ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արդեն հարցը որոշված է` Վրաստանում ՀՀ դեսպանը կլինի Սերգեյ Մինասյանը»

14.06.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արդեն հարցը որոշված է` Վրաստանում  ՀՀ դեսպանը կլինի Սերգեյ Մինասյանը»

Ով կփոխարինի Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, երեկ 60-ամյակը բոլորած Յուրի Վարդանյանին դիվանագիտական այս կարեւոր պաշտոնում, կարծես թե, արդեն վերջնականապես պարզ է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Ռուսաստանի  ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ ԱՂԱՍԻ ԱՐԱԲՅԱՆԸ եւ մանրամասնեց.

–Մենք ունենք հստակ տեղեկատվություն, որ արդեն հարցը որոշված է` Վրաստանում ՀՀ դեսպանը կլինի մեր ջավախքահայ Սերգեյ Մինասյանը, որը կփոխարինի Յուրի Վարդանյանին: Մենք` Ռուսաստանի ջավախքահայերս, հարգում ենք Յու. Վարդանյանին, որովհետեւ հայտնի եւ հայասեր գյումրեցի է: Դե Գյումրին էլ մոտ է Ջավախքին ու հարազատ: Բայց ռոտացիայի հարցեր կան, եւ ժամանակը եկել է, որ նրան փոխարինի Ս. Մինասյանը:

– Պարոն Արաբյան, այս փաստը սվիններով ընդունեցին ադրբեջանական լրատվամիջոցները եւ հայտարարեցին, թե իբր Սերգեյ Մինասյանը ժամանակին Ջավախքի հարցերում անջատողական հայտարարություններով է հանդես եկել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սերգեյ Մինասյանը կրթված, շատ օբյեկտիվ տղա է, եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերին տիրապետում է բարձր մակարդակով: Նա ոչ մի անգամ անջատողական հայտարարությամբ հանդես չի եկել: Պարզ է, որ ադրբեջանցիներն են ուզում նրան այդպես ներկայացնել: Ինձ թվում է, թե՛ ջավախքահայերիս եւ վիրահայերի, թե՛ ընդհանրապես, Հայաստանի համար նա լավ թեկնածու է: Եվ մենք պատրաստ ենք հնարավորինս կանգնել նրա կողքին ու աշխատել, որպեսզի հայ-վրացական հարաբերություններն էլ ավելի ամրանան ու ճիշտ ուղղությամբ ընթանան:

– Ի դեպ, վերջերս Դուք հանդիպում եք ունեցել Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ, ինչը եւս ադրբեջանական հիստերիայի պատճառ դարձավ...

– Մեր հարգելի Վարդան Տողանյանը շատ դրական քայլ արեց եւ Ռուսաստանի ջավախքահայերի կազմակերպությունը առաջիններից մեկն էր, որ հանդիպման պաշտոնական հրավեր ստացավ դեսպանից: Բավականին խոսեցինք հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերությունների, հասարակական գործունեության մասին, բայց ադրբեջանական մամուլը հանդիպման մասին ֆանտաստիկ բաներ հնարեց, թե իբր անջատողական Աղասի Արաբյանը հանդիպել է դեսպանին, ու Վրաստանն են կիսում, Վրաստանն են տանում... Մենք իհարկե հասկանում ենք` որն էր դրա նպատակը: Ադրբեջանցիներն այսօրվա դրությամբ դեմ են, որ հայերս եւ վրացիները լինենք միասին, քանի որ երկուսս էլ քրիստոնյա ենք եւ շատ մոտիկ ազգեր ենք, ինչը նրանց ձեռք չի տալիս: Մենք` որպես ռուսաստանյան կազմակերպություն, որեւէ անգամ հակավրացական ոչ մի բան չենք ասել, ոչ մի անջատողական պահանջ չենք ունեցել, այսքան ժամանակ միայն ասել ենք, որ ուզում ենք լինել միասին եւ հավասար ու հիմա էլ աշխատում ենք այդ ուղղությամբ: 

– Լավ, իսկ որտեղի՞ց են գլուխները մտցրել, թե իբր Ձեր կազմակերպությունը Վրաստանում փորձում է անջատողական քայլեր ձեռնարկել:

– 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբներին մենք Վրաստանին առաջարկում էինք երկիրը դարձնել դաշնային հանրապետություն, որի մեջ կլինեն տարբեր դաշնային շրջաններ` հայկական, աբխազական, օսեթական եւ այլն: Մենք այն ժամանակ տեսնում էինք, որ Վրաստանը կարող է քանդվել, բայց մեզ չլսեցին: Մինչդեռ եթե լսեին, այդ հողային կորուստները չէր ունենա Վրաստանը: Այն ժամանակ էլ մեզ համարում էին անջատողական, իբրեւ թե մենք Կրեմլի կողմից ստեղծված կազմակերպություն ենք: Իսկ իրականում մենք մտածում էինք Վրաստանի մասին, այդ թվում` մեր ժողովրդի: Ընդամենը ժամանակին խոսում էինք Ջավախքի ինքնավարության մասին, ոչ թե` առանձնանալու: Մենք տեսնում էինք, թե Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին ինչ հանցագործ էր եւ ինչեր էր անում, եւ ուզում էինք մեր ժողովրդին փրկել, չթողնել, որ վերջանա մեր ազգը:Բայց այսօրվա դրությամբ` մենք փոխում ենք մեր ուղղությունը. «Վրացական երազանք» կուսակցությանը, որը մի քանի տարի առաջ եկավ եւ դարձավ Վրաստանի նոր իշխանություն, ուզում ենք օգնել: Ավելին` եթե առաջ ասում էինք, որ ինքնավարություն ենք ուզում, ապա հիմա հակառակը` միայն ուզում ենք, որ Վրաստանը չքանդվի: Մենք միացյալ Վրաստանի կողմնակից ենք եւ ամեն ինչ կանենք, որպեսզի չթողնենք, որ այն քանդվի: Այս ամենը վրացիներն էլ են հասկանում: Ադրբեջանն ու Թուրքիան են հետաքրքված, որ Վրաստանը քանդվի, իսկ մեզ` հայերիս, դա ձեռք չի տալիս: Դրա համար հիմա ամեն կերպ փորձում ենք հասկացնել, որ մոռացե՛ք, Ջավախքը չի ուզում ոչ մեկից անջատվել կամ միանալ, այլ ուզում ենք ինչպես կա, այնպես էլ մնա, եւ Վրաստանը լինի միացյալ, հզոր ու զարգացած: Իսկ մեր հայերն այդ երկրում լինեն ինչպես վրացիներն են ու այլ ազգերը, այսինքն` ոչ մի տարբերություն չդրվի` ազատ ապրեն, ազատ աշխատեն ու զարգանան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА