ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

09.06.2017 19:45 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Սկսենք զարմանալի, բայց միաժամանակ զվարճալի լուրից: Մինչ մենք ազգովի տոնում էինք Շուշիի ազատագրման 25-ամյակը, Ադրբեջանում օրական հարյուրավոր անգամներ էին Շուշին «ազատագրում»: Ինչքան էլ զարմանալի լինի, օրերս ԱԼԻԵՎՆԵՐԻ ընտանիքի հովանու ներքո կայացավ «Շուշին օկուպացիայի տակ: Վրեժ» համակարգչային խաղի շնորհանդեսը: Ու սա, ինչքան էլ զարմանալի լինի, նրանց հովանու ներքո ստեղծված չորրորդ խաղն է: Մինչ այդ, նրա հովանու ներքո ստեղծվել են «Օկուպացված Շուշի», «Օկուպացված Աղդամը» եւ «Երկու հերոս» համակարգչային խաղերը: Դե ինչ ասես, մազութային սուլթանատին մնում է միայն վիրտուալ տարբերակով «Գարաբագ բիզիմդիր» անել, հավի` երազում կորեկ տեսնելու սկզբունքով: Բայց, ի դեպ, չնայած բռնապետության պայմաններին, նույն Ադրբեջանի ֆեյսբուքյան օգտատերերը, ինչքան էլ կոյունլու լինեն, հասկացել էին, որ այդպիսի համակարգչային խաղեր ստեղծելը ամոթ է, եւ բազում քաղցր խոսքեր հնչեցրել իրենց անսխալական առաջնորդի հասցեին:
Իսկ հաջորդ զարմանալի իրադարձությունը միաժամանակ ուրախալի է: 27 տարվա դադարից հետո ԿԱՊԱՆԻ օդանավակայանում առաջին անգամ օդանավ վայրէջք կատարեց, որի առաջին ուղեւորը Սյունիքի մարզպետն է: Թռիչքը կատարվել է մասնավոր օդանավով, որ պատկանում է Ռուսաստանի մի քաղաքացու, եւ իհարկե, օդաչուի կողքին նաեւ նստած էր Հայաստանի բոլոր օդանավակայաններին քաջ ծանոթ, ՀՀ պատվավոր օդաչու Գարուշ Նիկողոսյանը: Դե ինչ, ուրախալի է, որ նախկինում կորցրածից ինչ-որ բան  վերադառնում է: 
Իսկ հիմա զարմանալի եւ զայրացուցիչ երեւույթի մասին: Մեկնարկել է ՊՊԾ գունդը գրաված զինյալների դատավարությունը, որն ամբաստանյալները վերածեցին մաքուր թատրոնի: Էլ հայտարարություններ, թե` դատարանին դատարան չեն ճանաչում, էլ բղավոցներ, որ իրավունք ունեն ցանկացածին լռեցնել: Սակայն ամենազարմանալի իրողությունն այն էր, որ ԱՐՄԵՆ ԲԻԼՅԱՆԻ փաստաբանը դատարանում չէր հիշում, թե ում սպանության համար են մեղադրում իր պաշտպանյալին: Խոսքը ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մասին է: Այդ զավեշտալի փաստը հուշում է, թե ինչպիսի վերաբերմունք ունեն ե՛ւ գրոհայինները, ե՛ւ նրանց դեռեւս համակրողները զինյալ խմբի արարքի նկատմամբ: Մի ոստիկանն ի՞նչ է սրանց համար, որ մի բան էլ անուն-ազգանունը հիշեն:
Իսկ նորվեգացի ահաբեկիչ ԱՆԴՐԵՍ ԲՐԵՅՎԻԿԸ մտադիր է հայց ներկայացնել Եվրադատարան` բողոքելով, թե իր կալանքի պայմանները խախտում են մարդու իրավունքները: Նորվեգիայի գերագույն դատարանը մերժել էր նրա պահանջները, այն է` որ վերակացուները երբեւէ իրեն քնից չարթնացնեն, անձնական եւ խցի խուզարկություն չանցկացնեն ու նման այլ բաներ: Դե ինչ կա որ, «մարդու իրավունքներ» կոչվող նոր կեղծ կրոնի շրջանակներում անգամ 77 հոգու սպանած հրեշը պարզվում է` մարդ է համարվում եւ մի բան էլ իրավունքներ ունի:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА