ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈ՞Ւ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՍՔԱՆ ՇՌԱՅԼ ԴԱՐՁԱՎ

19.05.2017 22:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈ՞Ւ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՍՔԱՆ ՇՌԱՅԼ ԴԱՐՁԱՎ

ԱՄՆ-Թուրքիա այս բավականին հետաքրքիր հարաբերությունների եւ Էրդողանի ամերիկյան այցի ֆոնին մեկ ուշագրավ հանգամանք եւս նկատվեց: Խոսքը նույն՝ Էրդողանի այցի օրը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի արված հայտարարությունն էր, որը քիչ կլիներ միայն անսպասելի կամ սենսացիոն համարելը: Այսպես, դեսպանի խոսքով՝ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի եւ տեխնոլոգիական ուղղվածության բնագավառներում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, եւ իրենք Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու համար Երեւան են հրավիրել ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների: Ընդ որում, դեսպանի խոսքն այն տոնայնությունն ուներ, որ գործը կարելի է գլուխ բերված համարել, միայն թե դրա համար պետք է, որ Հայաստանի իշխանությունները ստեղծեն ներդրումային հավասար պայմաններ: Բայց փոխարենը, դեսպանի խոսքից ելնելով, ենթադրելի է, որ նա առաջարկում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն:
Թե ինչ տնտեսական հաշվարկներից ելնելով է ստացվել այդ  «8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարը», այլ հարց է. միգուցե կան նման հաշվարկներ: Միաժամանակ նկատենք, որ իրոք հայաստանյան չափանիշներով նման խոշորագույն ներդրումը կարող է մեր երկիրը մի շարք առանցքային ուղղություններով դարձնել տարածաշրջանային լիդեր: Եվ վերջապես, արդեն ամերիկյան չափանիշներով` նույն 8 միլիարդը այն փոքր գումարն է, որը եթե, իրոք, ԱՄՆ-ը ցանկանա, կարճ ժամկետում կներդրվի:
Բայց այսքանից հետո՝ շատ ավելի կարեւոր հարցադրում է, թե ինչո՞ւ հանկարծ այդ հաշվարկներն ու ներդրումային առաջարկը հենց այս պահին ներկայացվեց: Առավել եւս, որ դեռ մոտ մեկ ամիս առաջ է, որ նույն՝ ներդրումային հարցերով Վաշինգտոնում էր Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ունեցավ մի շարք հանդիպում-քննարկումներ, սակայն նույնիսկ չակնարկեց նման մեծ ներդրումների հեռանկարի կամ գոնե՝ հնարավորության մասին: Ընդ որում, նախարարը հնչեցրեց հայտարարություն, թե՝ «Օտարերկրյա ներդրումները հենց այնպես չեն գալու քո երկիր, դրա համար դու պետք է աշխատանք տանես»: Եվ դա նույնպես հուշում է, որ քիչ թե շատ լուրջ ամերիկյան ներդրումների հետ կապված հույսեր չկային: Դրանից մի տասը օր առաջ էլ ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը նման տեղեկատվություն ներկայացրեց. «3,2 մլրդ-ի մասին է հայտարարվել, ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են...»: Նախարարի մատնանշած այս թվերը ԱՄՆ դեսպանի 8 միլիարդի հետ որեւէ առնչություն չունեն, այսինքն՝ Ս.Կարայանը եւս գոնե մեկ ամիս առաջ որեւէ տեղեկություն չունե այդ 8 միլիարդանոց հեռանկարների մասին:
Այսպիսով՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը 8 միլիարդ դոլար ներդրումային հեռանկարի հարցը գաղտնի էր ուսումնասիրել, առանց գոնե հայաստանյան երկու պատկան նախարարների տեղեկացման: Այդպես էլ կարող է՝ լինել, բայց` չնչին հավանականությամբ: Նման խոշոր ներդրումային հեռանկարների մասին ուսումնասիրությունները պետք է, որ ծավալուն եւ աշխատատար լինեն: Ավելին, առանց մեր պետական մարմինների առնվազն բազմակողմանի տեղեկատվության, նման ավարտուն հաշվարկներ կատարելը գրեթե անհնար կլիներ: Եվ երկրորդը. հնարավոր է, որ ուսումնասիրությունների մեջ ներառվեն կենկրետ հնարավոր ներդրումային ծրագրեր, որոնք ՀՀ կառավարությունն արդեն իսկ ներառել է իր ներկայացրած ներդրումային փաթեթներում, ավելին` միգուցե, նաեւ ներդրող է գտել: Դե պատկերացրեք, Հայաստան են գալիս դեսպանի ասած ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, նրանց ներկայացվում են հնարավոր ներդրումային ուղղություններ, սակայն պարզվում է, որ այնտեղ արդեն Կառավարության ծրագրերի շրջանակներում ներդրողներ կան:
Չէ, մի բան հաստատ է. 8 միլիարդի ներդրումային հեռանկարն այն լուրջ եւ ծավալուն գործընթացն է, որի նույնիսկ նախնական մտահղացումը պահանջում է բազում համակողմանի քննարկումներ: Մինչդեռ, գոնե մի ամիս առաջ մեր պատկան այրերը, կարծես թե, ոչինչ չգիտեին այդ մասին: Մինչդեռ դեսպանը խոսում է ոչ թե այդ նախնական մտահղացման փուլի, այլ երկրորդ-երրորդ քայլերի՝ ներդրողներ հրավիրելու մասին:
Եվ այս տեսանկյունից, մնում է մտածել այն տարբերակի մասին, որ նման ներդրումների մասին դեսպանի հայտարարությունը կամ չգիտես ինչ հաշվարկներից բխող եւ ուր տանող քաղաքական հայտարարություն է: Կամ էլ, որ դեսպանը իր վերադասից ստացել է Հայաստանին նման առաջարկ անելու հանձնարարական եւ արեց: Այդ դեպքում՝ ինչի՞ դիմաց: Իհարկե, կարելի է ենթադրություններ անել: Սակայն այս պատմությունը, թերեւս, դեռ իր զարգացումը կունենա: Այնպես որ՝ իրադարձություններից դեռ առաջ չընկնենք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА