ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՛չ այլասեռման քարոզին». Բողոքի ակցիա՝ ընդդեմ Բրիտանիայի դեսպանատան վարքագծի

19.05.2017 22:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ո՛չ այլասեռման քարոզին». Բողոքի ակցիա՝ ընդդեմ Բրիտանիայի դեսպանատան վարքագծի

Այսօր Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ տեղի ունեցավ «Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնած բողոքի ակցիան, որին ներկա էին նաեւ այլ կազմակերպություններ, անհատներ, այդ թվում՝ Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը:

Ակցիայի մասնակիցները եկել էին դատապարտելու դեսպանատան կողմից դիվանագիտական էթիկայի խախտումը՝ մայիսի 17-ին ԼԳԲՏ  դրոշը ծածանելով քարոզչություն իրականացնելը, ինչպես նաեւ պահանջելու, որպեսզի Բրիտանիայի դեսպանը Հայաստանը շուտափույթ լքի:Фото Sarafyan Hrant.

«Հանուն օրենքի» հկ փոխնախագահ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ ցանկացած քարոզչություն դիվանագիտական ներկայացուցչության կողմից Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվել է. «Մենք պահանջում ենք, որպեսզի դեսպանատունը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ հասարակությունից, որովհետեւ իրենց վարքագիծը դեմ է մեր երկրի արժեքներին, որոնք մեր հասարակության մեծամասնությունը կիսում է»: 

Ծ. Կոստանյանը նաեւ ընդգծեց, որ լեսբիների, գեյերի, բիսեքսուալների ու տրանսվեստիտների համայնքը խորհրդանշող դրոշը ծածանվել է ոչ թե Մեծ Բրիտանիայի դրոշի կողքին, այլ դրա փոխարեն. «Այսինքն՝ իջեցվել է Մեծ Բրիտանիայի դրոշն ու բարձրացվել ԼԳԲՏ համայնքի դրոշը: Մինչդեռ ինչպե՞ս ենք իմանում, որ սա  դեսպանատուն է, իհարկե, տվյալ երկրի զինանշանով եւ դրոշով, ինչը պարտադիր պայման է, որ լինի: Իսկ հիմա մենք ինչպե՞ս որակենք սա, միգուցե տեղյակ չե՞նք ու բրիտանական խորհրդարանը փոխե՞լ է իրենց դրոշը»:

«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆՆ էլ շեշտեց, որ սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է հայ հասարակության նկատմամբ, այլեւ միջազգային նորմերի խախտում. «Կանոններ գոյություն ունեն դեսպանատների համար: Բրիտանիայի դեսպանատունն ուղղակիորեն այդ կանոնները խախտել է եւ մեր արտաքին գործերի նախարարությունը պետք է միջամտի: Այլապես, եթե հիմա վաղը իսլամական պետության դրոշը ծածանեն, էլի պետք է ձայն չհանե՞նք»:

Фото Sarafyan Hrant.Իսկ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ նկատեց. «Մեծ Բրիտանիայի դեսպանատունը տարիներ շարունակ Հայաստանում հովանավորում է այլասեռման քարոզը: Նրանք են հիմնականում լոբբինգ անում այլասեռվածների իրավունքների պաշտպանության օրենքները, որպեսզի ընդունվեն»:

Արժանապատիվ ՏԵՐ ԿՅՈՒՐԵՂ քահանա ՏԱԼՅԱՆԸ տեղի ունեցածի մասին կարճ խոսեց՝ նախեւառաջ հիշեցնելով, որ Աստվածաշունչն ասում է՝ Աստված վերացրեց, բնաջնջեց Սոդոմն ու Գոմորը. «Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա, այսինքն՝ այն դերը, ինչ-որ ստանձնում են ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլոց դեսպանատները, չպետք է լինի»:

Ի դեպ, ակցիայի նախաձեռնության կազմակերպիչները նամակ փոխանցեցին դեսպանատան ներկայացուցչին, որը առանց որեւէ խոսք ասելու, վերցրեց եւ հեռացավ:

Հավելենք, որ ակցիայի մասնակիցների պահանջն ինչքան ուղղված էր Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, այդքան էլ ուղղված էր մեր ԱԳՆ-ին: Այս մասին «Հանուն օրենքի» շարժման ղեկավար ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ասաց հետեւյալը. «Մենք պահանջելու ենք, որպեսզի մեր ԱԳՆ-ն սթափ գնահատական տա այս ամենին եւ բողոքի նոտա ուղարկի Բրիտանիայի դեսպանատուն: Թող կանչեն դեսպանին եւ հասկացնեն, որ այս երկիրը այն երկիրը չէ, որտեղ պետք է նման քարոզչությամբ զբաղվել: Ավելին՝ 1961 թվականին ընդունված Վիեննայի կոնվենցիայում կոնկրետ նշված է, թե ինչով պետք է զբաղվեն միջազգային, դիվանագիտական ներկայացուցչություններն այն երկրներում, որտեղ իրենք գտնվում են: Առաջին հերթին նրանք պետք է զբաղվեն երկրների միջեւ բարեկամական եւ դիվանագիտական հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ, բայց ոչ մի տեղ չկա գրված, թե դեսպանատունը պետք է զբաղվի քարոզչությամբ, այն էլ այնպիսի, որը Հայաստանի հասարակության մեծամասնությունը չի ընդունում եւ կոնկրետ նեղ շրջանակների է վերաբերում»: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА