ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր սուրը փառքով դրեցինք պատյան»` Շուշիի ազատագրման 25-ամյակին

19.05.2017 16:09 ՄՇԱԿՈՒՅԹ ԱՐՑԱԽ
«Մեր սուրը փառքով դրեցինք պատյան»` Շուշիի ազատագրման 25-ամյակին

Օրերս Նորքի «Էլիտա» դպրոցում տեղի ունեցավ «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան» խորագրով միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման եւ հայոց բանակի կազմավորման 25-ամյակներին: Միջոցառումը եւս մեկ առիթ էր, որով դպրոցի սաները, ուսուցչական անձնակազմը տնօրենի գլխավորությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայրենի պաշտպանության ժամանակ ընկած հերոսներին, որոնց շնորհիվ ազատագրվեց Շուշին եւ արցախյան ազատամարտում սկիզբ դրվեց հայության հաղթանակներին:
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի ՆԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ , ով «Իրավունքի» հետ զրույցում կարեւորելով հայրենսիրական միջոցառումների անցկացումը, նշեց. «Նախորդ տարի անցկացրեցինք միջոցառում` նվիրված ապրիլյան պատերազմին եւ մերօրյա հերոսներին, սա այդ միջոցառման շարունակությունը կարծես լինի: Յուրաքանչյուր աշակերտ հայրենասիրություն սովորում է նախ, մանկապարտեզից, ապա  դպրոցից, հայրենասիրություն սովորած աշակերտը չի կարող երբեք վատ մարդ լինել: Այսօրվա երիտասարդներն իրենց նախորդների արժանի հետնորդներն են, դրանում վստահ եմ: Նման միջոցառումները կունենան շարունակություն, որովհետեւ յուրաքանչյուր հայրենասիրական միջոցառում մատաղ սերնդին ավելի շատ է կապում հայրենիքի հետ»,-նշեց Ն. Ավետիսյանը: Նրա խոսքով` մատաղ սերունդը հայրենիքի պաշտպաներին պետք է հիշի ոչ միայն պատերազմական, այլեւ սովորական օրերին:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից, կապիտան ԱԶԱՏ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, ով ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական առաջադրանք կատարելիս վիրավորվել է. «Առողջական խնդիրների պատճառով ինձ աշխատանքի են տեղափոխել Աբովյանի զինկոմիսարիատում, երբ առողջանամ, ինձ ոչինչ չի խանգարի կրկին վերադառնալու սահման»,-ասաց կապիտանը եւ  չմանրամասնելով իր վիրավորվելու դեպքը , միայն հավելեց. «Ես ոչինչ չեմ արել, իմ պարտքն եմ կատարել: Ապրիլյան պատերազմն իմ մեջ բարձրացրեց պատասխանատվության զգացումը»:
Անդրադառնալով 25-ամյա հայոց բանակի ձեռբերումներին, Ազատ Ստեփանյանը նկատեց, որ ամենամեծ ձեռքբերումը  ժողովուրդի կապն է բանակի հետ, որը երկարատեւ աշխատանքի արդյունք է համարում:
Միջոցառումը Տերունական աղոթքով եզրափակեց տեր ՏԱՃԱՏ քահան ԴԱՎԻԴՅԱՆԸ:


 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА