ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Ամիրխանյան. «Ջազ քոլեջի կյանքում հայտնվել է մի մարդ, որը չի գիտակցում իր դերը»

19.05.2017 20:10 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Ամիրխանյան. «Ջազ քոլեջի կյանքում հայտնվել է մի մարդ, որը չի գիտակցում իր դերը»

Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում կրկին ներքին խմորումներ են սկսվել, ոչ թե ինչպես միշտ` կոլեկտիվն ընդդեմ տնօրենի, այլ ընդհակառակը, այս անգամ հակաՀՀԿական ամպեր են կուտակվել քոլեջում: Վերջին 2 տարում 3-րդ տնօրեն նշանակված դաշնակ Տիգրան Դավթյանը մեկ տարի քոլեջը տնօրինելուց հետո որոշել է հարազատ կուսակցականներով «թարմացնել» կոլեկտիվի կազմը: Իրականում, տնօրենը հերթով թարմացնում է բոլոր Հանրապետական կուսակցության անդամ-աշխատակիցների աշխատանքային անժամկետ պայմանագրերը` դրանք կնքելով մինչեւ այս տարվա սեպտեմբեր ամիսը: Իսկ դրան զուգահեռ, աշխատանքի է ընդունում բացառապես միայն ՀՅԴ-ական անդամներին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն դաշնակ տնօրենը նույնիսկ «չի խնայել» քոլեջի համահիմնադիր, կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, բայց` ՀՀԿ-ական ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ եւ նրան էլ է կանգնեցրել պայմանագիր թարմացնելու փաստի առաջ: Սակայն, ասում են` այդ քայլն  ավարտվել է նրանով, որ վերջինս պարզապես պատռել է առաջարկվող կարճաժամկետ պայմանագիրը եւ հրաժարվել այն ստորագրելուց: «Իրավունքի» հետ զրույցում Ռոբերտ Ամիրխանյանը հաստատեց քոլեջի ներսում հակաՀՀԿ-ական մթնոլորտն ու հավելեց, որ երջանկահիշատակ Ակսել Բակունցի հետ քոլեջի համահիմադիր լինելով` հրաժարվել է կառավարման խորհրդի նախագահ լինելուց եւ միայն համարվում է քոլեջի դասախոս: Այդուհանդերձ հավելեց, թե որեւէ փաստաթուղթ չի պատռել, բայց եթե նման փաստաթուղթ բերեն` կպատռի:

«ՁԱԽ ՈՏՔՈՎ ՔՈԼԵՋՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԵՐ ՁԱԽՈՐԴ ԽՆԴԻՐՆԵՐԸ»

- Նա ինձ չի էլ մոտեցել, որպեսզի ինչ-որ պայմանագիր ստորագրել տա: Ի վերջո, սա իր հերթական կամայականության անօրեն քայլն է, իրավունք չունի նման որոշում կայացնելու` մարդկանց աշխատանքը չեղյալ համարել եւ նրանց հետ նոր պայմանագիր ստորագրել: Ահավոր հիասթափված եմ, չեմ պատռել ոչ մի փաստաթուղթ, նման առիթ չի եղել, ինչ-որ մեկի կողմից հորինված դետալ է, բայց կպատռեմ, եթե հանկարծ ինձ որեւէ մեկն այդպիսի բան բերի: Առհասարակ, մեր քոլեջն ունի երկու քայլ` մեկ աջ ոտք, մեկ` ձախ: Աջ ոտքով ստեղծագործական կյանքով է ապրում, որի լավագույն ապացույցը դեկտեմբերի 18-ին մեր սաների հետ ունեցած Նոր տարվա ծրագիրն էր` իմ գրած նոր մյուզիքլով: Ծրագրի վրա  սկսեցինք աշխատել սեպտեմբերից` զուգահեռաբար դասապրոցեսներին եւ ուսանողները մեծ սիրով դուրս եկան բեմ, ինչն ինձ համար կարեւոր է, որ գուցե դեռեւս ոչ այդքան վստահ, բայց հայոց մշակույթի կրողների գիտակցությունն ունենան: Իսկ ձախ ոտքով` քոլեջն իրագործում է մեր ձախորդ խնդիրները: Մեր բախտը չի բերում այս առումով, այս ձախ ոտքի քայլերի մեջ ունենք հերթական սխալ կրակոցը` քոլեջի կյանքում հայտնվել է մի մարդ, որը բոլորովին չի գիտակցում իր դերը եւ «դիրեկտորական» պաշտոնն իրեն արբունք է բերել, թվում է, թե մենակ է եւ ինչ ուզենա կարող է անել: Սեպտեմբեր ամսից իրեն ասում եմ` կսպասեմ առիթի, որ միասին նստենք ու խոսենք, որովհետեւ այդ քոլեջը Ակսել Բակունցի հետ ժամանակին ստեղծել ենք երկուսով, եւ այսօր ցավում եմ նրա ճակատագրի համար: Ցավոք, այն մեր կյանքի կոնյուկտուրայի արդյունքում ընկնում է մարդկանց ձեռքը, ովքեր հետապնդում են իրենց անձնական բարիքների խնդիրները, այդ թվում նաեւ մեր տնօրենը, որը քոլեջին կանգնեցրել է այնպիսի վիճակի առջեւ, որ շուտով աշխատավարձ չի ունենա: Խուսափելով ինձ հետ որեւէ հարց քննարկելուց` տնօրենը քոլեջ չի գալիս այն օրերին, երբ ես դասի եմ, ամեն ձեւով խուսափում է ինձ հետ շփումից, որովհետեւ ստիպված պիտի լինի ինչ-որ բաներ համաձայնեցնել: Բայց իր կամայականությունները հանգեցնում են կատաստրոֆիկ ելքի: Այսօր քանդված է քոլեջի ներքին հոգեբանական վիճակը: Եթե անաչառ ստուգումներ իրականացնեն քոլեջում, տեղն ու տեղը նրան կկանգնեցնեն փաստի առաջ:

«ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ Է ԲԵՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՈՐ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԵՆ»

- Պարոն Ամիրխանյան, ասում են` այս տնօրենը քոլեջում վերանորոգման աշխատանքներ է իրականացրել:
- Թե ով թույլ տվեց նրան քոլեջի ունեցած խղճուկ միջոցներով անմիջապես ձեռնարկել վերանորոգման աշխատանքներ, որոնք հետագայում ցույց տվեցին, որ վատ որակի են, որի վրա հսկայական գումար ենք ծախսել, այն ժամանակ, երբ մեր ուսուցիչները հիմա փող չունեն ստանալու: Կամայական ձեւով, առանց իրավունքի, պակասեցրել է ուսուցիչների աշխատավարձը: Իհարկե, նա շատ խժդժություններ կանի, քանի դեռ դրա վերջը չի եկել, բայց այսօր արդեն մտածում եմ բոլորովին ուրիշ մի կառույց ստեղծելու մասին, որտեղ կկարողանանք խոհեմ ձեւով կառուցել մեր աշխատանքը, որի հիմքում  պատասխանատվությունն է` ուսանողների ճակատագրի հանդեպ: Չենք ուզում հասնել նրան, որ ծնողներից լրացուցիչ գումարներ վերցնենք` աշակերտի հետ առանձին պարապելու համար, ինչը զուգահեռաբար տեղի է ունեցել: Չեմ ուզում, որ քոլեջը դադարի ստեղծագործական բարձր նկարագիր ունենալու իր այդ տեսակից, ինչը պրակտիկորեն տեղի է ունենում ամիսներ շարունակ, եւ ոչ մեկին դա չի հետաքրքրում: Այս ընթացքում քոլեջում աշխատանքի է բերել 30 այնպիսի մարդկանց, որոնք իրավունք չունեն աշխատելու, բայց միայն նրա համար է բերել աշխատանքի, որ Դաշնակցական կուսակցության անդամ են: Ինչո՞ւ, մեր խնդիրը միայն ընտրությունների ժամանակ ձայն տալու համա՞ր է, չէ՞ որ դրան կարող էինք գալ ավելի խելացի, բանականության ճանապարհով: Չհասկացա, այս փոքրիկ քոլեջի բարալիկ ոտքերի վրա եւ նրա` դեռեւս կյանք չմտած վզի վրա կարելի՞ է այսպիսի էքսպերիմենտներ անել: Ո՞վ է թույլ տվել նրան այդ կամայականությունները... Ընդլայնե՞մ, ասեմ Դաշնակցական կուսակցության ղեկավարությո՞ւնը, գամ դրան հասնե՞մ, թե այս ամենը սահմանափակեմ իր ոչինչ չհասկացող եւ կամայական գործունեությամբ:

«ՔՈԼԵՋՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐ ՉԿԱ, ԿԱ ՄԻԱՅՆ ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՁԵՎ»

- Ասում են` հաճախ եք բացակայում դասերից, ուստի տնօրենն արդեն մտածում է  Ձեզ աշխատանքից ազատել:
- Եթե բացակայում եմ դասերից, ապա այդ ինչպե՞ս ենք մեծ համերգ տալիս Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում` երեխաների ուժերով, որոնք դեռեւս կյանք չեն մտել ու չգիտեն, թե բեմի դողոցն ինչպես կարելի է հանել իրենց միջից: Սա հերթական անգամ ապացուցում է, որ մարդիկ պատրաստ չեն զրուցի: Ցավում եմ, որ քոլեջը վերջին օրհասական ջղաձգությունների մեջ է: Մինչեւ այդ մարդը չհեռացվի քոլեջից, այս ամենը չի կարգավորվի, եւ ոչ թե իրեն առաջարկեն, որ դիմում գրի դուրս արի, այլ գան, ստուգեն, սխալները գտնեն, եւ, եթե կարելի է,  ուսանողների մոտ կարծիք հարցնեն, թե ինչ է տեղի ունենում մեզ մոտ... Ես հիմա շատ բաներ կզսպեմ, շատ կուզենայի լավ բաներ ասել տնօրենի մասին, բայց... Նոր տարվա մեր ծրագրին տնօրենին պատրաստեցի, որ Ձմեռ պապի դերը խաղա, եւ հատուկ երգ գրեցի, որպեսզի երգի... Բացարձակ ոչ մի բանի դեր չունեցավ, այսինքն` քոլեջում որեւէ մշակութային խնդիր չկա, կա միայն փող աշխատելու ձեւ:
- Բայց տնօրենը նախկին օպերային երգիչ է, ինչպե՞ս չստացվեց ստանձնել Ձմեռ պապի դերը:
- Իսկ ինչո՞ւ է օպերային կրթություն ստացած երգիչն աշխատում որպես  տնօրեն, պարզագույն հարց է, ո՞ւր է իր երգեցողությունը: Գուցե նա շատ լավ երգիչ կլիներ որեւէ երգչախմբում` բաս երգեր, բայց գալիս եմ եզրակացության, որ նա, երեւի թե, դա էլ չի կարողանում անել:

«ՏՆՕՐԵՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏԱՆՈՒՄ ԷՐ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԳԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԸ ԴՆՈՒՄ ԷՐ ԻՐ ԳՐՊԱՆԸ»

- Այսինքն, ստացվում է, որ Ջազ-քոլեջի «գլխին» նորմալ տնօրեն չի գալիս:
- Որովհետեւ տնօրենը գործ ունի գումարների հետ, իսկ գումարն իրենով գայթակղություն է` ոնց անեմ` այս փողը դնեմ ջեբս: Ուսանողը գալիս է քոլեջ` երգելու, բայց նրան երգացնում են պայմանական ձեւերի մեջ` օտարի երաժշտությունը ֆոնոգրամաների տակ երգացնելով, նրան պատրաստելու ռեստորանի համար երգիչ... Ի՞նչ էր նշանակում մեր նախկին տնօրենի քայլերը, երբ ուսանողներին տանում էր` ռեստորաններում երգելու եւ դրամը դնում էր իր գրպանը, թույլատրելի է՞ այսպիսի մարդու վարքը: Ի՞նչ է նշանակում կազմակերպել շեֆական համերգներ` բանակում եւ այլ տեղերում, եւ դրա դիմաց գումար վերցնել, դնել գրպանը ու ուսանողներին ոչինչ չտալ: Այն դեպքում, երբ այդ երեխեքը իրավունք չունեն բեմ դուրս գալու, նրանց մոտ ձայնային հսկայական խնդիրներ կան, որոնք դասի ժամանակ փորձում ենք լուծել ու հանկարծ ինչ-որ մեկը տանում է նրանց օգտագործի, ինչ-որ տեղերում երգացնի եւ փողը դնի իր գրպանը:
- Նախկին տնօրե՞նն էր անում նման բան:
- Նախկինն էլ, հիմա էլ նույն բանը տեղի է ունենում այս մեկի օրոք: Վատ բաները ծաղկում են մարդու միջոցով, լավ բաներն էլ են կառուցվում մարդու միջոցով, միայն մեզ հարկավոր է ճիշտ կողմնորոշվել: Ես դատավորը չեմ, որ մեղադրեմ. ամեն մարդու խիղճը իր դատավորն է, թող ինքն իրեն արդարացնի: Նույնիսկ պայմանավորվածություն ունեմ, որպեսզի մեր ուսանողները քոլեջն ավարտելուց հետո Կոնսերվատորիայում շարունակեն, որովհետեւ եթե բավարարվեց միայն քոլեջի կրթությամբ, վաղն ի՞նչ է լինելու` որեւէ ռեստորանում երգիչ եւ քանի գնա  ցածր երաժշտություն է երգելու եւ հնարավորություն չի ունենալու բացվելու` որպես հերթական անհատ արվեստագետ-ստեղծագործող: Մենք պատասխանատու ենք այդ երեխեքի ճակատագրի համար եւ կոչ եմ անում ապրել այս պատասխանատվությամբ: Ցավում եմ, բայց այսօր մեր երեխեքը նույնպես հիասթափված են... Ինչեւէ, որոշել եմ քոլեջից դուրս գալ, այլեւս չեմ մնա այդ քոլեջում աշխատելու...

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА