ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտաշես Գեղամյան. ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ`  ՆՇԱՆԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ

11.05.2016 18:21 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Արտաշես Գեղամյան. ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ`  ՆՇԱՆԱԿԵՏ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ

Այն ամենը, ինչ մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է 
դարձնում:
ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո (ս.թ. ապրիլի 5-ին) անցած վերջին հինգ շաբաթներին ծավալված իրադարձությունների վերլուծությունը վկայում է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) միջեւ նոր պատերազմի սանձազերծման անխուսափելիության մասին (եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արտակարգ միջոցներ չձեռնարկեն):
Ափշերոնյան բազեներն արդեն չեն էլ թաքցնում բացառապես ռազմական ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու իրենց մտադրությունները:
Այժմ ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի անմիջապես մերձակայքում, վերջինի տարածքում կենտրոնացված է տանկերի, համազարկային կրակի հրթիռային համակարգերի (PC3O, ՀԿՀՀ), այդ թվում` «Սմերչ», 6 միավոր TOC-1A կայանքների, հրետանային այլ համակարգերի մեծ քանակություն, ականանետեր, այլ ռազմատեխնիկա եւ կենդանի ուժ:Բնավ չենք կարող ասել, թե իրադրության զարգացման նման ընթացքն այս տարածաշրջանում անսպասելի էր: Ս.թ. ապրիլի 5-ին արդեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը` գիտակցելով, որ ապրիլի 2-ին իր ձեռնարկած բլից-կրիգը ոչ միայն ձախողվել է, այլև ղարաբաղյան ռազմական գործողությունների թատերաբեմում կարող է սպառնալ իր զինված ուժերի ջախջախմամբ, ստիպված էր գլխահակ խնդրել Ռուսաստանի ՊՆ Գլխավոր շտաբին` որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ հրադադարի համաձայնագիր կնքելու գործում: Ադրբեջանական բազեների` տարիների ընթացքում պատրաստված ռազմական արկածախնդրությունը, որը հանգամանալիորեն մշակվել էր Թուրքիայի ՊՆ Գլխավոր շտաբի անմիջական մասնակցությամբ, խափանվեց:

Այսքան տխուր հանգուցալուծումից ուշքի գալու համար ադրբեջանական իշխանությունները որոշեցին դադար վերցնել, որից էլ այժմ օգտվում են` նախապատրաստած աշխատանքն ավարտելու նպատակով, առանձնակի նենգությամբ և ցինիկությամբ աչքի ընկած իրենց արյունալի մտահղացումը վերսկսելու համար: Չարժե կասկածել, որ սպասվող չարագործությունների համահեղինակը Թուրքիան է: Կան բազմաթիվ վկայություններ և փաստեր այն մասին, որ Ադրբեջանի` ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության երկայնքով տեղակայված զինվորական ստորաբաժանումները հիմնականում համալրված են այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից` թալիշներից, լեզգիներից, քրդերից, ավարներից, թաթերից, ծախուրներից: Ի՞նչ է սա նշանակում: Հանգամանքների պատահական զուգադիպությո՞ւն, համընկնո՞ւմ, թե՞ մանրակրկիտ ծրագրված արյունոտ քաղաքականություն, որը հետապնդում է հեռուն գնացող նպատակներ: Ինչի՞ են ուզում հասնել ափշերոնյան քաղաքական գործիչները, որոնք ծրագրել են մոտ ժամանակներս արյունոտ նոր սպանդ սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ, որի հնոցը կնետվեն հազարավոր լեզգի, ավար, թալիշ, թաթ, քուրդ նորակոչիկներ: Հո թուրքական զինված ուժերի հրահանգիչնե՞րը չեն գնալու առաջնագիծ մարտական գործողությունների ժամանակ: Մի՞թե պաշտոնական Բաքուն կարծում է, թե կկարողանա տոտալ քարոզչության միջոցով իր երկրի էթնիկ փոքրամասնությունների մեջ (որոնց ազգային իրավունքները և ազատություններն արդեն քանի տասնամյակ ոտնահարվում են այդ երկրում) մի ինչ-որ հավաքական ինքնության զգացում առաջացնել: Հավանաբար, նրանց թվում է, թե վերջին տասնամյակների հայատյաց քարոզչությունը, հայկական ագրեսիայի, ի դեմս հայերի` ընդհանուր թշնամու մասին առասպելի շահարկումը կարող են շեղել լեզգիների, թալիշների, քրդերի, թաթերի, ավարների և էթնիկ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների ուշադրությունն իրենց կրած զրկանքներից և իրավազուրկ վիճակից: Ավելին, նրանց մեջ արթնացնել ընդհանուր ազգային ինքնության մի ինչ-որ սինդրոմ, կրկնում եմ` կառուցված «հայկական ագրեսիայի» մասին երերուն փաստարկների վրա: Ուզում եմ հուսալ, որ այդ ժողովուրդների ազգային առաջնորդներն ավելի լավ, քան որևէ մեկը, հասկանում են ղարաբաղյան ազատագրական շարժման, ժամանակին «ադրբեջանական մետրոպոլիայի» ճիրաններում իրենց հետ գտնվող հայ եղբայրներին առաջ մղող դրդապատճառները: Էլ չեմ ասում այն մասին, որ նրանք բավական լավ են պատկերացնում արդի թուրքական ղեկավարության նեոօսմանյան նկրտումների ազդեցության ոլորտում հայտնված ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր քաղաքականության բուն էությունը: Ադրբեջանի քաղաքականության էությունը որքան անպատկառ, նույնքան էլ նենգ է. իրենց ծրագրած ղարաբաղյան արյունոտ սպանդի մեջ ներքաշելով թալիշներին, լեզգիներին, էթնիկ մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչներին` ադրբեջանական իշխանությունները ցանկանում են, մի կողմից` լուծել այդ բաժանված ժողովուրդների (որոնց ներկայացուցիչների զգալի մասն ապրում է Ադրբեջանին սահմանակից Դաղստանում, ՌԴ) խնդիրը, մյուս կողմից` ջուր լցնելով իրենց թուրք հովանավորների ջրաղացին` հուզումներ և ապակայունություն առաջացնել Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, որտեղ էլ հոծ ապրում են այդ ժողովուրդները, ինչը վերջին հաշվով կարող է լուրջ աղետի հանգեցնել ազգային հողի վրա: Բավական է հիշել, որ ՌԴ-ում ապրում են մոտ երկու միլիոն հայեր և նույնքան էլ ադրբեջանցիներ, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչների մեծ համայնքներ:
Ընթերցողը տողերիս հեղինակին կարող է կշտամբել իրավիճակը չափից ավելի դրամատիկացնելու համար: Ավաղ, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծի ադրբեջանական հատվածում ծավալվող իրադարձությունների տրամաբանությունը վկայում է նման սցենարի իրագործման շատ բարձր հավանականության մասին: Եթե ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ սկսի, դրանք կվերածվեն շատ ավելի մեծ արյունահեղության, քան եղավ վերջին քառօրյա (ս.թ. ապրիլի 2-5-ը) պատերազմի ընթացքում, քանի որ այժմ շփման գծի երկու կողմերում էլ կենտրոնացած են, մի կողմում` Ադրբեջանի խոշոր զինված ուժերը, մյուս կողմում` համարժեք, ջախջախիչ պատասխան տալու պատրաստ ԼՂՀ Պաշտպանության բանակի ուժերը: Ընթերցողներին տեղեկացնելու համար մեջբերում կատարեմ OSTKRAFT վերլուծաբանական կենտրոնի տեղեկանքից. «Փակ տվյալներով, որոնք հնչեցնում են OSTKRAFT վերլուծաբանական կենտրոնի` Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի աղբյուրները, Ադրբեջանի իրական կորուստները կազմել են մոտ 800 մարդ (նկատի են առնվում քառօրյա պատերազմի ընթացքում կրած կորուստները- Ա.Գ.): Հենց այս կորուստների չափն է ստիպել Ադրբեջանի ղեկավարությանը` դադարեցնել ագրեսիան և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ» (https://ostkraft.ru/news/1753): Նշենք նաև, որ պաշտոնական Բաքուն, գնահատելով ղարաբաղյան մարտերի ընթացքում Ադրբեջանի կրած կորուստները, խոսում էր 180-200 զոհվածի (չորս անգամ պակաս իրական կորուստներից- Ա.Գ.), այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայինի, 2 խոցված ուղղաթիռի, 3 տանկի, 2 անօդաչու թռչող սարքի մասին:
Իրադարձությունների նման զարգացման պարագայում չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ Դաղստանում և հյուսիսկովկասյան մյուս հանրապետություններում խրամատավորված ԻԼԻՊ-ի տարատեսակ բաժանմունքները, Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսման դեպքում, կփորձեն ամեն գնով այս հակամարտությանը հաղորդել միջկրոնական դիմակայության բնույթ: Թուրքիայի ՊՆ Գլխավոր շտաբի ստրատեգների և նրանց ադրբեջանցի կամակատարների այս մտահղացումը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը Ստամբուլում, 2016թ. ապրիլի 14-ին, Իսլամական համագործակցություն կազմակերպության XIII գագաթաժողովում ունեցած իր ելույթում: «Իսլամատյացությունն այսօր լրջագույն սպառնալիքներից մեկն է աշխարհում: Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ միտումը: Իրականում իսլամը խաղաղության, գթասրտության, հանդուրժողության, արդարության կրոն է: Իսլամն ահաբեկչության հետ նույնականացնելը սխալ և կանխակալ մոտեցում է: Ամենից շատ ահաբեկչությունից տուժում են հենց մուսուլմանական երկրները»,- ասել է Ի.Ալիևը` շարունակելով. «Ահա արդեն ավելի քան 20 տարի Հայաստանը զավթողական քաղաքականություն է վարում Ադրբեջանի դեմ: Այդ տարածքներում իրականացվել է էթնիկ զտման քաղաքականություն»: Այսինքն` Ադրբեջանի նախագահը հիանալի հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի գլխավոր դրդապատճառներից մեկը ԼՂՀ հայ բնակչությանն ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ֆիզիկական բնաջնջումից (ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և Նախիջևանի ԻԽՍՀ-ում Ադրբեջանական ԽՍՀ հայերի էթնիկ զտման պետական քաղաքականության) փրկելու ցանկությունն է եղել: Ընդ որում` իսլամատյացության դրսևորումների դատապարտումից հետո Ի.Ալիևն անմիջապես անցնում է «Հայաստանի զավթողական քաղաքականության» դատապարտմանը` արհեստականորեն Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնելով որպես իսլամատյացության դրսևորումներից մեկը: Այսինքն` ադրբեջանա-թուրքական ստրատեգները հերթական անգամ փորձում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին հաղորդել միջկրոնական դիմակայության բնույթ:
Դա արվում է մի նպատակով. պարարտ հող ստեղծել Ադրբեջանին սահմանակից հյուսիսկովկասյան հանրապետությունների ջիհադականների հավաքագրման համար` հետագայում արդեն նրանց ոչ թե սիրիական ճակատ, այլ հյուսիսկովկասյան հանրապետություններին սահմանակից Ադրբեջան ուղարկելու հեռանկարով: Այս առնչությամբ մեջբերում կատարեմ Իզաբել Մանդրոյի «ԻԼԻՊ-ի հարձակումը Դաղստանում» հոդվածից` հրապարակված 2016թ. ապրիլի 13-ին ֆրանսիական ծանրակշիռ Le Monde երեկոյան օրաթերթում (https://www.inopressa/ru/article/13Apr2016/lemonde/dag.html). «Երկու տարվա ընթացքում Դաղստանում ջիհադականների ռուսալեզու թեկնածուների ամենամեծ թվակազմը կա: «Համաձայն ՆԳՆ պաշտոնական տվյալների` հեռացել է (նկատի են առնվում Սիրիա գնացածները- Ա.Գ.) 900-1000 մարդ,- Le Monde-ին տեղեկացրել է Հյուսիսային Կովկասի Իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռուսլան Գերեևը: Երեքուկես ամսվա ընթացքում հանրապետությունում տեղի է ունեցել չորս ահաբեկչություն, որոնք հաջորդել էին փոխհրաձգությանը, որի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»: Այնուհետև Իզաբել Մանդրոն մեջբերում է Մուհամադ Աբու Համզա Մագոմեդովին (Մախաչկալայի Հունգարացի մարտիկների փողոցի մզկիթից). «Եթե մի որևէ երիտասարդ ուզում է վերադառնալ Սիրիայից, նրան կամ բանտ են նստեցնում, կամ սպանում են: Վերադարձն անհնար է, եթե չունեն ազդեցիկ ու շատ փող ունեցող ծնողներ»: Պարզ է, որ թուրք-ադրբեջանական ռազմական վերլուծաբանները նրանց այլընտրանք են առաջարկում. սիրիական ճակատը փոխարինել ղարաբաղյանով, մանավանդ որ այն մատուցվում է որպես միջկրոնական դիմակայության ռազմական ասպարեզ: Բնական է, որ Ղարաբաղյան հակամարտության նման կրոնական աստառը զգալիորեն դյուրինացնում է թուրքական հատուկ ծառայությունների խնդիրը (որոնք, ինչպես վկայում են բազմաթիվ աղբյուրներն ու փաստերը, ակտիվորեն շփվում, ավելի շուտ` համագործակցում են ԻԼԻՊ-ի պարագլուխների հետ)` պայմանավորվել նրանց հետ հյուսիսկովկասյան հանրապետություններից ԻԼԻՊ-ական հարյուրավոր ահաբեկիչների նետել ղարաբաղյան ճակատ: «Դեռ լավ է», որ թուրքական միջանցքն առանց որևէ խոչընդոտի դեռ գործում է: Պետք է ենթադրել, թե ահաբեկիչներին ղարաբաղյան ճակատ նետելու բարձրակետը կհամընկնի ադրբեջանական բանակի ռազմական նոր գործողությունները սկսելու հետ, երբ ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան զանգվածային ձևով մեդիա-տարածքը կհեղեղի նախապես պատրաստված նյութերով` «հայերի վայրագությունների մասին», արդեն ադրբեջանական ԶՈւ-ի կազմում կռվող ԻԼԻՊ-ականների (ծագումով Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասի հանրապետություններից) հանդեպ: Չարժե կասկածել, որ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների (որոնք ներկա պահին զգալի թիվ են կազմում այդ երկրի` ղարաբաղյան ճակատում տեղակայված ԶՈւ-ում) զոհվելու մասին տեղեկությունը լայնորեն կարծարծվի ՌԴ` Ադրբեջանին սահմանակից հյուսիսկովկասյան հանրապետություններում: Այս առնչությամբ չարժե անտեսել նաև այն հանգամանքը, որ ներկայում Ադրբեջանում արդեն տասնյակ հազարավոր վահաբականներ կան, և նրանց թիվը շարունակում է ավելանալ: Ընդ որում` «տվյալներ կան, որ Ադրբեջանից մինչև 1000 վահաբական զինյալ գնացել է կռվելու Սիրիայում, և նրանց մեծաթվության պատճառով պատերազմից քայքայված այդ երկրում հիմնվել է Ադրբեջանի վահաբականների ընկերակցությունը»: Այս և տագնապալի այլ մանրամասներ ս.թ. ապրիլի 27-ին հաղորդել է Իրանում հիմնավորված AhlulBayt տեղեկատվական գործակալությունը: Հատկանշական է, որ այս տեղեկությունը տարածել է ադրբեջանական haqqin.az (https://haqqin.az/news/69142) տեղեկատվական գործակալությունը:
Ակնհայտ է, որ Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան համագործակցության հաստատմամբ, որի համաձայն` 2016թ. փետրվարի 27-ից գործողության մեջ է դրվել հրադադարի մասին համաձայնագիրը, Ադրբեջանից և ԱՊՀ հանրապետություններից ու Ռուսաստանից սերած ԻԼԻՊ-ական ահաբեկիչների և վահաբականների պլաններն էապես փոփոխության ենթարկվեցին: Ադրբեջանական ծագում ունեցող վահաբականների և ԻԼԻՊ-ական ահաբեկիչների զգալի մասը նետվեց ղարաբաղյան ճակատ, և քառօրյա պատերազմի ընթացքում նրանք արդեն ի ցույց դրեցին իրենց վայրագ էությունը. երեք հայ գերեվարված զինվորների գլուխները կտրել են, իսկ հետո ցուցադրել Ադրբեջանի գյուղերում ու քաղաքներում, գազանաբար սպանվել են տարեց մարդիկ, կանայք և երեխաներ: Մարդասպաններից մեկը մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի կողմից ազգային հերոս է հռչակվել:
Լիովին կողմնակից լինելով Սիրիայում խաղաղության հաստատման ռուս ամերիկյան համագործակցությանը` կուզենայի ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն բանին, թե ինչպես է դա ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում թուրքական իշխանությունների վարած քաղաքականության վրա: Չնայած Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման բոլոր դժվարություններին` նշենք, որ ս.թ. մայիսի 5-ի դրությամբ հրադադարի գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 91-ի, այս մասին ասվում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի տեղեկագրում: Նշենք նաև, որ մայիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունել է երկու երկրների (Ռուսաստանի և ԱՄՆ-ի- Ա.Գ.) պայմանավորվածությունները Սիրիայում հրադադարի ռեժիմը հյուսիսային մայրաքաղաքի` Հալեպի վրա տարածելու վերաբերյալ: Պետքարտուղարի այս հայտարարությունը բացառիկ կարևոր է թվում` նկատի ունենալով, որ այն արվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո:
«Հետաքրքիր փաստ. Հալեպի վերաբերյալ հրադադարի համաձայնեցման ընթացքում (որի պարամետրերը, կրկնում եմ, սահմանվել են...) մեր ամերիկացի գործընկերները փորձում էին «լռության գոտու» սահմաններն այնպես որոշել, որպեսզի վերցվի այն դիրքերի զգալի մասը, որոնք զբաղեցնում է «Ջաբհաթ-ան-Նուսրան»: Դա միանգամայն անընդունելի էր, և արդյունքում հաջողվեց հետ մղել այն: Բայց դա կրկին այն մտքին է հանգեցնում, թե ինչ-որ մեկն ուզում է օգտագործել ԱՄՆ-ը (ես չեմ հավատում, որ նրա շահերից է բխում «Ջաբհաթ-ան-Նուսրային» պաշտպանելը), որպեսզի այդ կազմակերպությունը հանվի հարվածի տակից: Այս առնչությամբ չեմ կարող չհիշատակել այն, ինչի մասին շատ է ասվել. ԻԼԻՊ-ի և «Ջաբհաթ-ան-Նուսրայի» հետ թուրքական ղեկավարության դատապարտելի կապերի վերաբերյալ առկա տեղեկությունների մասին»,- ասել է Սերգեյ Լավրովը ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Թուրքիայի պլանները Սիրիայում խափանվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև էլ ավելի խորացող վստահելի համագործակցության հետ կապված: Ուստի, այդ երկիրն ինտենսիվորեն Ադրբեջանին դրդում է ռազմական նոր արկածախնդրության ԼՂՀ-ի դեմ, որպեսզի վերջնարդյունքում դրա հնոցի մեջ ներքաշի Սիրիայում «չպահանջված» որքան հնարավոր է մեծ թվով ԻԼԻՊ-ի ահաբեկիչների` լինեն նրանք վահաբականներ Ադրբեջանից, թե Հյուսիսային Կովկասի հանրապետություններից, հատկապես լեզգիներ, ավարներ, թալիշներ, քրդեր: Հետո ավելի հեռուն կգնան. կապակայունացնեն իրավիճակը Հարավային Կովկասում, դրան զուգահեռ` կփորձեն հրահրել բախումներ Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների միջև:
Չարժե կասկածել, որ սադրանքներ կնախաձեռնեն նաև Թուրքիայի մերձավոր դաշնակիցները Ղրիմում, «Ղրիմի թաթարների մեջլիսի» առաջնորդների միջոցով, անգամ չնայած այն բանին, որ ս.թ. ապրիլի 13-ին Ղրիմի դատախազի որոշմամբ նրանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Այստեղ չարժե նաև անուշադրության մատնել ԻԼԻՊ-ի, «Ջաբհաթ-ան-Նուսրայի» և ահաբեկչական այլ խմբավորումների իսլամիստների` Սիրիայից Ռուսաստանին սահմանակից միջինասիական հանրապետություններ (ԱՊՀ երկրներ) նետվելու վտանգը:
Ես միտումնավոր այսքան մանրամասն ներկայացրի ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության շուրջ ստեղծված իրավիճակի իմ տեսլականը, քանի որ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունների հնարավոր, չափազանց վտանգավոր հետևանքների գիտակցումը միայն կօգնի հասկանալ Հայաստանի ղեկավարության վերջին օրերի գործողությունների տրամաբանությունը:
Այսպես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 28-ին Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստի ժամանակ, ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, կարևորել է բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերը: Առաջին` վստահության միջոցների ձևավորում և ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում: Երկրորդ` միջազգային հանրության հասցեական հայտարարությունների պահանջվածություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետ կապված: Երրորդ` (միջազգային հանրության- Ա.Գ.) երաշխիքներ, որ Ադրբեջանը չի դիմի նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատասխանատու քաղաքական գործիչ ըմբռնումով և հավանությամբ է ընկալել Հայաստանի նախագահի այս կշռադատված և կառուցողական հայտարարությունը, որը նա արել է ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից ընդամենը երեք շաբաթ անց: Սեփական քաղաքացիների հանդեպ իրականացրած հանցագործությունների (որոնք հանգեցրին Ադրբեջանի ԶՈւ 800 զինծառայողի կորստին) գիտակցումից ելնելով, թե հասկանալով, որ բանակցային գործընթացի շարունակման համար Հայաստանի նախագահի առաջադրած միանգամայն օբյեկտիվ պայմանները, ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից դրանց ընդունման պարագայում, ի ցույց կդնեն ադրբեջանական իշխանությունների իսկական դեմքը, որոնք արդեն երկրորդ տասնամյակն է` ամենօրյա ռեժիմով սադրում են միջադեպեր ԼՂՀ-Ադրբեջան սահմանին` հանգեցնելով զոհերի` զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում, ադրբեջանական կողմը դրանք դիմավորեց սվիններով: Ավելին, հայկական կողմի առաջադրած պայմանների ընդունումը կնշանակի պետական քաղաքականության մակարդակի բարձրացված ադրբեջանական հայատյաց քարոզչության վերջ: Երրորդ` Ադրբեջանի կողմից նոր ագրեսիաների չթույլատրման անսասան երաշխիքների հաստատման սպառիչ միջոցների ընդունումը կարող է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը դուրս բերել որակապես նոր մակարդակի, որը կարող է դառնալ առաջին քայլը համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին: Ցավոք, Սերժ Ազատի Սարգսյանի այս բացառիկ ակտուալ նախաձեռնությունը դեռևս չի արժանացել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համարժեք հրապարակային արձագանքին: Փոխարենը` ադրբեջանական կողմը տիեզերական աղմուկ բարձրացրեց Հայաստանի կառավարության եզրակացության հետ կապված, որն ընդունվել է ս.թ. մայիսի 5-ին «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկման արդյունքներով: Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը պայմանավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև քննարկումների արդյունքներով` հաշվի առնելով հետագա հնարավոր զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: Ուշադրություն դարձրեք հիմնավորման եզրափակիչ մասին. «այդ թվում նաև արտաքին գործոնները»: Այսինքն` Հայաստանի կառավարությունը, ըստ էության, վկայակոչելով «արտաքին գործոնները», փաստորեն նորից դիմում է ինչպես ադրբեջանական կողմին, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Ըստ էության, ԵԱՀԿ ՄԽ-ին կոչ է անում ընդունել բանակցային գործընթացի վերսկսման գործուն միջոցներ: Իսկ այդ գործընթացը դեռ չսկսված` կփակվի, եթե չիրականացվեն դրանց վերսկսմանն օբյեկտիվորեն անհրաժեշտ պայմանները, որոնք ս.թ. ապրիլի 28-ին առաջ է քաշել հայկական կողմը: Չարժե կասկածել, որ յուրաքանչյուր անաչառ քաղաքական գործիչ «կա՞ արդյոք այլընտրանք ՀՀ նախագահի առաջադրած պայմաններին» հարցին, մեր կարծիքով, կտա միանշանակ պատասխան. հայկական առաջարկությունների ցանկացած այլընտրանք փաստացի կնշանակի քարթ-բլանշ տալ ադրբեջանական իշխանություններին` նոր պատերազմ սկսելու համար: Պատերազմ, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Պնդել, թե ադրբեջանական իշխանությունները գիտակցում են սա` փոքր-ինչ ռիսկային կլինի, թեկուզև այն պատճառով, որ նրանք գտնվում են թուրքական իշխանությունների մեծ ճնշման տակ: Իսկ որ ադրբեջանական զինված ուժերը ենթարկվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբին` դրանում բնավ կասկածելու հարկ չկա. ասվածի բազմաթիվ ապացույցներ կան: Բայց դա մեկ այլ վերլուծության թեմա է: Իսկ Թուրքիան, Ադրբեջանին դրդելով ռազմական գործողությունների, հույս ունի վերջապես, առնվազն շփման եզր գտնել Ռուսաստանի ղեկավարության հետ, էլ չեմ ասում այն մասին, որ օգտվելով հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության խորացումից` զգալիորեն ակտիվացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Ավելին, թուրք բազեներն ամեն բան կանեն, որպեսզի իրականացվի իրենց վերջնանպատակը. Ռուսաստանին և ՀԱՊԿ գծով նրա դաշնակիցներին ներքաշել ՆԱՏՕ-ի հետ ռազմական դիմակայության մեջ: Ուզում ենք հուսալ, որ զարգացման այսպիսի սցենարները ճիշտ կհաշվարկվեն ՆԱՏՕ անդամ եվրոպական երկրների ղեկավարների կողմից, մանավանդ որ Ռուսաստանի հետ ռազմական դիմակայությունն ամենևին չի բխում Եվրամիության անդամ պետությունների շահերից: Ասվածի վառ վկայությունն է ապրիլի 28-ին ֆրանսիական խորհրդարանի քվեարկությունը, որի արդյունքում Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց հօգուտ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները հանելու: Եվ ինչպես հայտարարեց այդ բանաձևի հեղինակ Թյերի Մարիանին. «Ազգային ժողովում ընդունված փաստաթուղթը պարտադիր բնույթ չի կրում, բայց ես համոզված եմ, որ կառավարությունն այժմ պետք է դրան ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի: Վստահ եմ, որ մեր բանաձևը նրան համարձակություն կտա, իսկ Ֆրանսիայի ձայնը նորից ուժեղ և վճռական կհնչի, ինչպես գեներալ Շառլ դը Գոլի ժամանակներում»:
Կարծում եմ, որ ԱՄՆ-ը նույնպես շահագրգռված չէ հայտնվել նեոօսմանների «թուրքական ծուղակում», մանավանդ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԱՄՆ-ի և Ռուսաստանի շարունակվող համագործակցության պայմաններում: Այս կապակցությամբ բավական հետաքրքիր էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստի ելույթը լրագրողների համար կանոնավոր կերպով տրվող ճեպազրույցում. «Նախագահ Պուտինը ցույց է տալիս, որ դրանում (սիրիական կարգավորման մեջ- Ա.Գ.) մեծ ջանքեր է ներդրել: Եվ նա շատ բանում խաղարկում է իր հեղինակությունը: Նա հստակ հասկանալ է տալիս, որ պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը Բաշար Ասադի ռեժիմի վրա, որպեսզի ապահովի քաղաքական այն անցումը, որը կլինի հօգուտ Ռուսաստանի, սիրիացի ժողովրդի և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այդ ջանքերում»: Կարծում եմ, որ Սպիտակ տան ներկայացուցչի այս կշռադատված գնահատականն արտացոլում է նաև ամերիկյան ընտրողների տրամադրությունները: Այսպես, Reuters գործակալությունը և Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնը հանրային կարծիքի հարցում են անցկացրել, որի նպատակն էր պարզել, թե ինչպես են վերաբերվում ամերիկացիները ընտրարշավի ֆավորիտներին: Թրա՞մփ, թե՞ Քլինթոն. այս հարցը հուզում է բոլորին: Դոնալդ Թրամփը, որի քաղաքական հայացքները բնավ չեն ներգրվում ԱՄՆ գործող իշխանությունների քաղաքականությունում, որն, օրինակ, առաջարկում է չխանգարել Ռուսաստանին Սիրիայում և նրա հետ համագործակցություն հաստատել, և որը պնդում է, որ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի սխալն է, վերոնշյալ հարցման արդյունքներով խոստացել է պաշտպանել հարցվածների 50%-ին, որոնք պատրաստ են իրենց ձայնը նրան տալ ընտրություններում: Դրդապատճառները կարող են շատ տարբեր լինել, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում:
Ասվածի համատեքստում Հայաստանի նախագահի կշռադատված առաջարկությունները բանակցային գործընթացի վերսկսման պայմանների մասին փաստորեն չեղյալացման են տանում վտանգավոր այն սցենարները, որոնք փայփայում է Օսմանյան կայսրության վերածննդի բաղձանքով տառապող թուրքական ղեկավարությունը: Մերօրյա նեոօսմանների այս վտանգավոր նախագծի իրագործումը կարող է պատերազմի և քաոսի հորձանուտ ներքաշել ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը, Ռուսաստան-ՆԱՏՕ և Ռուսաստան-Եվրոպա ռազմական դիմակայության պարագայում: Ուստի, կարելի է առանց չափազանցության ասել. կրակում են Հայաստանի վրա` նշանակետ ունենալով աշխարհը: Ավաղ, սա չափազանցություն չէ:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. Օրերս, ս.թ. ապրիլի 6-ին, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, հեռահար մոնտաժի տեսության հիմնադիր Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը: Մեր հանրաճանաչ հայրենակցի մասին շատ պատկերավոր է արտահայտվել իտալացի մեծ բանաստեղծ, գրող, նկարիչ, կինոդրամատուրգ Տոնինո Գուերան, որը գրել է սցենարներ Միքելանջելո Անտոնիոնիի «Զաբրիսկի փոյնթ», «Խավարում», «Կարմիր անապատ», «Կնոջ իդենտիֆիկացիա» և այլ ֆիլմերի համար, իսկ Ֆեդերիկո Ֆելինիի համար հորինել է «Ամարկորդ» պիեսը, որը հետագայում վերածվել է նշանավոր կինոֆիլմի: Ահա թե ինչ է ասում Տոնինո Գուերան մեր նշանավոր ժամանակակցի` Արտավազդ Փելեշյանի մասին. «Ինձ համար միանգամայն անընդունելի են այն ֆիլմերը, որոնք կենդանի մարդուն վերածում են ռոբոտի... Այդպիսի կյանքն ինձ համար զզվելի է: Եվ ահա ես տեսնում եմ մի նկար (խոսքն Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ֆիլմի մասին է- Ա.Գ.), որն ինձ ցնցեց, քանի որ դրանում ես գտա իսկական կյանքը, իսկական բնությունը և իսկական մարդկանց... Դա այնքան հզոր է արված, այնքան վարպետորեն է ցուցադրված բնության վեհությունը մարդկանց և կենդանիների ընդհանուր պլանով, բառերի բացակայությունն ինքնին, երաժշտության և աղմուկի հոսքի մեջ, այստեղ դառնում է գեղարվեստական կերպարի միսն ու արյունը... Ես հանկարծ հասկացա, որ հանդիպել եմ մեծագույն ռեժիսորներից մեկին»: Կարելի է նման այլ արձագանքներ էլ ներկայացնել մաեստրո Փելեշյանի մասին, որոնք հնչեցրել են համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի մեծություններ, ինչպիսին են Ժան-Լյուկ Գոդարը, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Սերգեյ Գերասիմովը, Ռոման Կարմենը, Անդրոն Կոնչալովսկին, Սերգեյ Փարաջանովը, Ալեքսանդր Սոկուրովը: Բայց ես այլ բան եմ ուզում ասել: Դեռևս 1990թ. ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահը ստորագրել էր «HOMO SAPIENS» ֆիլմը (Արտավազդ Փելեշյանի սցենարով) պետպատվերի մեջ ներառելու որոշումը: Ցավոք, այդ որոշումն այդպես էլ չիրականացավ, որովհետև Խորհրդային Միությունը փլուզվեց... Անվիճելի է, որ մաեստրո Փելեշյանի մտահղացած ֆիլմը դառնալու էր համաշխարհային կինոյի հերթական գլուխգործոցը... Ուզում եմ հավատալ, որ Ա.Փելեշյանի խենթ մտահղացումը, միևնույն է, կյանքի կկոչվի, որովհետև ինքը` մաեստրոն, խորապես գիտակցում է Երկիր մոլորակի պահպանման` իր սցենարում բարձրացված օրախնդիր հարցերի բացառիկ հրատապությունը, ինչը, նրա համոզմամբ, հնարավոր է միայն մարդու և բնության լիակատար ներդաշնակության պարագայում: Իսկ դա, իր հերթին, առաջին պլան է մղում ողջ աշխարհում այնքան փխրուն խաղաղության պահպանման կենսահույզ խնդիրը: Շատ կուզենայի ներկա գտնվել Արտավազդ Փելեշյանի ֆիլմի պրեմիերային: Չէ՞ որ նա աշխարհին է ներկայացնում հայ ժողովրդի` ստեղծարար, Երկիր մոլորակի ամեն մի մարդու ցավին կարեկից ժողովրդի իսկական էությունը:

Հ.Գ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ վերջերս Երևանի Ավագանին միաձայն որոշում ընդունեց Արտավազդ Փելեշյանին բնակարան հատկացնելու մասին, որտեղ նա մշտական բնակության կտեղափոխվի իր համար հարազատ դարձած Մոսկվայից: Ուզում եմ հուսալ, որ հենց Երևանում կտրվի նրա «HOMO SAPIENS» մեծ մտահղացման մեկնարկը: Եվ իմ հույսը հիմնված է այն բանի վրա, որ Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի պայմաններում անգամ Հայաստանի ղեկավարությունն այսքան մեծ ուշադրություն է հատկացնում հոգևոր ոլորտին` իր գործողություններով քաղաքակիրթ աշխարհին ցույց տալով, թե ինչպիսին են մեր ազգային գերակայությունները:
 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА