ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ` «ԳԼԽԱՎՈՐ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ» ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ

16.06.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ` «ԳԼԽԱՎՈՐ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ» ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ

Ունենք քաղաքական սենսացիա, եւ այդ սենսացիայի հեղինակը ոչ այլ ոք է, քան արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Ի պատասխան Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությանը, թե պետք է ԿԸՀ-ն ավելի արժանահավատ դարձնել, նախարարը հայտարարեց, որ դա փորձ է միջամտել Հայաստանի ներքին գործերին, ինչն անթույլատրելի է:
«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ» ԱՆԼՈՒԾԵԼԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄԸ
Սվիտալսկին հիշել էր իր վաղեմի առաջարկությունը, որ ԿԸՀ-ն անհրաժեշտ է համալրել նաեւ, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով: Եվ հիմա «արժանահավատության» մասին խոսակցություն սկսելը ոչ այլ ինչ է, քան` ինչպես ներսում, այնպես էլ դրսում ընտրությունները լեգիտիմ ճանաչելուց հետո հետին թվով փորձել դրանց վրա ստվեր նետել: Եվ ընդհանրապես, մի տեսակ կասկածելիորեն շատ էին դեսպանի խոսքում ընտրություններին տրվող որակումները: Հետեւաբար, բավականին օրինաչափ պետք է համարել Դավիթ Հարությունյանի կոշտ արձագանքը: Դա արեւմտյան որեւէ դեսպանի նկատմամբ կոշտ արտահայտվելու թերեւս եզակի նախադեպ է, եթե, իհարկե, չհաշվենք տարիներ առաջ հունգարացիների հետ կոշտ վարվելը, երբ այդ երկիրը Ռամիլ Սաֆարովին փոխանցել էր Ադրբեջանին: 
Ըստ ամենայնի` ընտրությունների վրա կրկին ստվեր գցելու փորձերը տեղավորվում են նաեւ Սեյրան Օհանյանին եւ սէֆիլյանականներին որոշ շրջանակների կողմից աշնանը «ֆորսմաժորային իրավիճակ» ստեղծելու վերաբերյալ ներարկած հույսերի մեջ: 
Այդտեղ է տեղավորվում եւ այն, որ մի շարք արտախորհրդարանական ուժեր փորձում են Անդրեաս Ղուկասյանին «սաղացնել» որպես քաղբանտարկյալ ու համապատասխան նամակով դիմել են մի շարք միջազգային կառույցներին: Միջնորդելով նրան ազատ արձակել` նամակագիրները մասնավորապես գրում են. 
«Հաշվի առնելով այն, որ Անդրեաս Ղուկասյանը քաղաքագիտական հանրությանը եւ հասարակության լայն շրջանակներին հայտնի է իր հետեւողական նվիրվածությամբ` քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին, նրա դեմ առաջ քաշված մեղադրանքների նպատակադրվածությունն ակնհայտ է. ի դեմս Անդրեաս Ղուկասյանի` վարկաբեկել Հայաստանում խաղաղ քաղաքացիական անհնազանդության շարժման բոլոր մասնակիցներին` ստիպելով նրանց քաղաքական բիրտ հալածանքի սպառնալիքով հրաժարվել միջազգայնորեն ամրագրված մարդու հիմնարար իրավունքներից»: Թե ինչու պետք է իշխանությունները հատուկ միջոցներ ձեռնարկեն «խաղաղ քաաղաքացիական անհնազանդության մեթոդները» վարկաբեկելու համար, անհասկանալի է, երբ հենց իրենք` «անհնազանդները», հաջողությամբ ինքնավարկաբեկվում են` փողոցային ակցիաներին հավաքելով այնքան քիչ մարդ, որ դրանք ոչ թե հանրահավաք են, այլ` մանրահավաք: 
Սակայն տեսնենք, թե ովքեր են ստորագրողները: Բացի Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունից, մնացյալը ամբողջովին լուսանցքային միավորներ են: Ընդ որում, հետաքրքիր է, որ «Ժառանգությունը» ստորագրել է երկու օրինակով` զետեղելով կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ փոխկուսակցապետ Արմեն Մարտիրոսյանի ստորագրությունները: Իսկ ընդհանուր առմամբ, ստորագրողներին միավորում է արմատական արեւմտամետ լինելու հանգամանքը, եւ այդ կոնտինգենտում մի տեսակ սպիտակ ագռավի պես է նայվում Սոս Գիմիշյանի կուսակցությունը, որն ընդհակառակը` համարվում է ռուսամետ: 
Բնականաբար, մոտավորապես նույն կոնտինգենտը նաեւ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին փորձում է ներկայացնել որպես քաղբանտարկյալներ: Սակայն այստեղ էլ առաջ է գալիս այն հանգամանքը, որ խորհրդարանական եւ ոչ մի կուսակցություն նրանց չի համարում քաղբանտարկյալ, այդ թվում եւ` արեւմտամետ ընդդիմադիր «Ելքը»: Ե՛վ Էդմոն Մարուքյանը, ե՛ւ Արամ Սարգսյանը այդ գրոհայինների գործողություններում հանցակազմ են տեսնում, իսկ թիմակիցների կարծիքն ավելի կտրուկ ու առանց այլեւայլությունների երկրորդում է եւ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Քաղբանտարկյալների պահով էլ, ՀՀ գլխավոր էլեկտրիկ Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասում է. «Քաղաքական բանտարկյալներ են կամ քաղաքական բանտարկյալներ չեն` ասելով չի»: 
Պարզ է, որ արմատական լուսանցքային զանգվածը «Ելքին» այդ դիրքորոշման առնչությամբ որակել եւ որակելու է դավաճան ու ծախված: Դե, նրանք մեծագույն դյուրությամբ այդ պիտակը կարող են կպցնել ում ասես: Եթե «հաց բերող» Արթուր Սարգսյանի հարազատ եղբորն են այդպես պիտակել եւ սպառնալիք ու հայհոյանքներ հավելել, ու նաեւ հանգուցյալի հարազատ մոր մասին են անշնորհք արտահայտվել, քանզի պարզվում է, որ իրենցից թույլտվություն չեն վերցրել` Արթուր Սարգսյանին հողին հանձնելու համար, ապա «Ելքին» կասեն ու կասեն եւ օֆ չեն քաշի: 

«ԵԼՔԻ» ՆԵՐՍՈՒՄ ԷԼ 
ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ
Բայց պարզվում է, որ «Ելքին» դավաճան են համարում ոչ միայն զինված խմբի կողմնակիցները, կամ, ինչպես Ֆեյսբուքում են նրանց դիպուկ բնութագրում` «ծռաշեղվածները», այլեւ խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ մշտապես սեփական «քաղաքակրթվածությունը» ի ցույց հանող «Ազատ դեմոկրատները»: Այդ կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը դեռ մինչեւ «Ելքի» ներկայացուցիչների կողմից զինված խմբին «ուրանալը», «Ելքին» որակեց եվրոպական արժեքների կեղծ ջատագով` հիմք ընդունելով այն, որ Արամ Սարգսյանն ասել էր, որ թեեւ վատ է ԵԱՏՄ կազմում լինելը, բայց այդ դաշտում էլ կարելի է աշխատել, ինչպես ինքն էր աշխատում, երբ վարչապետ էր: Բանը հասավ նույնիսկ «Ելքին» ռուսներին ծախված լինելու մեջ մեղադրանքներին: 
Սակայն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեփական ոտքով եկավ ոչ թե «Ազատ դեմոկրատների», այլ` «Ելքի» գրասենյակ, ուր մանրամասն քննարկում ծավալվեց ՀՀ ներքաղաքական խնդիրների շուրջ: Հավանաբար, ամերիկացիները չեն կիսում «Ազատ դեմոկրատների» տեսակետը, ու քանի որ Թրամփի վարչակազմը կրճատում է արտերկրյա ծախսերը, թերեւս գերադասելի են համարում աշխատել առավելագույնս արդյունավետ թիմերի հետ: Իհարկե, «Ելքին» իր 9 հոգանոց խորհրդարանական խմբակցությունով եւ մայրաքաղաքային ավագանիներով, գումարած նաեւ բավականին համեստ քարոզչական հնարավորությունները, դժվար է համարել սուպերարդյունավետ, բայց եղածների մեջ համեմատաբար ուժեղը իրենք են: 
Այնուամենայնիվ, «Ելքը» այնքան էլ միասնական չէ, որքան ձգտում է երեւալ: Ընտրություններից առաջ հայտարարվում էր, որ դաշինքում ընդգրկված կուսակցությունները հետագայում միավորվելու են, սակայն պարզվում է, որ հիմա նահանջում են այդ մտադրությունից: Ու էլի, ինչպես միշտ, ուղղամիտ Գեւորգ Գորգիսյանը հանրության առաջ փռում է բուն իրականությունը. «Մենք չենք շտապում եւ ուզում ենք, որ դա լինի կայուն բան: Այսպես ասեմ` առաջին հանդիպումից հետո չենք շտապում ամուսնանալ»: Այ քեզ առաջին հանդիպում` միասին երկու ընտրարշավ են անցկացրել, միասին արդեն մեկ ամսից ավել է աշխատում են խորհրդարանում եւ դա համեմատում են «առաջին հանդիպման» հետ: Ավելին` պարզվում է, որ միավորման մասին բանակցությունները դեռ չեն էլ սկսվել, եւ, միգուցե, միավորումն էլ ընդհանրապես չկայանա. «Ամեն ինչ անում ենք, որպեսզի կառուցենք կուռ, ամուր մարմին` կլինի դաշինք, կուսակցություն, թե ինչ, ժամանակը ցույց կտա: Կարեւորը, որ դա լինի կուռ, ֆունկցիոնալ եւ քիչ խոցելի մարմին: Միգուցե, քննարկումների, բանակցությունների արդյունքում պարզվի, որ դաշինքն ավելի լավ ֆորմատ է»: 
Այսինքն` «Ելք» խմբակցությունը այն նույն ճանապարհի վրա է, ինչ ժամանակին ՀԱԿ խմբակցությունն էր` տարանջատման: Ի դեպ, ուշագրավ է, որ զինված խմբի գործողություններում հանցակազմ տեսնելու վերաբերյալ դեռեւս չի արտահայտվել խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Դե, եթե Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» 2016-ի դրամատիկ ամռանը չէր շտապել աջակցել զինված խմբին եւ զբաղված էր հիմնականում կուսակցական շինարարությամբ, Խորենացու փողոց չէր շտապել նաեւ Արամ Զ. Սարգսյանը, ապա Նիկոլ Փաշինյանը այդ օրերին դրսեւորել էր աննախադեպ ակտիվություն: Ե՛վ ներսուդուրս էր արել ՊՊԾ գունդ, ե՛ւ միտինգային ակտիվություն էր դրսեւորում` կոչ անելով քաղաքացիներին ցույցերով զորակցել «տղաներին»:
Կա նաեւ մեկ այլ նրբերանգ: Դեռեւս ընտրություններից առաջ բոլոր մասնակից ուժերին ուղարկվել էր հարցաշար, ուր կար եւ հարցադրում, այսպես կոչված` ԼԳԲՏ համայնքի հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին: Դրան դրական պատասխանել էին «Ելքը», «Ազատ դեմոկրատները», ՕՐՕ-ն եւ ՀՅԴ-ն, ընդ որում` Դաշնակներն ահավոր դժգոհ էին, որ հարցում անողներն իրենց պատասխանը թաքուն չէին պահել: Հիմա, այն բանից հետո, որ Բրիտանիայի դեսպանատունը ցինիկ եւ լպիրշ ձեւով ՀՀ քաղաքացիների աչքն էր խոթել համասեռամոլների ծիածանագույն լաթը, այդ պատմությունը լրատվական դաշտում կրկին վերաթարմանում է: 
Պարզ է, որ լուսանցք դուրս թռած «Ազատ դեմոկրատները» եւ ՕՐՕ-ն, ավելի ճիշտ, վերջինիս ծվենները, ոչ ոքի հետաքրքիր չեն: Սակայն խորհրդարանական ուժերը` ՀՅԴ-ն եւ «Ելքը», այդ գարշահոտ պատմությունից մաքրվելու կարիք ունեն: Դե, զուտ պրագմատիկ տեսակետից, անհնար է այդ աղբը կերցնել մեր հանրությանը, հակառակ փորձերը բերում են վարկանիշային կորուստների: Կոնկրետ «Ելքի» պարագայում դա նույնպես կարող է դառնալ բաժանարար գիծ` «Քաղաքացիական պայմանագրի» եւ մյուսների միջեւ: Չէ՞ որ թեեւ բոլորն են այդտեղ արեւմտամետ եւ լիբերաստ, սակայն միայն Նիկոլի կուսակցության ղեկավար մարմնում կարելի է հայտնաբերել Հայաստանի ֆեմինիստական շարժման ամենաօդիոզ դեմքերին:  

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՎԵԼՈՒ Է
Թե ինչու կորստի եւ մոռացության դատապարտված լուսանցքային ուժերը համառորեն դեռ փորձում են հրապարակային ակտիվություն դրսեւորել, երեւի թե, դրա պատճառը հենց մրցակցությունն է լավագույն ընդդիմադիր արեւմտամետի կոչման համար: Այդ պատճառով է, որ ընդամենը մեկ տոկոս վաստակած «Ազատ դեմոկրատները» փորձում են «Ելքին» ներկայացնել որպես Մոսկվայի թեւի տակ աշխատող ուժ, իսկ զինված խմբի կողմնակիցները ձգտում են դավաճանի պիտակ կպցնել ոչ միայն «Ելքին», այլ անգամ «Երկիր ծիրանիին»: Ըստ ամենայնի, բոլորը մրցակցում են ամերիկյան կանաչ թղթադրամների բարակող առվակի համար, եւ պարզ է, թե բոլորն ինչքան կուրախանան, եթե այժմ ֆավորիտ համարվող «Ելքը» պառակտվի: 
Բայց, խոշոր հաշվով, «քեռի Սեմը» շատ պրագմատիկ քեռի է, եւ իզուր չէ, որ նույն դեսպանի կողմից իշխանություններին առաջարկվել էր այլընտրանքային էներգետիկայի ոլորտում մինչեւ 8 մլրդ դոլարի ներդրումների հեռանկար: Եթե ընդդիմադիր դաշտն այդքան թույլիկ է, ապա, թերեւս, ավելի հեշտ է աշխատել հենց իշխանության հետ, եւ աշխատել «հնարավորի արվեստի»  հարթությունում: Համ էլ հետաքրքիր պահ` բազմափորձ նախարար Դավիթ Հարությունյանը միանգամից կոշտ որակում տվեց ԵՄ դեսպան Սվիտալսկու խոսքին, սակայն ամենեւին մեր ներքին գործերին «կոպիտ միջամտություն» չորակեց ԱՄՆ դեսպան Միլսի մտերմիկ զրույցները «Ելքի» հետ` ներքին քաղաքականության շուրջ: Այսինքն` ինչ-որ մի տեղ գտնվում է այն սահմանագիծը, որից այն կողմ արդեն «ամենազոր» դեսպանի քթին էլ կարող են տալ:  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА