ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԹԵՇՅԱՆԻՑ  ԴԵՌ ՉՊՐԾԱ՞ՆՔ

26.05.2017 21:00 ԶԱՐԿԵՐԱԿ
ԱԹԵՇՅԱՆԻՑ  ԴԵՌ ՉՊՐԾԱ՞ՆՔ


Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն օրերս հրաժարական է տվել: Պոլսո պատրիարքարանի եւ հայ համանքի համար սա սպասված իրադարձություն էր, քանի որ մարտ ամսից սկսած՝ Աթեշյանը հրաժարվում էր թողնել պատրիարքի փոխանորդի աթոռը: Թեեւ մարտի 15-ին տեղի էր ունեցել քվեարկություն, որի արդյունքում պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Սակայն Աթեշյանը պաշտոնը չէր հանձնում, ինչը բացատրվում էր թուրքական իշխանությունների աջակցությամբ: Եվ հիմա, երբ վերջապես որոշել է հեռանալ, վկայո՞ւմ է այն մասին, որ Թուրքիայում իշխանությունները դադարել են աջակցություն ցուցաբերել Աթեշյանին, այսինքն՝ ինչ-որ քաղաքական փոփոխություն կա: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց քաջատեղյակ աղբյուրների հետ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան հոգեւոր տեսուչ, տնօրեն Հայր ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆ.
- Եթե այսօր Աթեշյանն ասել է՝ հրաժարվում եմ, տեղապահի կամ փոխանորդի պարտականություններից, ապա վաղը, մյուս օրը կարող է խնդիր բարձրացնել, որպես պատրիարքի թեկնածու: Այստեղ կարեւորն այն է, թե ով պետք է ընտրվի պատրիարք, այսօր որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Աթեշյանն իր թեկնածությունը չի առաջադրի պատրիարքի  ընտրության ժամանակ: Թուրքական կառավարության ներսում պետք է լինել, հասկանալու համար` Աթեշյանը դադարե՞լ է ստանալ Թուրքիայի իշխանությունների աջակցությունը, թե` ոչ. սա բարդ խնդիր է: Դժվար է ասել, թե վաղն Աթեշյանն ինչ կարող է մտածել կամ անել:
Տարածաշրջանային փորձագետ, թուրքագետ  ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ.
- Պոլսի հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում Աթեշյանը թուրքական իշխանությունների դրածոն էր: Բայց, բնական է, որ այս ամենը չէր կարող երկար շարունակվել, քանզի հենց թուրքական իշխանություններն էլ նկատեցին, որ Աթեշյանը որեւէ հեղինակություն չի վայելում, ինչպես Հայաստանում ու Թուրքիայի հայ համայնքում, այնպես էլ՝ Սփյուռքում: Բնական է, որ մի օր իշխանությունները հրաժարվելու էին նման մարդու ծառայություններից: Միաժամանակ կարող եմ ասել, որ Աթեշյանը Թուրքիայի իշխանությունների համար համարվում է բավականին վստահելի անձնավորություն, այսինքն՝ առաջիկայում պետք չէ նրան հաշվից հանել: Նա դեռեւս կմասնակցի Թուրքիայի հայ հոգեւոր կյանքում տեղի ունեցող իրադարձություններին:
Թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ.
- Հասկանալի է, որ Աթեշյանը ստացել է թուրքական իշխանությունների աջակցությունը: Եթե Աթեշյանը հայկական համայնքի դժգոհությանը զուգահեռ շարունակում էր մնալ պատրիարքի փոխանորդի աթոռին, նշանակում է, որ դա ձեռնտու էր Թուրքիայի ղեկավարությանը: Կարծում եմ` այս հրաժարականը ոչինչ չի նշանակում, Աթեշյանն իր թեկնածությունն կառաջադրի առաջիկա ընտրություններին, կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը, ինչը, իհարկե, բացահայտ չեն անի: Բնական է, որ այստեղ Աթեշյանը կառաջնորդվի սեփական շահերով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА