ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կային ուժեր, որոնք ձեւի համար ինչ-որ նախագծերի դեմ էին քվեարկում, որ ասեն` մթոմ ընդդիմություն են»

19.05.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կային ուժեր, որոնք ձեւի համար  ինչ-որ նախագծերի դեմ էին քվեարկում, որ ասեն` մթոմ ընդդիմություն են»

ԱԺ նորընտիր գումարման աշխատանքները մեկնարկեցին, առանց «Ելք» դաշինքի պատգամավորների: Վերջիններս ներկա չէին ո՛չ Ամենայն հայոց կաթողիկոսի, ո՛չ ՀՀ նախագահի ելույթի ժամանակ, եւ ո՛չ էլ պատգամավորների երդմնակալության արարողությանը: Եվ միայն այդ ամենից հետո հայտնվեցին նիստերի դահլիճում ու անցան օրենսդրական աշխատանքի` այդպես էլ երդում չտալով, որ կաշխատեն բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները, կպահպանեն ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, կնպաստեն ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, կանեն ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար: Այս վարքագծի եւ իրենց որդեգրած քաղաքականության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ:

«ԵԼՔ»-Ը ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՆԱԵՎ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ՞ ԴԵՄ 

–Պարոն Միքայելյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր դաշինքի բոլոր պատգամավորների բոյկոտը` խորհրդարանական աշխատանքների մեկնարկի ժամանակ:

– Ես դա բոյկոտ չէի անվանի, այլ մեր չմասնակցելը, հատկապես, եթե վերցնենք իմ կողմից, գալիս է 2012 թվականի ընտրություններից մինչեւ այսօրվա ընտրությունները: Մեր իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի նորմալ ընտրություն չկայանա Հայաստանի Հանրապետությունում...

– Եթե նիստին չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ համարում եք ընտրությունները նորմալ չեն կայացել, ապա ինչո՞ւ վերցրիք խորհրդարանական եւ Երեւանի ավագանու Ձեր դաշինքի հասանելիք մանդատները:

– Մեզ իր ձայնն է տվել ժողովուրդը, եւ նախընտրական քարոզարշավի ժամնանակ ասել ենք, որ պաշտպանելու ենք մեր ծրագրերն այն չափով, ինչ չափով մեզ հնարավորություն կտան: Հետեւաբար, եթե մենք այսօր մանդատ չվերցնեինք, սխալ կլիներ: Իսկ մեր չմասնակցելը էլի եմ կրկնում` բոյկոտ չեմ համարում, այլ պայքար, որի ընթացքում այս երկրում կարգուկանոն կձեւավորվի: 

– Արարողությանը բացի իշխանություններից եւ երկրի գերագույն հրամանատարից, ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու Ամենայն հայոց կաթողիկոսը: Նրանց դե՞մ էլ էիք պայքարում ու չե՞ք կարծում, որ սա վիրավորական վարքագիծ էր նաեւ նրանց հանդեպ:

– Ո՞ւմ համար... Ես իմ երկրի հոգսերով եմ զբաղված, ոչ թե` ուրիշ երկրի... Բնական է, դիվանագիտական հարաբերություններ կան, բայց դե, որ չենք մասնակցել, արդեն ասացի` ինչի համար, էլ չեմ ուզում անդրադառնալ:

«ՃԻՇՏ ԿԼԻՆԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵՍ»

–Որպես փորձառու քաղաքական գործիչ` ի՞նչ դիրքերից եք հանդես գալու խորհրդարանում` կառուցողակա՞ն, թե՞ ամենաընդդիմադիր:

– Անձամբ եթե ինձ եք հարցնում, եթե նորմալ դաշտ ձեւավորվի Ազգային ժողովում, ճիշտ կլինի կառուցողական ընդդիմություն լինես: Այս տարիների ընթացքում կային ուժեր, որոնք  ձեւի համար ինչ-որ նախագծերի դեմ էին քվեարկում, մթոմ ընդդիմություն են: Մինչդեռ ես կգերադասեի, որ երբ նորմալ նախագիծ է ներկայացվում ինչ-որ ուժի կողմից, բնական է, կառուցողական ընդդիմություն լինելով` պետք է ճիշտ քո մոտեցումը ցուցաբերես:

– Այս առումով Ծառուկյան դաշինքը Ձեզ համար իրակա՞ն ընդդիմություն է:

– Դա հարցրեք իրենց, ժամանակի ընթացքում նրանց աշխատանքը ցույց կտա:

– Եվ վերջին հարց. առաջիկայում սպասվում է Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, քանի որ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարական տվեց եւ անցավ խորհրդարանական աշխատանքի: Արդյո՞ք «Ելք» դաշինքն այս ընտրություններին եւս կմասնակցի` իր թեկնածուով:

– Այսօր եմ լսեմ այդ մասին, ոչինչ չեմ կարող ասել այդ առնչությամբ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА