ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծառուկյան դաշինքում դեռ չպարզաբանված հարցեր կան

19.05.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ծառուկյան դաշինքում  դեռ չպարզաբանված հարցեր կան

ԱԺ վեցերորդ գումարման աշխատանքների մեկնարկի նախօրեին Ծառուկյան դաշինքի խորհրդարանական խմբակցությունը հայտնի «Կանյաչնիում» նիստ էր անցկացրել եւ քննարկել կատարած աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու անելիքները: Այդ թվում` դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձել էր այն ութ պատգամավորներին, որոնց ինքնաբացարկի դիմումները թեպետ հայտնվել էին ԿԸՀ-ում, բայց նրանք չեղարկեցին եւ վերականգնեցին իրենց պատգամավոր լինելու իրավունքը: Ըստ Գ. Ծառուկյանի` իր համար, պարզապես, հետաքրքիր էր իմանալ` «ինչ են ասում, ով է բզզբզում», իսկ մի շարք ԲՀԿ-ականներ հանդես եկան ելույթով եւ խնդրեցին առաջնորդին` գործընկերներին «ներում շնորհել»: Թե, ի վերջո, այսօր մնացե՞լ են դեռ չպարզաբանված հարցեր Ծառուկյան դաշինքում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ Ծառուկյան դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆԻՑ:

–Դեռ որոշակի հարցեր կան, բայց Գագիկ Ծառուկյանը կլուծի դրանք:

– Պարոն Ազիզյան, իսկ դաշինքից պատգամավորական մանդատներ վայր դնողներ կլինե՞ն, թե` ոչ:

– Չեմ կարող ասել, չգիտեմ:

– Երեկ «Ելք» դաշինքը եւս ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց, ինչո՞վ էր պայմանավորված, որ խորհրդարանի թիվ երկրորդ ուժը նույնպես չգնաց այդ ճանապարհով:

– Մի բանը, որ ի սկզբանե գիտես` չի լինելու, իմաստ չունի: Մեծամասնությունից պետք է լինի Ազգային ժողովի նախագահը, եւ սա բնական գործընթաց է: Մենք էլ Ազգային ժողովի նախագահի տեղակալ ենք ունենալու:

– Ի դեպ, որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ընդունելի՞ է Ձեզ համար` երդմնակալության արարողությանը չմասնակցելու «Ելք» դաշինքի պատգամավորների բոյկոտը:

– Չեմ կարծում, երդումն իրենք իրենց եւ ժողովրդի համար են տալիս, որ իրենց վերցրած բոլոր պարտականությունները կատարելու են: Հետեւաբար, չերդվելն ի՞նչ է տալիս, հո ինչ-որ մեկի համար չե՞ս երդվում: Դրա համար ճիշտը մասնակցելն էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА