ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոլմայի փառատոնն այս տարի տեղի կունենա Հնաբերդում

19.05.2017 14:07 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տոլմայի փառատոնն այս տարի տեղի կունենա Հնաբերդում

Տոլմայի համահայկական 7-րդ փառատոնն այս տարի տեղի կունենա մայիսի 20-ին: Տարիներ շարունակ փառատոնն անցկացվել է Սարդարապատի հուշահամալիրում, սակայն այս տարի կազմակերպիչները ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցելով, որոշել են փոխել փառատոնի անցկացման վայրը` ընտրելով Արարատի մարզի Հնաբերդ գյուղը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ  տեղեկացրեց, որ Հնաբերդ գյուղում փառատոնն արդեն իսկ մեծ իրարանցում է առաջացրել, բնակիչներն անհամբեր սպասում են փառատոնի մեկնարկին.«Տոլմայի 7-րդ համահայկական փառատոնը կմեկնարկվի ժամը 11-00-ին: Փառատոնի երեք անվանակարգերում` «Լավագույ տեսք», «Լավագույն համ», «Լավագույն մտահաղացում» կմրցեն 27 թիմեր: Մեզ ոգեւորել է նաեւ այն հանգամանքը,  որ  փառատոնին մասնակցելու է նաեւ բանակի տաղավարը , կլինի զինվորներից կազմված թիմ: Ներկայացված կլինի նաեւ մանկական տաղավար`փոքրիկների մասնակցությամբ»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Սեդրակ Մամուլյանը եւ հավելեց, որ այս անգամ փառատոնի փակումը տեղի կունենա յուրահատուկ միջոցառմով, որը կլինի անակնկալ:
Տոլմայի փոռատոնը լուսաբանելու համար Հայաստան կժամանի ռուսական Առաջին ալիքի աշխատակազմը:

ՀՀ Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐԱՅԱՆԻ խոսքով` ՀՀ մշակույթի նախարարությունն իր քաղաքականության հիմնական առանցքներից մեկն ընտրել է հնավայրերի վերականգնաման,  ամրակայման եւ թանգարանացման խնդիրը . «Այժմ ընթանում են Դվին հնավայրի թանգարանացման աշխատանքները եւ կարեւոր են, որպեսզի այս տարածքները մեր հասարակության համար ճանաչելի դարձնենք: Այս առումով մեր փոխադարձ համաձայնությամբ եւ համագործակցությամբ,  առաջարկվեց  հնարվայրի շրջակա գյուղերը ներառել նաեւ փառատոնային ձեւաչափերի մեջ եւ հանրահռչակել  այս բնակավայրերը: Հնարավորություն տալ հնավայրի պատմաշակութային ներուժն ակտիվացնել եւ այս առումով ընտրվեց Հնաբերդ գյուղը:  Հուսով ենք, այն այսուհետեւ կդառնա տոլմայի փառատոնի անցկացման ավանդական վայրը: Ոչ միայն զբոսաշրջության առումով, այլեւ մեր հասարակության համար Հնաբերդը ճանաչելի կդառնա տոլմայի փառատոնով»,-ընդգծեց  Ե. Մարգարյանը:
Անդարադանալով  տոլմայի փառատոնի անցկացման կարեւորությանը, Երանուհի Մարգարյանը փաստեց. «Ավանդական մշակույթի պահպանումը խիստ կարեւոր է բոլոր երկրներում ժողովուրդների ինքնության պահպանության առումով, ինչպես նաեւ այդ երկիրն աշխարհին ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու համար: Մեր ավանդական մշակույթի տարրերի առանձնահատկություններով պայմանավորված ենք ճանաչելի դառնում աշխարհին, մեզանով նաեւ փորձում ենք հարստացնել աշխարհի մշակութային գանձարանը: Կան մշակութային տարրեր,  որոնք դարերի ընթացքում մշակվում են եւ ժողովուրդն իր ներսում խնամքով կրելով,  ժառանգաբար փոխանցում է սերնդեսերունդ , այսինքն ոչ միայն մշակույթն է փոխանցում իր ժառանգներին, այլեւ ապահովում է սերունդների միչեւ շղթայական կապը: Այդ տարրերից մեկը մեր կենսաապահովման մշակույթն է, սննդատեսակները, սնվելու կուլտուրան, մշակույթը: Տոլման ոչ միայն սննդի տեսակ է, այլեւ մի ամբողջ մշակութային դաշտ,-շեշտեց Ե. Մարգարյանը եւ շնորհակալություն հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանից, քանի որ վերջինս գիտակցելով, թե այսօր աշխարհում որքան կարեւոր է սննդի մշակույթը, հայկական  ավանդական կերակրատեսկաները ոչ միայն պահպանում, այլեւ հանրահռչակում է:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА