ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ՊԱՇՏՊԱՆՎԱ՞Ծ ԵՆ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

02.06.2017 20:45 ԶԱՐԿԵՐԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ՊԱՇՏՊԱՆՎԱ՞Ծ ԵՆ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


1925 թվականից հունիսի 1-ն ամբողջ աշխարհում նշում են, որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ընդունվել են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1959 թվականին ընդունված երեխաների իրավունքների հռչակագիրը եւ 1989թ.-ին երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Հայաստանն այդ կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996 թվականին ընդունվել է «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Դրանցով հանդերձ, այսօր Հայաստանում որքանո՞վ է պաշտպանված հասարակության ամենախոցելի խմբի` երեխաների իրավունքները: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
«Իրավաբանների եւ հոգեբանների» միջազգային ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈԶՅԱՆ.
- Անհրաժեշտ է, որպեսզի օրենսդրական մակարդակով ուշադրություն դարձվի երեխաների իրավունքների պաշտպանությանը: Այսօր տեսնում եմ ոգեւորություն` պետական մարմինների կողմից, երեխաների պաշտպանության օրն ամենուրեք միջոցառումներ են, երգ, պար: Անշուշտ, սա մեծ ոգեւորություն կարող է փոխանցել ցանկացած երեխայի, այդ թվում` նրանց ծնողներին: Սակայն այսօրվա երեւութային իրավիճակները չունեն արմատ, որովհետեւ կառավարչական որոշումներում եւ օրենքներում այս ամենը չենք նկատում: Առաջին հերթին` պետք է մեծ ուշադրություն դարձնենք երեխաների ապահովվածության խնդրին, նրա հոգեւոր եւ բարոյական արժեքներին: Եթե Հայաստանի օրենքը համեմատենք տարածաշրջանի մյուս երկրների, հատկապես` Վրաստանում երեխաների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական դրույթների հետ, ապա այնտեղ երեխաները երբեք փողոցում չեն հայտնվում, եթե ծնողները ամուսնալուծվում են, բնակարանը չեն կորցնում եւ այլն: Մինչեւ 2006 թվականը մենք էլ ունեինք նման օրենք, երբ երեխաները նման դեպքերում դրսում չէին հայտնվում: Սակայն փոխվեց օրենքը, եւ այնպիսի դրույթներ ներառվեցին, ըստ որոնց, երեխան միայն վարձակալական իրավունքով կարող է բնակվել ծնողներից մեկի սեփական բնակարանում: Այսինքն, եթե բնակարանը դառնում է երեխայի ծնողներից մեկի սեփականությունը, ապա երեխան կարող է հայտնվել փողոցում: Այս խնդրին պետք է մեծ ուշադրություն դարձնեն եւ օրենքը ենթարկեն լուրջ փոփոխությունների: Այս խնդիրը ցայտուն երեւում է հատկապես դատական ատյաններում՝ ամուսնալուծությունների ժամանակ:
ԵՊՀ դասախոս, հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆ.
- Տարբեր ազգային խմբեր երեխաների նկատմամբ ունեն տարբերվեղ պահանջներ ու վերաբերմունք, այդ պատճառով էլ պետք չէ ստանդարտացված մոտեցումներ ունենալ: Շատ լավ գիտենք, թե մեզանում երեխաների նկատմամբ ինչ մեծ պաշտամունք կա: Սակայն մի բան է նման վերաբերմունքը, մեկ այլ բան՝ գրագետ մոտեցումը դեպի երեխաները: Կարծում եմ` ընտանեկան արժեքի տեսակետից, մեր երեխաները խնդիր չունեն, նրանք սիրված են, գնահատված, ուշադրության կենտրոնում: Այլ խնդիր է սոցիալական բեւեռվածությունը, որն անհավասար պայմաններ է ստեղծում երեխաների համար: Մեզանում եղած աղքատությունը մեծ ազդեցություն կարող է թողնել երեխաների վրա, այդ պարագայում հնարավոր է՝ թերարժեքության զգացում ունեցող մարդիկ մեծանան: Այդուհանդերձ` մեզնում երեխան` որպես արժեք, սիրված ու փայփայված է:
ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի, 2007 թվականին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ.
- Հայաստանում պարտադիր չէ, որ օրենքը լինի, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն: Եթե մեր փողոցներում տեսնենք որեւէ մեկը ձեռք է բարձրացնում երեխայի վրա, ապա անտարբեր չենք անցնի: Օրինակ` ԱՄՆ-ում, թվում է, թե երեխայի իրավունքների պաշտպանությունն ավելի բարձր մակարդակի վրա է: Բայց՝ որեւէ մեկը փողոցում երեխային չի մոտենա եւ չի օգնի: Հաշվի առնելով, որ մենք, որպես այնպիսի էթնիկ միավոր, կարեւորում ենք ընտանիքը, ծնողներին եւ երեխաներին, ուստիեւ կարծում եմ, որ մեր երեխաների իրավունքները պաշտպանված են: Գուցե ոչ այնքան լիարժեք, որքան կցանկանայինք, քանի որ այս հարցին տարբեր տեսանկյուններից կարող ենք նայել: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА