ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օտարները հայ ճարտարապետության մասին»․ ցուցահանդես «Զվարթնոցում»

19.05.2017 18:25 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Օտարները հայ ճարտարապետության մասին»․ ցուցահանդես «Զվարթնոցում»

«Զվարթնոց»  պատմամշակութային  արգելոց-թանգարանում այսօր բացվեց «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը, որը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու օտարազգի հայտնի երախտավորների  հայանպաստ գործունեությանը, հայկական ճարտարապետությանը նվիրված նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին:

Ցուցասրահում կողք-կողքի տեղ էին գտել Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն,  Հենրիխ  Ֆինիս Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտներ և այլ նյութեր «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդից:

Ռուս հնագետ Անատոլի Յակոբսոնը, արվեստագիտության դոկտոր Նիկոլայ Տոկարսկին, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին, Ֆրանսիացիներ` Ժան-Միշել Թիերին և Ժան Շարդենը,  իտալացի ճարտարապետ Պաոլո Կունեոն, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան Ադրիանո Ալպագո Նովելոն  իրենց  ուրույն  ձեռնագիրն են թողել հայկական ճարտարապետության պատմության ուսումնասիրման գործում։  

 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի  խոսքով միջոցառումը ևս մեկ հնարավորություն է օտար ճարտարապետներին, ուսումնասիրողներին, գիտնականներին շնորհակալություն հայտնելու՝ մեր մշակույթը դեռ տարիներ առաջ հանրահռչակելու համար. «Շնորհակալ ենք Տոկարսկուն, Յակոբսոնին, Նովելոյին, Կունեոյին և մյուսներին, ովքեր մեր պետության, մեր ժողովրդի համար ամենադժվար պահին կարողացել են կատարել «հետախույզի» աշխատանք, այցելել մեր կորուսյալ հայրենիքի տարածք և ուսումնասիրել ու, ինչ որ առումով, նաև բացահայտել մեր պատմական ժառանգությունը, այն ինչ մեզ երկար ժամանակ չի հաջողվել։ Շնորհակալություն մեր Օտար բարեկամներին, թեև նրանց կատարած աշխատանքից հետո դժվար է նրանց օտար համարել, քանի որ ցուցաբերել են հայասիրության ամենաբարձր դրսևորումը՝ ապացուցելով, որ հայկական մշակույթը, հայկական ճարտարապետությունը որևէ այլ քաղաքակրթության կցորդ չէ, դեռ ավելին՝ նրանք ցույց են տալիս, որ համաշխարհային ճարտարապետության բնօրրանը հայկական լեռնաշխարհն է, հայկական ճարտարապետությունը, հայկականն է… Հենց դրա համար էլ իրավունք չունենք չհիշելու կամ չգնահատելու այս մարդկանց, նրանց ազգանվեր աշխատանքը և չհանրահռչակելու», - շեշտեց Ա. Թարվերդյանը: 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պատրաստվում է օտարների ազգանվեր աշխատանքը առաջիկայում ներկայացնել նաև կազմակերպության մյուս մասնաճյուղերում` արգելոց-թանգարաններում: ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, յուրաքանչյուր ժողովուրդ, մենք՝ առավել ևս, ունենք մեր մշակութային ժառանգության յուրօրինակ տեղը համաշխարհային մշակույթի զարգացման ճանապարհին և պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ արդեն կատարված աշխատանքը հանրահռչակելու համար. «Այստեղ ներկայացված պատմամշակութային ժառանգությունը վկայում է, որ ճարտարապետությունը միայն քար տաշել և քարը քարին դնել չի նշանակում, պետք է հոգի դնել դրա մեջ, երկրպագել ու հավատալ, որ այդ հավատը մի օր բերելու է այն հայրենիք, որը ժամանակավոր կորուսյալ ենք համարում»,- վստահեցրեց Ա. Փիլիպոսյանը։

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան նաև ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։

Ըստ Հայկ Ավետիսյանի օտար ուսումնասիրողները հաճախ կյանքը վտանգելով են կատարել իրենց աշխատանքը, սակայն կարևորեց` կորուսյալ հայրենիքի պատմական ժառանգությունը ներկայացնող նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որին ներկա էին դպրոցականներ, որոնք ըստ նրա այդ ժառանգության կրողն են։

Էդիկ Մինասյանի խոսքով հայկական ճարտարապետության օտարազգի նվիրյալները համաշխարհային հանրութանն են ներկայացրել դարերի խորքից եկող մեր ճարտարապետությունը, մարդիկ, ովքեր բացառիկ հնարավորություն են ունեցել իրենց աչքերով տեսնելու կորուսյալ Հայաստանի մշակութային կոթողները։ Նրա փոխանցմամբ այս ուսումնասիրությունները հայկական ճարտարապետության յուրահատուկ այցետոմս են, ինչ-որ առումով նաև մեր ճարտարապետության անձնագրերը, կարևոր փաստաթղթերը։   

ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանի խոսքով բացառիկ ու արժեքավոր են Անատոլի  Յակոբսոնի և  Տոկարսկու անձնական ֆոնդերից նամակները, չափագրությունները, լուսանկարները, Ալպագո Նովելոյի իտալերեն, Յոզեֆ Ստրիժիգովսկու գերմաներեն աշխատությունները, ինչպես նաև`Գառնիի պեղումներից հայտնաբերված «Ցուլի գլուխը»:

Ի դեպ, ցուցահանդեսի բացումն ազդարերեցին և իրենց անզուգական կատարումներով խորհրդանշական են դարձրեցին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թոտրոնի մեներգիչները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА