչ մեկի համար կասկածելի չէ: Ամենակարեւորը՝ քրդերն այդ պոտենցիալը ունեն: Նախ՝ Իրաքում վաղուց է ձեւավորվել պետական կառավարման համակարգի նմանվող կառույցներ: Երկրորդը՝ կա ռեսուրսային, այսինքն՝ նաեւ ֆինանսական բավականին հզոր բազա, ապա բնակչության համապատասխան թիվ: Եվ վերջապես, Սիրիայում եւ Իրաքում գործող, ընդ որում նաեւ այս պատերազմում թրծված զինված ստորաբաժանումները, ամերիկացիների օժանդակությամբ ունենալով բավականաչափ զինվածություն, ցանկացած պահի պատրաստ են վերածվել բանակի: Պատկերացրեք՝ քրդերը մինչեւ իսկ սեփական Ստալինն ունեն, ու հիմա, երբ արդեն աչքերի առաջ է բազմամյա երազանքը՝ Քուրդիստանի ստեղծումը, հաստատ ամեն ինչ կներդնեն դրան հասնելու համար:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ ԻՊ-ից հետո հիմնական զարգացումները կենտրոնանալու են հենց այդ հարցի շուրջ: Կլինի՞ Քուրդիստանը, թե` ոչ: Այդ լինելն էլ իր հերթին է կախված երկու բաղադրիչից: Այսինքն՝ հնարավո՞ր է, որ գլոբալ խաղացողները կարողանան դրա շուրջ պայմանավորվածության գալ, որը կնշանակի նաեւ այդ պայմանավորվածությունների շրջանակներում Մերձավոր Արեւելքի քաղաքական պատկերի նոր քարտեզագրում: Իսկ եթե ոչ, քրդերը փորձելու են իրենց ներկայիս ձեռքբերումները պաշտպանել զենքով: Իսկ դա կարող է վերածվել մի այնպիսի պայթյունի, որի ազդեցության գոտին հաստատ Մերձավոր Արեւելքի սահմաններից դուրս է գալու:
Այսպիսով, որ սցենարն է ավելի հավանական: Այն, որ ԱՄՆ-Իսրայել զույգը ակտիվորեն աշխատում է առնվազն Իրաքի տարածքում Քուրդիստանի ստեղծման ուղղությամբ, գնալով միայն նոր փաստեր են ի հայտ գալիս: Ընդ որում, այդ աշխատանքն ունի նաեւ Իրաքի գործող իշխանությունների վրա ազդելու տեսք, որ նրանք համաձայնեն ընդունել այս աշնանը նախատեսված իրաքյան քրդերի հանրաքվեի արդյունքը: Սա, իհարկե, միանգամայն անընդունելի է ինչպես Իրանի, այնպես էլ՝ Թուրքիայի համար: Երկուսն էլ ունեն քրդական բավականին լուրջ համայնքներ ¥թեեւ Իրանի պարագայում դա դեռ այդքան սուր չի դրված¤ եւ քրդական թեկուզեւ փոքրիկ պետական միավորի առկայության դեպքում քրդերի անջատողական շարժումներն ամենուր բազմապատկված թափ կստանան: Եվ հասկանալի է, թե ինչու է ինչպես Անկարան, այնպես էլ Թեհրանը կտրուկ դեմ արտահայտվում Իրաքի տարածքային ամբողջականության փոփոխությանը: Այլ հարց է, որ եթե Իրաքի կառավարությունը որոշի համաձայնվել քրդական հանրաքվեի, այսինքն՝ պետության ստեղծման հետ, ի՞նչ են անելու Թուրքիան եւ Իրանը: Միջազգային իրավունքի տեսանկյունից դա Իրաքի ներքին խնդիրն է: Այսինքն՝ նման դեպքում՝ քրդական պետության ստեղծմանը պաշտոնական Բաղդադի կողմից համաձայնություն տալու պարագայում Թեհրանն ու Անկարան այն կարող են կանխել միայն ռազմական միջոցներով: Բայց դա կդիտարկվի որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում եւ, անշուշտ, ԱՄՆ-Իսրայել տանդեմը չի հապաղի միջամտել:
Ընդ որում, Սիրիայում նույն կարգի գործընթաց ծավալելը հնարավոր չէ. սիրիական կառավարությունը համարել եւ համարում է, որ իր երկիրը գլոբալ ահաբեկչության հարվածի թիրախն է, ինքը պայքարում է ահաբեկիչների եւ նրանց հովանավորների դեմ ու ոչ մի պարագայում չի համաձայնվի իր տարածքային ամբողջականության խախտման հետ: Այսինքն՝ առավելագույնը, որ քրդերը կարող են այստեղ հուսալ, դա որոշակի հարցերով ինքնավարությունն է, ընդ որում՝ այն տարածքներում, որոնք զբաղեցնում էին մինչ այս պատերազմը: 
Արդյունքում՝ այս պահի ողջ սրությունը դառնում է այն հարցը, թե Իրաքի կառավարությունը ամերիկյան բուռն ճնշումների տակ կհամաձայնի՞ Քուրդիստանի ստեղծման հետ: Իհարկե, այս ուղղությամբ ակտիվ աշխատում են ինչպես ամերիկա-իսրայելյան հետախուզությունները, այնպես էլ՝ Թուրքիան, Իրանը եւ, բնականաբար, քիչ տեսանելի, բայց նաեւ Մոսկվան: Սակայն փաստն այն է, որ Բաղդադի վրա եղել եւ շատ մեծ է մնում հենց Վաշինգտոնի ազդեցությունը: Սակայն այստեղ էլ շատ բանով իրադարձությունների հետագա զարգացումները կախված են սիրիական պատերազմից: Այսինքն՝ եթե սիրիական բանակը ազատագրի Իրաքի սահմանը, ապա այս դեպքում արդեն բավականին կակտիվանան նաեւ Սիրիա-Իրաք շփումներն ու հատկապես ռազմական փոխգործակցությունը: Իրաքը այդ կերպ ավելի ռեալ իր թիկունքին զգալով շիա-իսլամի ու հատկապես՝ Իրանի աջակցությունը` կարող է եւ ավելի հեշտությամբ դիմադրել Քուրդիստանի հարցով ամերիկյան ճնշումներին: Մի խոսքով, թե արդեն աշնանը ի՞նչ քաղաքական տեսք կունենա Մերձավոր Արեւելքը, մեծապես կախված է այն բանից, թե այս օրերին ընթացող սիրիական այս հարձակումները ինչ փաստացի արդյունքների կհանգեցնեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА