ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀՄԱՆԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ

19.05.2017 21:45 ԶԱՐԿԵՐԱԿ
ՍԱՀՄԱՆԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Վերջին օրերի ընթացքում արցախա-ադրբեջանական սահմանը լարված է: Նախ՝ Ադրբեջանը սադրիչ հրթիռային հարված հասցրեց հայկական ուժերին: Ապա, ի պատասխան, Պաշտպանության բանակը դիմեց մի քանի անգամ ուժգին պատժիչ պատասխանի: Այս գործողությունները հնարավո՞ր է, որ հանգեցնեն պատերազմի վերսկսման, թե՞ պատասխան ստանալով` Բաքուն խելոք տեղը կնստի: Հարցի շուրջ «Իրավունքը»  զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ.
- Չեմ կարծում, որ այս ամենը կվերածվի ռազմական գործողությունների վերսկսման: Թեեւ այստեղ կա միակ գործոնը, որն անկանխատեսելի է` Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը: Եթե ոչ ադեկվատ որոշումներ ընդունելու հանգամանքը բացառենք ¥ինչը ցավոք չենք կարող անել, որովհետեւ նախկին փորձը այլ բան է ցույց տվել¤, ապա պատերազմը վերսկսելու հիմքեր չեմ տեսնում: Քանի որ հստակ երեւում է, որ Ադրբեջանը չունի բավականաչափ հնարավորություններ՝ իր սկսած պատերազմում հաջողության հասնելու համար: Երկու ամիս առաջ տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն ներթափանցումների փորձը, որը տապալվեց, ցույց տվեց, որ անգամ նրանց հատուկ նշանակության ջոկատայիններն իրապես այդ աստիճան պատրաստված չեն եւ չեն կարող հաջողությամբ գործողություններ վարել հայկական զինված ուժերի դեմ: Սրան զուգահեռ, հաճախ տեսնում ենք ադրբեջանական իշխանությունների, մեղմ ասած, ոչ միանշանակ մոտեցումները եւ այն հանգամանքը, որ նրանց համար իրենց զինվորի կյանքը մեծ արժեք չունի: Բացի այդ, ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար, ադրբեջանան կողմը գնում է նման զոհողությունների: Այսինքն` իր զինծառայողներին ուղարկում է բացահայտ ոչնչացման եւ ձախողման: 
Մանկավարժական համալսարանի Քաղաքագիտության եւ իրավունքի ամբիոնի վարիչ, քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ.
- Պարտադիր չէ, որ սահմանի ամբողջ երկայնքով թշնամին հարձակվի, ու նոր ասենք՝ պատերազմ է: Այն, ինչ տեղի է ունենում, դա էլ է պատերազմ: Սա տարբեր զինատեսակների ցուցադրման քաղաքականություն է` ատրճանակ, ավտոմատ, ինքնակառավարվող հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ այլն: Հայկական կողմը դեռ առաջնորդվում է հին սովորությամբ` թշնամին խփի, հետո մենք բողոքենք, ապա՝ խփենք կա՛մ չխփենք: Իհարկե, այս ամենը լայնածավալ ռազմական գործողությունների չի վերածվի, սա կոչվում է հյուծող, ռեսուրսի ոչնչացման պատերազմ. թշնամին այս ամենով ցանկանում է աստիճանաբար ոչնչացնել մեր ռեսուրսները:
Ռազմական վերլուծաբան ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆ.
- Համարժեք պատասխանը պատերազմը եւ հակառակորդի ախորժակը զսպելու համար է: Մեր իրավիճակում, ունենալով Ադրբեջանի նման ագրեսիվ, միջազգային նորմերից շատ հեռու հակառակորդ, պետք է հասկանանք, որ ցանկացած պահի, ցանկացած իրադարձություն Ադրբեջանի համար կարող է պատերազմի պատրվակ դառնալ: Ընդ որում, պարտադիր չէ, որ ենթադրյալ իրադարձությունը որեւէ կապ ունենա Հայաստանի հետ: Ադրբեջանն իր ներքին խնդիրները հաճախ փորձում է լուծել` Հայաստանի հետ իր հարաբերությունները սրելով: Օրինակ՝ վերջին օրերին Ադրբեջանը ամենախոշոր պետական բանկերից մեկի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ. բանկը սնանկացավ եւ դարձավ անվճարունակ: Եվ բնական է, որ այդ երկիրը կփորձի միջազգային հանրության ուշադրությունը շեղել այդ  իրադարձությունից՝ դեպի առաջնագիծ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА