ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հենց մեր բնակիչներն են քաղելու Թալիշի ծառերի վրա եղած բերքը, ո´չ ուրիշները». Թալիշի գյուղապետ

03.06.2017 18:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Հենց մեր բնակիչներն են քաղելու Թալիշի ծառերի վրա եղած բերքը, ո´չ ուրիշները». Թալիշի գյուղապետ

Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Թալիշ սահմանամերձ համայնքում այսօր շարունակվում են շինարարական աշխատանքները: Կառուցվում է գյուղապետարանը եւ հանդիսությունների շենքը, իսկ մոտ օրերս արդեն կսկսվեն  նոր դպրոց-մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները:  Ավելին` դրան զուգահեռ կընթանան նաեւ երեք  անհատական տների կառուցման աշխատանքներ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Թալիշի համայնքապետ ՎԻԼԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

Հայկ Կասպարովի յուրահատուկ նվերը՝ հենց իր ծննդյան առթիվ (Պրեմիերա)

-Նախ ասեմ, որ սկսած 1994 թվականից միշտ էլ այդքան անվտանգ չի եղել Թալիշը: Բոլոր այս տարիներին անընդհատ կրակոցներ եղել են եւ սկսած 2013 թվականից  ժամանակ առ ժամանակ հենց գյուղի ուղղությամբ: Իհարկե, ոչ անմիջապես բնակավայրի վրա, բայց շրջակա տարածքներում պայթել են արկեր, հրթիռներ, եւ այդ ամենը, կարծես, արդեն շատ սովորական է դարձել բնակչության համար: Այսօր,  ճիշտ է, որշակի առումով ավելացել է վտանգը, բայց դրան զուգահեռ մենք նոր տարբերակներով ենք ուզում դիմակայել եւ ապահովել մեր բնակչության անվտանգությունը: Այս առումով նշեմ, որ նոր կառուցվող բոլոր անհատական տները, դպրոցը եւ մնացած բոլոր շինությունները կունենան իրենց ապաստարանները:

- Պարոն Պետրոսյան, իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ Թալիշի նախկին դպրոցը վերականգնելու փոխարեն, նորն է կառուցվում:

- Հին դպրոցը չի վերանորոգվում զուտ այն պատճառով, որ ուղիղ նշանառության տակ է գտնվում դիրքերից: Մինչեւ ապրիլյան պատերազմը` դեռեւս նախորդ տարվա մարտ ամսին, վերանորոգման աշխատանքներ էինք իրականացրել, եվրոպատուհաններ տեղադրել դպրոցում, սակայն մեկ ամիս անց դպրոցից բան չմնաց…

- Այսօր ո՞ւր են Թալիշի բնակիչները…

- Գյուղի տղամարդիկ մեծամասամբ` Թալիշում են, նրանք շարունակում են զբաղվել իրենց աշխատանքներով: Իսկ նրանց ընտանիքներն ամբողջությամբ բնակվում են  համայնքի տարածքից դուրս` հիմնականում Ալաշան բնակավայրում: Մի մասն էլ գտնվում է Արցախի տարբեր շրջաններում եւ գյուղերում:

- Ալաշանում ի՞նչ պայմաններ են ստեղծվել թալիշցիների համար:

- Այսօր Ալաշանում 20 տնակների հավաքման աշխատանքներ են տարվում, հիմա ընթացքի մեջ է, եւ այն վերջացնելուց հետո` կխնդրենք հանրապետության նախագահին եւ համոզված եմ, որ կընդառաջի, որպեսզի եւս տասը տնակ տեղադրենք, որոնք բոլորն էլ բնակեցվելու են:

- Ըստ էության, Ալաշանը համարվում է ժամանակավոր բնակավայր, բայց մարդիկ այնտեղ էլ են գյուղատնտեսությամբ զբաղվում` Թալիշում իրենց բերքն ու բարիքը թողած: Ի՞նչ կասեք այս մասին:

- Հետագան ցույց կտա, թե ինչպես կլինի, բայց, համենայնդեպ, այնպես չէ, որ Ալաշանում բազմամյա կուլտուրաների մշակմամբ են զբաղվում: Իսկ եթե ինչ-որ տեղ ծառ են տնկվում, այդ ծառի բերքը վաղը մյուս օր ով կապրի այնտեղ, թող օգտվի տված բերքից: Ինչ վերաբերում է Թալիշին, այս տարի բերքը շատ է եւ համոզղված եմ, որ մեր բնակիչները  անպայմանորեն թափ են տալու իրենց թութն ու քաղելու են Թալիշի ծառերի վրա եղած բերքը` հենց իրենք, ո´չ ուրիշները:

Տնաքանդության մասին ՀՀ օրենքն ընդունվեց

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը սողոսկել էր Թալիշ ու բարբարոսաբար սպանել Խալափյան ընտանիքից երեք հոգու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Շարունակությունը կարդացե´ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА