ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեծամոր» արգելոց-թանգարանում ներկայացվեց Կուր-Արաքսյան կամ Շենգավիթյան մշակույթը

19.05.2017 17:04 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեծամոր» արգելոց-թանգարանում ներկայացվեց Կուր-Արաքսյան կամ Շենգավիթյան մշակույթը

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, երեկ տեղի ունեցավ «Եվգենի Բայբուրդյանը և Շենգավիթյան մշակույթը» թեմայով հանդիպում-զրույց, որը վարեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը։ Հանդիպումն անցկացվեց «Մեծամորյան ընթերցումներ» գիտակրթական ծրագրի շրջանակներում, որի նպատակը ոչ միայն հնագիտության բնագավառում գիտական նվաճումները հանրահռչակելն է, այլև հայ հնագետների, հնամարդաբանների, ոլորտի մյուս մասնագետների գիտական գործունեությունը, ձեռքբերումները երիտասարդ հնագետներին, ուսանողներին ներկայացնելը։

Հանդիպմանը ներկա էին  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը,տնօրենի՝ ֆոնդերի գծով տեղակալԼիաննա Գևորգյանը, ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, ուսանողներ։

Մինչև հանդիպում-զրույցը ՊՈԱԿ-ի տնօրենը և տեղեկալները շրջեցին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, իսկ մասնաճյուղի վարիչ Արտավազդ Զաքյանը մանրամասն ծանոթացրեց մշտական ցուցադրությունում տեղ գտած 50տարվա հնագիտական հավաքածուին, այդ թվում վերջին տարիների պեղումների արդյունքում գտնված առարկաներին, անդրադարձավ դրանց առանձնահատկությանը, հնագիտական ու պատմական նշանակությանը։  Ապա պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը, լուսապատկերային  ցուցադրությամբ, ներկայացրեց հայ հնագետ-արևելագետ, կովկասագետ, հայագետ Եվգենի Բայբուրդյանի բեղուն գործունեությունը։

Ըստ Բադալյանի, Բայբուրդյանն իսկապես առաջինն էր, ով ի վերջո տեղը դրեց տարիներ շարունակ կուտակված և չհրատարակված հնագիտական հսկայական նյութը՝ նեոլիթից հետո մինչև գունազարդ խեցեղենի հանդես գալ. «Կուր-Արաքսյան կամ ինչպես հետագայում Բայբուրդյանը կոչեց՝ Շենգավիթյան մշակույթը, անբաժան է եղել հայ գիտնական Եվգենի Բայբուրդյանի գործունեությունից։  Ցավոք հանրությանը քիչ բան է հայտնի նրա հնագիտական ուսումնասիրություններից և մինչև այժմ եղած տեղեկությունները գրեթե ոչինիչ են 1930-ականներին Շենգավիթյան մշակույթի ուսումնասիրման գործում նրա ունեցած կարևոր դերակատարման կողքին»,- կարեւորեց Բադալյանը, ապա ցավով նշեց, որ Բայբուրդյանի դաշտային աշխատանքները շատ ավելին են եղել, քան այդ մասին հրատարակվել է:

1939 թվականին Բորիս Պիոտրովսկու և Իգոր Դիակոնովի ղեկավարությամբ Բայբուրդյանը մասնակցել է Կարմիր բլուրի պեղումներին։ Այնուհետև ենթարկվել  հալածանքների և շուտով ձերբակալվել, ապա հավանաբար գնդակահարվել է։

Ռուբեն Բադալյանը հայ հնագետի անգնահատելի ուսումնասիրության մասին հանդիպում-զրույցն ավարտեց Քուր-Արաքսյան կամ Շենգավիթյան մշակույթի ուսումնասիրման վերջին 80 տարիների պատմության ամփոփմաբ։ Ապա ներկաները Ռուբեն Բադալյանին ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին ոչ միայն Բայբուրդյանի գործունեությանը, այլև ընդհանրապես Շենգավիթյան մշակույթի տարբեր դրսևորումներին։  

Իսկ հանդիպման ավարտին ներկաները դիտեցին «Մեծամորի գաղտնիքները» փաստավավերագրական ֆիլմը։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА