ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն ինչ մոտիվացված է, եւ հաղթանակը մերն է լինելու». Լ. Մնացականյան

07.06.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Ամեն ինչ մոտիվացված է, եւ հաղթանակը մերն է լինելու». Լ. Մնացականյան

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Ռազմական լրագրության» դասընթացների շրջանակում «Իրավունքը» առիթ ունեցավ լինելու Ստեփանակերտում եւ հանդիպելու Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ ԼՅՈՎԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը ներկայացրեց առաջնագծում տիրող իրադրությունը, բանակում կատարված եւ դեռեւս ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, անդրադարձավ հակառակորդի սադրիչ գործողություններին` ի պատասխան արցախյան զինուժի գործողությունների առանձնահատկություններին: ՊԲ հրամանատարը վստահեցրեց, որ Պաշտպանության բանակն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում ու պատրաստ է այսուհետ եւս պատվով կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը:

Ո՞վ է այս շաբաթ լավագույն ու վատագույն նախարարը

«ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆՈՒ ԱՌՈՒՄՈՎ ՈՒՆԵՆՔ ԱՃ»

–Պարոն նախարար, ապրիլյան առճակատումից հետո, ի՞նչ աշխատանքներ են կատարվել սահմանագծում, եւ ինչպիսի՞ իրավիճակ ունենք այսօր:

– Նախորդ տարվա ապրիլից հետո սահմանագծում բավական աշխատանքներ են իրականացվել, ոչ միայն տեղադրվել են տեսանկարահանող սարքեր, այլ, ընդհանուր առմամբ՝ ե՛ւ ինժեներական կահավորում, ե՛ւ անվտանգության ապահովում, ե՛ւ կենցաղային պայմանների բարելավում է իրականացվել: Իհարկե, մենք առաջին հերթին տեսադիտարկման համակարգով բացառել ենք կամ նվազագույնի ենք հասցրել մարդու գործոնը, հատկապես սահմանափակ տեսանելիության գոտիներում դիտարկելու համար: Եվ այդ առումով ամբողջությամբ վերահսկելի է առաջնագիծը: 

– 2016-ի ապրիլից հետո շատ խոսվեց այն մասին, որ դիրքերում զենք-զինամթերքի պակաս է եղել: Այսօր կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ նման խնդիրներ չկան:

– Ոչ մի պարագայում մենք զինամթերքի պակաս չենք ունեցել: Զինամթերքի մի քանի մարտապաշար զինվորի մոտ եղել է ավել դեռեւս այն ժամանակ: Մարտալրակազմը դիրքերում մի քանի անգամ ավելի է եղել, քան սահմանված էր: Ներկայումս էլ զինվոր, դիրք, դիտակետ մի քանի անգամ ավելացված է: Էլի եմ կրկնում՝ ապրիլյան դեպքերի ժամանակ էլ մենք զինամթերքի պակաս չենք ունեցել: Բայց ասեմ, որ այսօր սպառազինության տեսականու առումով առաջնագծում ունենք աճ՝ տեխնիկապես ավելի արդիական եւ նոր միջոցներ: 

«ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

–Իսկ ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք լուծման փուլում են:

– Խնդիրներ, իհարկե, կան: Տեսադիտարկման համակարգերը հենց այդ խնդիրներից մեկն է, որը հասցնելով ներկայիս մակարդակի՝ չենք համարում, որ այն այդքանով սահմանափակել է այս գործընթացը: Տեխնիկապես պետք է կատարելագործենք, հնարավորությունները մեծացնենք: Խնդիրներից մեկն արդի տեխնոլոգիաների կիրառումն է, որն ընթացքի մեջ է եւ բավականին գործեր կան արված եւ արդեն իսկ արդյունքներ ունենք: Սպառազինության, վերազինության հարցերը նույնպես ընթացքի մեջ են: Իրականում արդյունքներ կան բոլոր ուղղություններով: Այնպես որ, բավականին աշխատանքներ կան, որոնք ընթացքի մեջ են եւ շարունակվում են: 

– Անդրադառնանք նաեւ սահմանապահ Թալիշի անվտանգության խնդիրներին… 

«Հաղթելու ենք». Կարեն Հովհաննիսյանը պարգեւատրվել է սպայական դաշույնով

– Այն, որ մեր Պաշտպանության բանակը գտնվում է հյուսիսային հատվածում, սա ամենաբարձր մակարդակի երաշխիքն է եւ անվտագության ապահովումն է, որը իրականացնում ենք այդ ուղղությամբ: Թալիշում կան զինծառայողներ, եւ ինչպես բոլոր ուղղություններով, այնտեղ եւս իրականացվում է մարտական հերթապահություն եւ ծառայություն առաջնագծում: 

«ԶՈՀԵՐԻՆ ԹԱՔՑՆԵԼԸ ԲՆՈՐՈՇ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ»

–Պարոն գեներալ-լեյտենանտ, խոսենք նաեւ լայն տարածում գտած քննադատությունների մասին, մասնավորապես այն, որ ժամանակ առ ժամանակ սոցցանցերում  որոշ շրջանակներ հիստերիա են բարձրացնում, թե մեր բանակն էլ է թաքցնում զոհերի եւ վիրավորների թիվը:

– Հայկական բանակում ընդհանրապես նման դեպք չեմ տեսել: Զինվորի վիրավորում ստանալու ցանկացած դեպքի մասին առաջին հերթին տեղեկացվում է նրա ծնողներին: Իսկ կորուստների մասին մենք րոպեների ընթացքում ենք տեղեկացնում: Չեք կարող մատնանշել մի կորուստ, որի մասին տեղեկացնելը մեր կողմից ուշացվել է: Կարող է միայն լինեն դեպքեր, որ այնքան ուշանա հաղորդագրությունը՝ մինչեւ ծնողին կտեղեկացնենք նոր, որպեսզի ծնողը լրատվական կայքերից չտեղեկանա: Զոհերին թաքցնելը բնորոշ է ադրբեջանական կողմին, նրանք ունենում են կորուստներ, սակայն դրա մասին ոչ մեկը չի հրապարակում: Նրանց մոտ այդպիսի լրատվական քաղաքականություն է որդեգրված: Իհարկե, մենք փորձում ենք նրանց հասարակությանը տեղեկացնել, որ իրենց պաշտպանության կառույցը թաքցնում է կորուստների մասին:

– ՊԲ զորամասերից մեկում մայիսի 8-ին ժամկետային երեք զինծառայող չէին մասնակցել առավոտյան տողանին, ապա պարզվել էր, որ նրանք դուրս էին եկել զորամասից պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով: Հետո հարակից ջրամբարում հայտնաբերվեցին նրանց ջրահեղձ եղած մարմինները: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

– Այդ գործով քննությունն ընթանում է, եւ հետագայում դրա վերաբերյալ պատասխաններ կստանանք: Համենայնդեպս, գտնվել են վերահսկողությունից դուրս: Այդ պատճառով աշխատանքից ազատվել են հրամանատարի ղեկավարն ու նրա երկու տեղակալները: Նրանց փոխարեն արդեն նշանակումներ են եղել: 

«ՉԿԱ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԻ ԽԱԽՏՈՒՄ, ՈՐԻՆ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏՐՎԵԼ»

–Օրեր անց սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Արցախ: Ի՞նչ կասեք այս փուլում նրանց այցելության մասին:

«Մոտ ապագայում մենք այլ ակնկալիքներ չունենք». Վահրամ Բաղդասարյան

– ԵԱՀԿ համանախագահներին ներկայացնելու ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր: Ներկայացնելու ենք իրենց վերջին այցից հետո, մինչեւ հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված բոլոր խախտումները եւ մեր պատասխանները: 

– Բայց որոշակի տպավորություն կա հանրության շրջանում, թե խախտումներից հետո մեր պատասխանը երբեմն ուշանում է:

– Ադրբեջանական կողմի ցանկացած գործողությունների ժամանակ միշտ էլ պատասխանել ենք: Եղել են դիպուկահարների կրակ, որին երկու անգամ ավելի պատասխանել ենք: Չկա հակառակորդի կողմից կատարվող մի խախտում, որը մեր կողմից պատասխան չի տրվել ու չի ներկայացվել: Մեր պատասխանները միշտ ներկայացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու չենք թաքցնում, քանի որ խախտումը կատարում է ադրբեջանական կողմը եւ դրան պատասխանում ենք: Վերջին օրերին տեղի ունեցած խախտման դեպքի վերաբերյալ էլ զրույց եմ ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերչիկի հետ ու ներկայացրել իրականությունը: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի համանախագահները բացեիբաց հայտարարեցին, որ Ադրբեջանն է խախտել: Բացի դրանից, նաեւ Ռուսաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչն էլ իր հայտարարության մեջ ասաց, որ Ադրբեջանն է խախտել: Ինձ թվում է՝  նման հայտարարություններ հետագայում ավելի հաճախակի կլինեն:

– Ի դեպ, թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցավ ՍանկտՊետերբուրգի եւ Վիեննայի հանդիպումները ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, բայց այդպես էլ կյանքի չկոչվեցին այդտեղ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները սահմանին հետաքննական մեխանիզմների ներդնելու հետ կապված...

– Հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել դրանց նեդրմանը: Այստեղ ադրբեջանական կողմն է ամեն առիթ օգտագործել, որպեսզի խոչընդոտի դրանց ներդրմանը: Այդ մեխանիզմները մեր կողմից նեդրվում է եւ անհրաժեշտության դեպքում դրանք կօգտագործվեն: Համանախագահներն էլ են կողմնակից նման մեխանիզմների ներդրմանը: Թե ինչ արդյունքներ կունենա, չեմ կարող ասել: 

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԱԼՈՎ ՓՈՐՁԵԼՈՒ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐԵԼ»

–Որպես փորձառու ռազմական գործիչ՝ տեսնո՞ւմ եք սահմանին տիրող իրավիճակի ելքը:

– Վերջը լավ է լինելու, միշտ պետք է լավատես լինենք: Մեր գործն արդարացի է, մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք պայքարում: Ամեն ինչ մոտիվացված է, եւ հաղթանակը մերն է լինելու: 

«Այս բյուջեն ամենաթույլ ուղերձն ուներ». Արամ Սարգսյան

– Ձեր գնահատմամբ՝ հակառակորդը նոր սադրանքների կդիմի՞:

– Միշտ էլ այդ գործելաոճն իր մոտ եղել է եւ այդպես եղել է նաեւ 1992 թվականին, ու բոլորն են հիշում, թե ինչպիսին է եղել ելքը: Այնպես որ, նույնն էլ լինելու է հաջորդ պատերազմի ժամանակ: 

– Կարծում եք՝ ապրիլյան «դասերից» հետո, հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կրկին գնա առճակատման:

– Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձելու է իրավիճակը լարել, որպեսզի վնասներ հասցնի մեզ: Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի համարժեք պատասխան տանք եւ անհրաժեշտության դեպքում՝ վերջնական հարված տանք: Եվ ինձ թվում է՝ մենք դեռեւս ունենալու ենք գործողություններ եւս: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА