ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ  ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

19.05.2017 20:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ  ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

 

1977 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՕՄ-ի` թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում մայիսի 18-ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր: Այդ օրը, ինչպես նաեւ Թանգարանային գիշեր համաեվրոպական ծրագրի շրջանակներում, որն այս տարի նշվում է մայիսի 20-ին, Հայաստանի եւ Արցախի գրեթե բոլոր թանգարաններում, բացի հիմնական ցուցադրություններից, տեղի կունենան զանազան մշակութային միջոցառումներ:
Այս տարի Թանգարանների միջազգային օրը նշվում է «Ցավոտ պատմություններ դժվար պատմելի թանգարաններում» խորագրի ներքո: Թանգարանային միջոցառումների շրջանակներում «Իրավունքը» անդրադարձել է Գյումրու մի քանի թանգարանների:
ՇԻՐԱԶԻ ԴԺՎԱՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տվյալ խորագրով էլ Գյումրիում հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանն իր այցելուներին կպատմի գրողի ունեցած դժվար մանկության մասին, որի մանրամասները քչերին է հայտնի: 
«Այդ պատմություններն այնպիսի դժվարությունների մասին են, որոնք իրոք չես կարող ամեն անգամ ներկայացնել, մարդիկ պատրաստ չեն դրանք լսելու: Մեր այցելուների համար նախապատրաստել ենք նաեւ ձեռքի աշխատանքների ցուցադրություն, որին զուգահեռ տեղի կունենա նաեւ երաժշտական երեկո Շիշյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Հ. Շիրազի տուն-թանգարանի ավագ էքսկուրսավար ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՀԱՎԱՔԱԾ 
ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱԼԲՈՄԸ
Այցելուների համար հետաքրքիր միջոցառումներ է նախատեսել նաեւ Գյումրիում Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանը, որտեղ բացի հիմնական ցուցադրությունից, տեղի կունենա ցուցահանդես` նվիրված ապրիլյան պատերազմին. «Միջոցառումը նվիրում ենք հայրենի պաշտպաններին, որոնք իրենց կյանքով պաշտպանեցին մեզ: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր վերադարձան, եւ խոնարհում բոլոր նրանց, ովքեր կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Չգիտեմ, թե պատերազմի դաշտից վերադարձած զինվորներից ով երբ է ծնվել, բայց կարծում եմ` բոլորի վերածնունդն ապրիլյան պատերազմից հետո է, բոլորի ծնունդը հենց այդ օրը պետք է նշեն: Մենք ձեռք ենք բերել Շուշանիկ Մատակյանի զարդատուփը, որը  երբեք չի ցուցադրվել: Կա ալբոմ, որը Երուսաղեմում եղած ժամանակ Իսահակյանն ինքն իր ձեռքով Երուսաղեմի նկարներն է հավաքել, չգիտեմ սրանք կցուցադրե՞մ այդ օրը, թե՞ կպահեմ բանաստեղծի մահվան օրը նախատեսված ցուցահանդեսի համար: Հրավիրել ենք պարային խմբեր, հրաշալի միջոցառում տեղի կունենա թանգարանի ներսում, որը հագեցած կլինի եւ կշարունակվի մինչեւ կեսգիշեր: Հուսով եմ` կկարողանանք այս տխուր քաղաքին պարգեւել մի փոքրիկ ուրախություն»,- ընդգծեց թանգարանի տնօրեն ԿԱՐԻՆԵ ՎԻՐԱԲՅԱՆԸ: Նրա խոսքով` անցել է մեկ դար, բայց Իսահակյանի ստեղծագործություններն ունեն նույն թարմությունը, նրա պոեզիան միշտ շարժման մեջ է, որովհետեւ սերունդներն այն սիրով են ընթերցում:

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ 
ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Գյումրու Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի համար Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի վերածվում է իրական տոնի: Այն սկսվում է օրվա կեսից եւ շարունակվում մինչեւ կեսգիշեր: Այս տարի թանգարանում օրը կսկսվի «Ո՞ւմ համար ես վառվում լույս…» խոհափիլիսոփայական ստեղծագործությունների կատարմամբ, որին կհաջորդի մեծանուն դերասանին նվիրված գրքերի ցուցահանդեսը եւ «Ուրախ ու տխուր» տիկնիկների երթը, օրը կեզրափակվի համերգային ծրագրով:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА