ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՊԻԼՅԱՑԻԱՆ ՔԱՂՑԿԵՂ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

19.05.2017 22:30 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԷՊԻԼՅԱՑԻԱՆ ՔԱՂՑԿԵՂ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

- Հարգելի բժիշկ, էպիլյացիան վտանգավո՞ր է կրծքագեղձի առողջության համար:

Հարցին պատասխանում է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, տնօրենի տեղակալ, ուռուցքաբան, մամոլոգ, բ.գ.թ. ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ.

-Մարմնի վրա մազերի քանակը կախված է բազմաթիվ գործոններից` որոշ հիվանդությունների ժամանակ` ժառանգական նախատրամադրվածությունից, էթնիկ պատկանելությունից (հարավային ժողովուրդները ավելի առատ մազածածկ ունեն), հորմոնալ ֆոնից (կանանց մոտ կարող է մարմնի որոշ հատվածներում արագանալ մազի աճման տեմպը, երբ խախտվում է կանացի եւ տղամարդկանց հորմոնների հարաբերակցությունը):
Այսօր անցանկալի մազերից ազատվելը ունի երկու ճանապարհ. դեպիլյացիա` այսինքն մազերի մեխանիկական կամ քիմիական նյութերի ու քսուքների միջոցով հեռացումը: Այս մեթոդը բավականին տրավմատիկ է, ցավոտ եւ ունի կարճաժամկետ էֆեկտ: 
Եվ երկրորդը` էպիլյացիա, այսինքն մազարմատների գործիքային ու ավելի հիմնովին հեռացում: Մեր օրերում էպիլյացիայի ամենատարածված մեթոդներից են էլեկտրաէպիլյացիան, լազերայինը եւ ֆոտոէպիլյացիան: Դրանց հիմքում ընկած է մազարմատի ֆոլիկուլի վնասումը էլեկտրական կամ լուսային ճանապարհով: Վերջերս սկսել են կիրառել նաեւ ուլտրաձայնային մեթոդը: Կան սարքեր, որոնց հիմքում մի քանի մեթոդի համակցումն է:
Ինձ` որպես ուռուցքաբանի, տրվող հարցերի մեծ մասի իմաստն այն է, թե արդյո՞ք այս մեթոդների «ՃԱՌԱԳԱՅԹԸ» քաղցկեղածին չէ: 
Քաղցկեղածին են, այսպես կոչված, իոնիզացնող ճառագայթները, որոնք վնասում են բջջի ԴՆԹ-ն: Էպիլյացիայի որեւէ տեսակ չի պատկանում այդ ճառագայթի տեսակին: Ավելին, ֆոտոէպիլյացիայի եւ լազերային էպիլյացիայի լուսային ճառագայթները չեն հասնում ավելի խորանիստ հյուսվածքներին: Անկախ նրանից այս մեթոդներով էպիլյացիան կատարվում է պտուկի, թե անութափոսի (թեւատակի) շրջանում, առայժմ չկա որեւէ ապացույց էպիլյացիայի եւ քաղցկեղի առաջացման ռիսկի միջեւ:
Միաժամանակ պետք է նշել, որ հետազոտությունները շարունակվում են, քանի որ էպիլյացիայի այս մեթոդները համեմատաբար նոր են կիրառվում:
Սակայն էպիլյացիան ունի բազմաթիվ այլ կողմնակի ազդեցություններ եւ բարդացումներ` մաշկի վնասում, բորբոքում, այրվածքներ, ցավ, ալերգիկ երեւույթներ, մաշկի գույնի փոփոխություն (դեպիգմենտացիա), մաշկի կելոիդ փոփոխություններ եւ այլն: Էպիլյացիայի տարբեր մեթոդները ունեն իրենց ցուցումները եւ հակացուցումները` կախված ուղեկցող հիվանդություններից, մաշկի եւ մազի տեսակից, գույնից: Այդ պատճառով կարեւոր եմ համարում նշել, որ պետք է դիմել բանիմաց բժիշկ-կոսմետոլոգների կամ լիցենզավորված մասնագետների:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА