ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՐԱՆԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՍՆԻ՞ ՄԵԶ

09.06.2017 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
ԻՐԱՆԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՍՆԻ՞ ՄԵԶ


Իրանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը մեզ համար նաեւ նշանակում է, որ ահաբեկչական համակարգն արդեն գործում է մեր սահմանների անմիջական հարեւանությամբ: Իսկ այդ փաստը ակամա հիշեցնում է Հայաստանում ռուսական ռազմաբազան ահաբեկչության դեմ օգտագործելու մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտնի հայտարարությունը, որին ի պատասխան, մեր շատ «իմաստուններ» աղմկում էին, թե՝ «Աման, նման բաներ չասեք, որ ահաբեկիչները մեր տեղը չիմանան»: Բայց իրական կյանքում, երբ ահաբեկիչները հարվածում են մեր հարեւան-բարեկամ պետությանը, այս հարցն է գալիս օրակարգ՝ որքանո՞վ է Հայաստանն ու Արցախը ապահովագրված նման հարվածներից, եւ Իրանի ահաբեկչությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա: Հարցերի շուրջ զրուցեցինք հայաստանյան վերլուծաբանների հետ:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.
- Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը ցույց տվեց, որ Մերձավոր Արեւելքը գտնվում է ռազմաքաղաքական խորը ճգնաժամում, եւ փորձ է կատարվում այն աստիճանաբար տարածել դեպի Հարավային Կովկաս եւ Միջին Ասիա, ընդհուպ մինչեւ ՌԴ հարավային սահմանները: Բացի այդ, այս հարվածը ջարդեց Իրանում ահաբեկչական գործողությունների հնարավորության բացառման հարցում իշխող տարբեր փորձագիտական կարծիքներ ու գնահատականներ: Կարծում եմ` նման սցենարի զարգացումն անսպասելի էր անգամ Իրանի ղեկավարության համար: Երրորդ` տեղի ունեցած ահաբեկչությունը լրջագույն սպառնալիք է ոչ միայն Իրանի համար, այլեւ նրան սահմանակից բոլոր պետությունների եւ, առաջին հերթին, հարավկովկասյան ուղղությամբ: Հաշվի առնելով դեպքերի նման զարգացման ներկայիս տրամաբանությունը, կարծում եմ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունն էլ ավելի մեծ ու համակարգային ուշադրություն կդարձնի երկրի ինչպես սահմանային, այնպես էլ՝ պետության ներսում անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման հարցերին: Իհարկե, այստեղից ամենեւին էլ չի հետեւում այն տրամաբանությունը, ըստ որի, իրանական դեպքերը անպայմանորեն կարող են դոմինոյի էֆեկտ ունենալ եւ տարածվել հարակից երկրների վրա: Միեւնույն ժամանակ, սակայն, իրադարձությունների զարգացման նման սցենարի անտեսումը կամ սցենարի անիրատեսական համարելն ուղղակի անթույլատրելի պետք է որակել: Ավելին, հաշվի առնելով արցախյան շփման գծում տիրող լարվածությունը, որն ամենեւին էլ նվազման միտումներ չի արձանագրում, անհրաժեշտ է ուժեղացնել զգոնությունը Հայաստանի ու Արցախի սահմանային անվտանգության ապահովման հարցերում: Չի բացառվում, որ իրանական դեպքերից օգտվելու եւ դրանք տարածելու փորձեր լինեն հարեւան Ադրբեջանի իշխանությունների կողմից: 
ԵՊՀ դասախոս, իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ.
- Հայկական կողմն Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը բավականին ադեկվատ անդրադարձավ, հայ ժողովուրդը ցավալի կերպով ընկալեց հարեւան եւ բարեկամ երկրում տեղի ունեցածին: Կարծում եմ` նոր բան չեմ ասի, եթե հայտնեմ, որ պետք չէ խուճապի մատնվել, քանի որ նմանատիպ ահաբեկչական գործողություններ միշտ էլ մեզ շատ մոտ են եղել: Պարզապես՝ պետք է ավելի զգոն լինել: Նմանատիպ կրիտիկական պահերին բոլորիս ուշադրությունը սեւեռվում է հատկապես Արցախի ուղղությամբ, քանի որ եղել են մի քանի դեպքեր, երբ Ադրբեջանը օգտվել է առիթից եւ փորձել արկածախնդրության դիմել: 
ՍիվիլՆեթի մեկնաբան, քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ.
- Արցախում ահաբեկչության իրականացման ռիսկերը քիչ են: Սակայն մյուս կողմից էլ, եթե Ադրբեջանի գործողությունները որակենք որպես ահաբեկչություն, ապա Արցախի Հանրապետությունը 365 օր զբաղված է ահաբեկչության դեմ պայքարով: Այս առումով՝ Արցախում խնդիրը վաղուց կա: Հայաստանի պարագայում մի քիչ դժվար է ասել: Իհարկե, յուրաքանչյուր երկիր կարող է դառնալ ահաբեկիչների թիրախ, բայց, բարեբախտաբար, մեր երկրում նման դեպք չի եղել: Մյուս կողմից էլ, մենք փորձի պակաս ունենք, թե ինչպես պետք է դիմագրավել ահաբեկչություններին: Չգիտեմ, գուցե մեր ազգային անվտագությունն այս առումով պատրաստվա՞ծ է: Իրանում ահաբեկչական գործողությունը կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ինչը հնարավոր է վտանգի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА